Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Սարաջևի 145-ամյակը հարազատ կոնսերվատորիայում

Նոյեմբեր 06,2022 23:59

Հայաստանի կառուցման 1930–1950-ական թվականներին չկար երաժշտական կուլտուրայի մի բնագավառ, ուր հանդես չգար մեծանուն դիրիժոր ու այդ տարիների ԵՊԿ ռեկտոր Կոնստանտին Սարաջևի եռանդուն մասնակցությունը: Այսօր նրա անունն է կրում կոնսերվատորիայի գրադարանը և Ուսանողական սիմֆոնիկ նվագախումբը։ Հայտնի է, որ 1935 թվականից Կ. Սարաջևի կյանքի վերջին 19 տարիներն անցել են Երևանում: Իր հեղինակավոր ներկայությամբ ու հնարավորությամբ բոլորովին նոր որակ էր բերում Մոսկովյան, Լայպցիգյան կրթական հեղինակավոր դարբնոցներով անցած երաժիշտը, Մոսկվայում կազմակերպած Բրամսյան ու Ժամանակակից երաժշտության խմբակների գործուն անդամը, Սոկոլնիկիի ամառային հասարակական համերգների ու Մարջանովի նորաստեղծ «Ազատ թատրոն»-ի գլխավոր դիրիժորը, Սարատովի, Սևաստոպոլի, Մոսկվայի կոնսերվատորիաներում դասավանդած մանկավարժը, Մոսկվային կոնսերվատորիայում դիրիժորական դասարանի հիմնադիրը, Երևանի կոնսերվատորիայի ռեկտորն ու հայրենական օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը։

Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 3-ին իրականացրին հայ մեծանուն դիրիժոր և մանկավարժ Կոնստանտին Սարաջևի 145-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովը՝ «Սարաջևյան ընթերցումներ» խորագրով։ Այդ օրը, նույն կոնսերվատորիայում բացվեց նաև «Կոնստանտին Սարաջև-145» ժամանակավոր ցուցադրությունը՝ ներկայացնելով կարևոր արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և այլն։

Բացման խոսքում ԵՊԿ գիտական գծով պրոռեկտոր արվ․ թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանը կարևորեց թանգարանի հետ մասնագիտական երկարամյա համագործակցությունը, ընդգծեց՝ որ հատկապես երաժշտագետները միշտ կապված են Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի կյանքին և այսօր էլ, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, համատեղ ուժերով իրականություն դարձրին այս կերպ նշելու մեծ հայի հոբելյանը։

Գիտաժողովին ներկա Ե․ Չարենցի անվան ԳԱԹ տնօրեն Վահագն Սարգսյանը բարձր գնահատեց Կ․ Սարաջևի ներդումը․ «Մենք ապրում ու շնչում ենք համաշխարհային մեծության մարդու անսահմանությամբ։ Նրա կերպարը հոգեհարազատ է ԳԱԹ-ի համար, մեծ է նրա բարեկամությունը հայ գործիչների հետ»։

ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը՝ շեշտեց, որ Կ․ Սարաջևը ազգային ոսկե պաշարի կարևոր հիմնաքարերից է և, երբ այսօր կոնսերվատորիայի հիմնանորոգման շրջանում թերթում ենք նրա կենսագրությունը, այնտեղից ոգևորության նոր լիցքերով ենք սնվում, ապրում ու զգում մշակութային հիշողությունը։ Նորոգումները գաղափարական, ֆիզիկական են և ամենը ոգևորության աղբյուր է։ Թերթում ու տեսնում ենք բեթհովենյան 9 սիմֆոնիաների առաջին կատարողին, ժամանակակից երաժշտությունը ջերմեռանդությամբ հնչեցնողին, ժողովրդական կոնսերվատորիայի հիմնադրին և ընդհանրապես առաջին, մեկնարկային գործողություններ իրականացնողին։ Շարունակելով զուգահեռների տրամաբանությունը՝ Ս․ Հովհաննիսյանն ասաց․ «Հաստատվում է ևս մեկ ճշմարտություն, որ մեկ մարդը շատ բան է ստեղծում։ Ներկան միշտ գնահատվում է հետին թվով, այն կարևորում ենք միայն անցնելուց հետո։ Թանկ է մեր նախորդների հետ շփումը և պետք է հասկանանք նրա ներկայությունը այսօրվա կյանքի մեջ զգալու կարևորությունը»։

ԵՊԿ 4-րդ հարկում բացված ժամանակավոր ցուցադրության դիզայները՝ Քրիստինե Սարգսյանն է, իսկ ցուցադրության հեղինակը՝ ԳԱԹ երաժշտական բաժնի վարիչ Ցողիկ Բեքարյանը, ով հայտնեց, որ մեծ երաժշտի մեծ կյանքը հարուստ է եղել բարձրաձայնելու արժանի դրվագներով: Նշեց, որ արխիվում եղած հարուստ նյութից Կ․ Սարաջևի նման գործչի մասին դժվար էր լուծում տալ ընդամենը չորս վահանակի սահմաններում։ «Սարաջևյան  ընթերցումներ»-ի ցուցադրությունը դիզայները և հեղինակը ներկայացրել են հոբելյարի կյանքի ու գործունեության կարևոր փուլերով։

20-րդ դարի՝ պատմական նոր դարաշրջանի գործիչ, խորհրդային նորագույն դիրիժորական արվեստը կերտող ու դպրոց ստեղծած մանկավարժ, մեր կոնսերվատորիային առաջինը պրոֆեսիոնալ ամուր դիրքերում հաստատող ռեկտորի կերպարի ու գործի ներկայությունը առավելագույնս տեսանելի է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հատկապես մեր «Ալմա մատեր»-ի մեծագույն գանձարանում՝  Կ․ Սարաջևի անվան Գրադարանում, որի հիմնարար սյունը և պսակն է կազմում մեծ հայի անձնական գրադարանն՝ իր ձեռքով ու գործուն մասնակցությամբ նվիրատվությունը:

Նոտաների այդ հավաքածուն, որը, ըստ Կ. Սարաջևի, գնահատվել է 20-30 հազար ռուբլի՝ ոսկով, արժանի ճանաչում ուներ ԽՍՀՄ երաժշտական աշխարհում՝ ինչպես հավաքածուն բովանդակող պարտիտուրների, կլավիրների ու նվագախմբային նյութերի ծավալով ու բազմազանությամբ, այնպես էլ այդտեղ առկա մեծ թվով շատ կարևոր օրինակներով, որոնք բիբլիոգրաֆիկ հազվագյուտ նմուշներ են, ինչպես սեփական ձեռքով կատարված ձեռագրեր, այնպես էլ՝ կոմպոզիտորների ինքնագրեր: Այս գրադարանը նվիրաբերելով Երևանյան կոնսերվատորիային, նա նպատակ ուներ Հայաստանում ստեղծել ֆունդամենտալ նոտային գրադարան, ինչից հայ երաժիշտերն այն տարիներին (1930-ականների վերջը) բացարձակ զրկված էին:

Կ․Սարաջևը 22 տարեկանից կարողացավ հավաքել նոտաների մի հազվագյուտ գրադարան, որի մյուս մասը նույնպիսի հիմք է դարձել Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Կ. Սարաջևի անունը կրող գրադարանի ձևավորման համար:

Ծովինար Մովսիսյանն իր զեկուցման մեջ անդրադառնալով ԵՊԿ Կ․ Սարաջևի անվան գրադարանի այսօրվա աշխատակիցներին և շենքում սկսված հիմնանորոգման ամբողջ նախապատրաստական ընթացքին, նշեց, որ, նրանց առօրյա ծառայությունը չի չափվում ոչ մի միավորով։ Դրա միակ բացատրությունը, որ Վարվառա Հովհաննիսյանի ղեկավարած անձնակազմն իր կյանքը չի պատկերացնում առանց գրադարանի ամենօրյա աշխատանքի։

Գիտաժողովին ելույթ ունեցած բանախոսներն էին՝ ԵՊԿ Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվ․ թեկնածու Լուսինե Սահակյանը, նույն ամբիոնի դոցենտ, արվ․ թեկնածու Նարինե Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ ԱԻ ավագ գիտաշխատող, արվ․ թեկնածու, դոց․ Մարիաննա Տիգրանյանը, ՀՀ ԳԱԱ ԱԻ գիտաշխատող Արուսյակ Պետրոսյանը, «Երաժշտական Հայաստան» ամսագրի խմբագիր Գոհար Շագոյանը։ Զեկուցումների միջով տարբեր դիտանկյուններից ներկայացվեցին Կ․ Սարաջևի կյանքը, գործունեությունը, ընտանիքը, դիրիժորական դպրոցն ու նրա հիշատակին առնչվող վկայությունները։ Նիստը եզրափակվեց Նվագախմբային ֆակուլտետի դեկան, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի մի քանի հիշողություններով։

«Սարաջևյան ընթերցումներ» գիտաժողովի կազմակերպիչների որոշմամբ ժամանակավոր ցուցադրությունն իր վերջնական հանգրվանը կգտնի այս տարի 70-ամյա հոբելյանը նշող Կ․ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում։

 

Երևանի Կոմիտասի ավան պետական կոնսերվատորիայի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930