Եթե ձեզ մոտ ախտորոշվել է երկաթդեֆիցիտային անեմիա, ապա բժիշկն առաջին հերթին կփորձի պարզել սակավարյունության առաջացման պատճառներն ու բարդության աստիճանը, այնուհետև կնշանակի համապատասխան բուժում։
Օրգանիզմում երկաթի մակարդակը բարձրացնելու ամենաարագ եղանակը երկաթ պարունակող հաբերի պերօրալ ընդունումը կամ վիտամին C-ի հետ միասին ներերակային ներարկումներ ստանալն է, ծանր դեպքերում՝ արյան փոխներարկումը, սակայն արյան անալիզի տվյալներից ելնելով՝ բժիշկը կարող է խորհուրդ տալ մթերքներ, որոնք հարուստ են երկաթով ու վիտամին С-ով՝ երկաթ պարունակող հավելումներ նշանակելու փոխարեն։
Նշենք, որ երկաթն անհրաժեշտ է արյան կարմիր բջիջներում՝ էրիթրոցիտներում հեմոգլոբինի արտադրության համար, իսկ հեմոգլոբինն անհրաժեշտ է էրիթրոցիտներին օրգաններին ու հյուսվածքներին թթվածին հասցնելու համար։ Ինչպես հայտնի է, թթվածնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմի բազնաթիվ գործընթացների վրա, այս դեպքում այն կարող է հանգեցնել հոգնածության ու դժվարաշնչության, հևոցի առաջացման։
Որ մթերքներն են նպաստում օրգանիզմում երկաթի մակարդակի բարձրացմանը
Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ բազմազան, համակարգված սննդակարգը կարևոր է ցանկացած տեսակի պակասորդից խուսափելու համար։
Կարդացեք նաև
Երկաթպակասորդային սակավարյունության դեպքում հատկապես օգտակար են այն մթերքները, որոնք հարուստ են երկաթով, С, В12 վիտամիններով ու ֆոլաթթվով։
Երկաթի աղբյուր են համարվում՝
- սպանախը,
- ջրկոտեմը,
- կալե կաղամբը,
- չամիչը,
- ծիրանը,
- սալորաչիրը,
- միսը,
- հավի միսը և այլն։
Վիտամին С-ի աղբյուր են՝
- ցիտրուսայինները,
- կիվին,
- ելակը,
- սալորը,
- լոլիկը և այլն։
Վիտամին B12-ի աղբյուր են՝
- միսը,
- հավի միսը,
- ձկնեղենը,
- ձուն,
- ամբողջահատիկ հացը, բրինձը, ձավարեղենը։
Ֆոլաթթվի աղբյուր են՝
- կանաչ բանջարեղենը՝ բրոկոլի, սպանախ, ծնեբեկ, ոլոռ և այլն,
- տավարի լյարդ,
- բանան,
- ցիտրուսայիններ,
- ավոկադո և այլն։
Որոնք ենք երկաթպակասորդային սակավարյունության պատճառները
– Արյան կորուստ, որը կարող է պայմանավորված լինել.
- ծանր իրավիճակներով,
- պեպտիկ խոցի առկայությամբ (ստամոքսի, 12-մատյա աղիքի լորձաթաղանթի կամ կերակրափողի ստորին հատվածի ներքին թաղանթի արատ),
- ստոծանիական ճողվածքով,
- հաստ աղիքի պոլիպներով,
- կոլոռեկտալ քաղցկեղով:
– Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների կանոնավոր օգտագործումը՝ առանց դեղատոմսի:
– Սննդակարգում երկաթի անբավարարությունը:
– Երկաթի յուրացման հետ կապված դժվարությունները՝ պայմանավորված աղիքային խանգարումներով կամ վիրաբուժական միջամտությամբ, որի ժամանակ տեղի է ունենում աղիքի որոշակի հատվածի հեռացում։ Սննդից երկաթի ներծծումը սկզբից տեղի է ունեում բարակ աղիքում, այնուհետև ներթափանցում է արյան մեջ։ Այդ գործընթացին կարող է խանգարել աղիքային խանգարումը, ինչպիսին ցելիակիան է (հիվանդություն, որի պատճառը գլյուտենի հանդեպ զգայունակությունն է)։ Աղիքի որոշակի հատվածի վիրաբուժական հեռացումը նույնպես նվազեցնում է բավարար քանակով երկաթ յուրացնելու հնարավորությունը։
– Երկաթի առավել չափով «պահանջարկի» շրջանները, ինչպիսիք են հղիությունն ու կրծքով կերակրումը, նույնպես կարող են նպաստել երկաթի դեֆիցիտի զարգացմանը։ Ծննդաբերության ժամանակ առաջացած արյունահոսությունը նույնպես կարող է երկաթդեֆիցիտային անեմիայի պատճառ դառնալ։
Ովքեր են երկաթդեֆիցիտային անեմիայի զարգացման ռիսկի խմբում
Կանայք. կանայք երկաթ են կորցնում դաշտանի, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրման ժամակաշրջանում:
Նորածիններ. Վաղաժամ ծնված նորածինները և նորածինները, որոնք բավարար չափով երկաթ չեն ստանում կրծքի կաթից:
Բուսակերներ. Բուսակերները կարող են ունենալ երկաթի անբավարար մակարդակ, եթե այն բավարար քանակությամբ չստանան ոչ կենդանական ծագման սննդի այլ աղբյուրներից:
Արյան դոնորներ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ