Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օվկիանոսից այն կողմ ապրող հայրենակցուհին ասում էր՝ Վաչագանի խաչքարի շուրջը  բարեկարգել է պետք

Նոյեմբեր 07,2022 00:05

Հարուստդ՝ աղքատ, աղքատդ՝ համրանքից դուրս և նորից՝ հարուստդ՝ աղքատ,  իր որովայնն իրեն ազգ ու հայրենիք, իր ապարանքները, փալաս- փուլուսն ու շողշողուն զարդերը՝ հոգու խունացած անկյունները շպարող  (եթե կուզեք՝  նաև մարդկային բանականության դեմ) հաղթական կռվան:

Մենք չհորինեցինք, այսպես եկել են՝ անմշակույթ, անդեմ, վաշխառուի ինքնագոհ վարքով, պատմությանդ եղած-չեղածը հեգնական հայացքով չափչփելով և միայն իրենց լսելի մրմունջով՝ էդ անցյալի բեռն առնենք ի՞նչ անենք, ո՞ւմ վրա ենք ծախելու:  Աշխարհի առաջ ցուցանք դառած գնում ենք՝ զավեշտախաղի ինքնաբավ հաճությամբ:

Սրանք էլ եկան, թե՝ «դուխով», «ապագա կա»:

Սրանք էլ եկան, թե՝ «Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով»:

Թե՝  «կոպեկ-կոպեկ… վերադարձնելու ենք ձեզանից թալանվածը»:

Թե՝…

Կիսաքաղց ժողովուրդ էր՝ հավատաց:

Եվ մեր միջի քաջերն իրենց արյամբ պիտի լվանային՝ խաբեության, ստի, ավերիչ ընթացքը:

Վաչագանին նվիրված խաչքարին ծաղիկներ խոնարհելով` չէինք էլ նկատում շուրջը եղած անհարթությունները: Արցունք կուլ տալով գնում ես՝ մարդկային օտարումներին հաշտված, մշակութային կենսավետ արժեքները շրջանցած՝ չապրելու Աստծուց քեզ տրված ժամանակը: Համացանցում ինձ հղված գրառումն, իսկապես անակնկալ էր: Օվկիանոսից այն կողմ ապրող հայրենակցուհին ասում էր. նկատել եմ, որ Վաչագանի խաչքարի շուրջը  բարեկարգել է պետք, և ես դա կկազմակերպեմ: Հետո, երբ մոտենում էր Հերոսի 30-ամյակը, և Գրողների տան Մեծ դահլիճում  Հայոց տաղանդների կողմից նախապատրաստվում էր Նրան արժանի հանդիսություն, հանկարծ նույն հայրենակցուհին ինձ ՖԲ-ի նամականիով գրեց՝ ես կհոգամ, որ սեղանային հատվածն էլ Հերոսին վայել շքեղ կազմակերպեք:

Ավելի ուշ, ինձ արդեն հարազատ դարձած հայուհին, զինվոր ներկայացող մի տղամարդու լուսանկարներ ուղարկելով խնդրեց պարզել, թե իսկապե՞ս այդ լքված և ավերակված վիճակում է, որպեսզի հոգա վիրահատական ծախսերը:

Հետո, ավելի ուշ իմացա, որ շատ ծանոթների և օտարների է օգնել՝ այլևայլ խնդիրներ լուծելով: Նա իր անդուլ աշխատանքով է ստեղծել իր ունեցածը և միլիոնների կարողություններ չունենալով, պարզապես, իր ազգին և Հայրենիքին բացառիկ նվիրյալներից է, ով անտարբեր և անհաղորդ լինել չի կարող նրանց կյանքի այսօրվա դժվար ընթացքին:

Մեր այդ զարմանալի հայրենակիցը Լոս Անջելեսում բնակվող Ռիտա Միրզախանյանն է, ով երբեք չի խոսում բարեգործություններից, ում եղբայրը արցախյան առաջին պատերազմի հերոսներից է, ով շատերի պես ստեղծագործական իր ճանապարհն է փորձել հարթել, բայց չընդհատվող փորձություններն, ի վերջո, նրան հասցրել են Միացյալ Նահանգներ:

Հիմա ինքն էլ առողջական խնդիրներ ունի և անանձնական ուրախություններով ապրողների պես ՝ իր բուժումներին ամենավերջում է անդրադառնալու:

Որքան էլ անհամաձայնություն ունենա իմ այս հրապարակման հետ, միևնույնն է, ասելու եմ՝ մենք երախտապարտ ենք քեզ, սիրելի Ռիտա Միրզախանյան և ասում ենք՝ եղիր առողջ, ապրիր երկար, եւ կեղծ բարերարները թող ճանաչեն իսկական բարեգործին:

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լուսանկարը՝ Հետքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930