Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջ, պատերազմը վերջացավ». պատերազմի ավարտը՝ հիշողություններով 

Նոյեմբեր 06,2022 23:48

«Դաժան էր շատ, խելագարվելու չափ դաժան», «Պատերազմի ավարտը շատ ավելի ծանր էր, քան սկիզբը…», «Ցանցերից մեկը որ չէինք ավարտել, էդպես էլ կիսատ մնաց…»։ 44-օրյա պատերազմից անցել է ուղիղ երկու տարի, պատերազմը  ամեն մեկի մոտ յուրովի է տպավորվել, յուրովի ազդեցություն ու հիշողություններ թողել։

«Լուսադեմ էր, մոտ ժամը 4-ը կամ 5-ը, խրամատի մեջ էինք, մեր լեյտենանտը եկավ ինձ կանչեց, ասեց՝ երկու նորություն ունեմ։ Գնացինք նստեցինք կրակի մոտ, ասեց՝ «մի խոսքով, վերջ, պատերազմը վերջացավ, համաձայնագիր են ստորագրել»։ Հարցրեցի՝ ո՞րն էր մյուս՝ վատ  նորությունը, ասեց՝ որ էն հողերը, որտեղ մենք կռվել էինք, զոհեր էինք տվել, մնացել են Ադրբեջանին։ Մի պահ լռություն էր, չգիտեի՝ ինչ ասեի, մտածեցի, որ  «լավ ա, էլ կռիվ չի լինի, մենք էլ չենք զոհվի», թե մտածեի, որ մեր ընկերները մնացին էն մասում։ 

Մինչև վերջին օրը մենք մեր հույսը չենք կորցրել, մտածում էինք ՝ կռվելով հետ կգնանք, կապ չունի, թե քանի հոգի ենք մնացել։ Դաժան էր շատ, խելագարվելու չափ դաժան, որ մինչև սնարյադը հասնում էր, սեփական կյանքդ մի քանի վայրկյանում աչքիդ առաջ էր գալիս։

Էս պատերազմից հետո հասկացող մարդու մոտ եթե ապրելու մեծ ցանկությունը չլինի, հաստատ կգժվի»։ 

Գոռ Վարդանյան, պատերազմի մասնակից, N զորամասի զինծառայող

«Պատերազմի ավարտը շատ ավելի ծանր էր քան սկիզբը… Պատերազմի ընթացքում մեզ տրված տեղեկությունները հիմնականում լրիվ չէին արտահայտում իրականությունը, ու պատերազմի ավարտը  շատ անսպասելի էր։ Ես ամբողջ ընթացքում մտածում էի, որ մենք հաղթելու ենք։ 

Ո՞նց եմ հիշում ավարտը… Մենք այդ օրը օնլայն դասի էինք, ես արթնացել էի ու միանգամից միացել դասին, մի քանի հոգով էինք։ Դասախոսը ասաց, որ ի վիճակի չէ դասը շարունակելու, հետո երեխեքից մի քանիսն էլ դուրս եկան։ Ես հասկացա որ մի բան կատարվել էր, սկսեցի լուրերը կարդալ ու հիմա չեմ ուզում հիշել, թե ինչ զգացողություն ունեցա։ Առաջինը հիշեցի իմ կորցրած ընկերներին, հարազատներին, մյուս տղերքին։ Ու ամբողջ ընթացքում բոլորս հույսով սպասում էինք, որ վերջում լավ կլինի, որ տղերքի զոհվելը իզուր չէր ու իրենց արածի արդյունքը պարտությունը չէր, իրենց արածը հաղթանակից ավելի էր։ Պատերազմի ավարտից հետո հոգեբանորեն վերականգնվելը շատ ծանր էր, ու հիմա էլ պատերազմի թողած վերքերը շատերիս մոտ չեն սպիանում։ Պատերազմի ընթացքում կորցրի ամենթանկ ընկերոջս ՝ Հովիկին, ում հետ մանկության ամենագեղեցիկ օրերն եմ ունեցել, մտածում էի ժամանակի ընթացքում ցավը կմեղմանա, բայց չէ…

Անմոռանալի ու հեքիաթային օրեր եմ ունեցել հորաքրոջս ավագ թոռան՝ Լեռնիկի հետ, միասին գնացինք մանկապարտեզ, անգամ մեր մահճակալներն էին իրար մոտ, միասին նույն ամանից էինք հաց ուտում։ Հետո գնացիք դպրոց, պարի խմբակ… Ամեն տեղ իրար հետ էինք։ Ուրախ եմ որ ունեցել եմ իրենց, հպարտ եմ, որ ճանաչել եմ, շատ կուզեի էսպես չլիներ, քանի որ  թիկունքս ամուր պահողները իրենք էին, մի տեսակ կիսատ եմ ինձ զգում»։    

Օֆելյա Հովհաննիսյան, ԵՊՀ ուսանողուհի. ընկերոջ՝ Հովիկի և եղբոր՝ Լեռնիկի հետ

«Նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան զանգ ստացա, մեր հարազատներից էր։ Պատասախանեցի ու երանի պատասխանած չլինեի, ամեն օրվա նման արթնացած լինեի այն հույսով որ վե՛րջ, պատերազմը լռել է, ամեն բան նորից խաղաղ է։ Երբ խոսափողից այն կողմ լսեցի «Բա իմացա՞ր, Ղարաբաղը էլ մերը չի» նախադասությունը՝ բառացի այսպես, թվաց, թե  կյանք  սկիզբն ու ավարտը այդ 30 վայրկյանի կամ մեկ նախադասության մեջ էր։ Աներևակայելի էմոցիաներ էին։ Ցավ, վիշտ, կորուստ…

Այնպիսի անզորության զգացում էր, ասես թևերդ կտրել էին ճախրանքի ճիշտ պահին ու ստիպում էին ամեն գնով թռչել։ Նույնն էր, ինչ կորցնես ամենաթանկն ու ամենակարևորը, բայց շարունակես նույն տեմպով ապրել, ասես ոչինչ էլ չի եղել։ Մի կերպ ինքս ինձ համոզելով վեր կացա, պատրաստվեցի ու գնացի եկեղեցի։ Եկեղեցում Տիրոջից խնդրեցի խաղաղություն ու որ նա պահպանի այն, ինչ որ մնացել էր։ Ու գիտեք, ցավս ամենաշատը նրանում է, որ երկնային  հրեշտակների թիվը շատացավ…  Հավատացե՛ք, մեկ օրվա մեջ հազար վարկած լսեցի, է՛լ ծախել, է՛լ նվիրել, բայց ինձ համար կար մի իրականություն, կորցրած հայրենիքի դառը իրականությունը՝ անդառնալի իրականությունը։ Ու մինչև այսօր, հավատացե՛ք, ուշքի չեմ եկել, իսկ թե այդ օրը ոնց լուսացրեցի, ուղղակի ասել չեմ կարող, որովհետև ինքս էլ չգիտեմ։  Անզորությունից ուզում էի լացել, մտածում էի՝ երանի օրացույցի վրայից վերանային սեպտեմբերի 27-ը ու նոյեմբերի 9-ը»։

Շողիկ Հակոբյան, ավագ դպրոցի աշակերտուհի

Պատերազմի ողջ ընթացքում կամավորական աշխատանք կատարած Գայանեն էլ պատմում է. «Սեպտեմբերի 28-ից  սկսած մինչև պատերազմի ավարտի լուրը իմանալու պահը մենք զբաղված էինք Արցախից եկած ընտանիքներին օգնելով, զինվորների համար անհրաժեշտ իրեր հավաքելով, տեսակավորելով։ Չարենցավան քաղաքի արվեստի դպրոցի չօգտագործվող սենյակը մեզ համար արագ արձագանքման կենտրոն էինք դարձրել, բաժանել սենյակների, ու ամեն խումբ մի գործով էր զբաղված։ Մոտ 40 հոգի էինք։ Պատերազմի արդեն վերջին շաբաթն էր, շատերս հիվանդացել էինք, քանի որ տարածքը ցուրտ էր, երբեմն էլ դրսում էինք մեր աշխատանքը անում։ Օրինակ քողարկիչ ցանցերի համար երբ ներսում էլ տեղ չկար, դրսում էինք գործում։ Պատերազմի ավարտից մի քանի օր առաջ մեր աշխատանքների համակարգողը ժողով էր հրավիրել, կարևոր ասելիք կար, պարզվեց, որ մեր ընկերներից շատերը զոհվել էին… Լուրը բնականաբար կոտրել էր մեզ, բայց լավ ավարտի հույսը օգնում էր, որ աշխատենք։ 

Նոյեմբերի 10-ի առավոտյան նորից ժողով ունեինք, զգում էի, որ էլի մի վատ բան էր եղել։ Լավ էր, որ պատերազմը վերջացել էր, բայց պայմանները… Էնպիսի զգացողություն էր, որ թևերդ կտրել են։ Մեր հույսերը, սպասումները, Արցախից եկած ընտանիքներին ասած խոսքերը, որ «լավ կլինի, հետ կգնաք»՝ իզուր էին։ Պատերազմի ընթացքում, երբ մեզանից մեկը կոտրվում էր, միշտ կար մեկը, որ գալիս էր, խոսում ու օգնում, որ չկոտրվենք։ Բայց այս անգամ բոլորս կոտրված էինք, ոչ մեկ չհամարձակվեց ինչ-որ բան ասել։ Այդ օրը ուղղակի առանց բառ ասելու բոլորս գնացինք տուն, չնայած մեր գործերը կիսատ էին, արկղերը դասավորված չէին, անելու բան շատ կար։ Քողարկիչ ցանցերից մեկը որ չէինք ավարտել,  էդպես էլ կիսատ մնաց… 

Մի քանի օր հետո էլ նորից հավաքվել էինք, 40-ից միայն 15 հոգի էր եկել։ Հավաքեցինք մնացած իրերը, մի մասը ուղարկեցինք մանկատներին, մի մասը, անհրաժեշտ իրերը՝ զինվորներին»։ 

Օֆելյա ԱՐՍԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930