Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցմունք են կորզում Արմեն Աշոտյանի դեմ, որ հետո էլի «մասկի շոուով» նրան բռնեն»․ Տիգրան Աթանեսյան

Նոյեմբեր 06,2022 18:46

«Արմեն Աշոտյանին ծանուցում չի ուղարկվել։ Ցուցմունք են կորզում Աշոտյանի դեմ, որ հետո էլի  «մասկի շոուով» նրան բռնեն»,- Aravot․am-ի հարցին՝ ի՞նչ նոր զարգացումներ կան ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շուրջ պտտվող իրադարձությունների առիթով, նա անձամբ ծանուցում ստացե՞լ է հարցաքննության և այլն, այսպես պատասխանեց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ երեկ ձերբակալվեց բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը։ Այնուհետև ազատ արձակվեց։

Տիգրան Աթանեսյան

Տիգրան Աթանեսյանից հետաքրքրվեցինք՝ ճնշումնե՞ր են իրականացվել Միքայել Նարիմանյանի նկատմամբ, նա պատասխանեց․ «Եթե 70 տարեկան մարդուն պատկառելի տարիքի, պատկառելի անցյալով, շատ ծանր հիվանդությամբ, որին երբեք այս գործով չեն հարցաքննել, առանց որևէ հիմքի ձերբակալում են, որ տանեն կալանավորման, իհարկե, հասկանալի է, որ այդ մարդու նկատմամբ դա սարսափելի ճնշում է, որովհետև իր համար կալանքը կարող է լինել մահացու։ Ես չգիտեմ՝ պարոն Նարիմանյանն ինչ ցուցմունք է տվել։ Ես հասկացա, որ, իհարկե, ճնշումներ են լինելու, որ Աշոտյանի վերաբերյալ ցուցմունք տա։ Ցուցմունք տալու հարց էլ չկա, դեպքով հանցակազմ էլ  չկա ու չի կարող լինել»։

Արմեն Աշոտյանն ուղիղ եթերում որոշ մանրամասներ ներկայացրեց քրեական գործից։ Մասնավորապես գործի հիմքում դրված է վատնումը։ Արմեն Աշոտյանը ուղիղ եթերում մասնավորապես հայտարարեց․ «Դավիթ Սանասարյանի ժամանակ ՊՎԾ-ն հաստափոր տեղեկանք է գրում Բժշկական համալսարանի մասով տարբեր տարիների տարբեր ռեկտորների վերաբերյալ։ Մի դրվագով փորձում է «բոչկա գլորել» ինձ վրա, թե իբր Բժշկական համալսարանն այդ ժամանակահատվածում բիզնես հարաբերություններ է ունեցել Դիմադրության շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ընկերություններից մեկի հետ ․․․․Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն կերպ կալանավորել ինձ։ Գործի մանրամասների մասին, գործարքի և այլն թաքցնելու բան չունեմ։ Հիմա չեմ ուզում ծանրաբեռնել։ Չորս տարվա ընթացքում ոչ մի իրավապահ մարմին որևէ «չէպէ» ինձ վրա չի գտնվել։ Ինձ փորձում են վերագրել՝ իբր ես հորդորել եմ, որի արդյունքում բժշկական համալսարանն անարդյունավետ ծախս է արել։ Մի բան ուզում եմ վստահեցնել, որ որևէ կոպեկ այդ գործարքներից բացի ինձ հասանելիք պաշտոնական աշխատավարձից ինձ չի հասել։ Այստեղ ավելին, այն գույքը, որ գնել է Բժշկական համալսարանը, ոչ թե միջոցների վատնում է, այլ պարզվում է շուկայական այսօրվա արժեքներով առնվազն մոտ է կրկնակի ավելի մեծ արժեք ունի, քան ժամանակին Բժշկականը իմ՝ որպես կառավարման խորհրդի նախագահի քվեարկությամբ գնվել է»։

Տիգրան Աթանեսյանն այս առիթով նշեց․ «Վատնումը, եթե մեղսագրվում է անձանց, դա նշանակում է, որ գումարը, գույքը կորչում է։ Իսկ այս դեպքում գումարով ձեռք է բերվել անշարժ գույք, որը հիմա երկու անգամ ավելի թանկ է, քան ձեռքբերման պահին։ Այսինքն՝ ներդրում կատարելու համար այս երկրում դատում են։ Ես չեմ վախենա այդ բառից, բայց իրավապահ համակարգը տկարամիտ  իրավաբաների ձեռքում է, որոնք չեն սովորել, կյանքի փորձ էլ չունեն, եղած փորձն էլ ստիպում է միայն դաժան վերաբերվել մարդկանց և ծառայել Նիկոլ Փաշինյանին»։

Հիշեցմանը՝ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ ձերբակալվել է նաև ԵՊԲՀ այն ժամանակվա արհմիության նախագահ Մարթա Սիմոնյանը և հարցին՝ նման տեղեկություններ կա՞ն, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Մարթա Սիմոնյանը բերման չի ենթարկվել, կա ձերբակալման որոշում։ Այսօր իր փաստաբանը զանգահարել է քննիչին, ասել է հենց հիմա կարող են  ներկայանալ, և քննիչը խնդրել է, որ  ներկայանան վաղն առավոտյան։ Մարթա Սիմոնյանը Երևանում չի գտնվել, երբ ոստիկանները եկել են իրենց տուն և տեղեկանալով միանգամից վերադարձել է Երևան։ Դիմել է փաստաբանին, փաստաբանն էլ զանգել է քննիչին, քննիչն ասել է, այսօր հարմար չէ, վաղն եկեք։ Ձերբակալումն էլ իրենց նման է․ նիկոլական ձերբակալում»։

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ այս գործով հարցաքննվել են հարյուրավոր մարդիկ՝ 2018-ից սկսված։ Ըստ նրա՝ եկել են այն համոզման, որ որևէ հանցակազմ այդտեղ չկա և լինել չի կարող։

Խոսելով այն մասին, թե ինչ է կատարվում իրականում՝ Տիգրան Աթանեսյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Այստեղ իրավաբանություն չկա։ Նիկոլին փոխանցեմ հետևյալը։ Եթե ուզում ես մարդ բռնես, ավելի լավ է Վանոյի նման բռնի․ պլան գցիր գրպանը, նստացրու, ոչ թե էշությամբ զբաղվիր»։

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ ակնկալել․ ռիսկ կա՞, որ Արմեն Աշոտյանին կձերբակալեն, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Նիկոլի օրոք ցանկացած ստոր զարգացում ակնկալելի և սպասելի է։  Ոչինչ զարմացնող չէ։ Ցուցմունք ենք կորզում Աշոտյանի դեմ, որ հետո էլի  մասկի շոուով նրան բռնեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    վաղուց շատ վաղուց էր պետք Աշոտյանին ձերբակալել, իսկ Տիգրան Աթանեսյանը Հրապարակ թերթը փակելու “հերոսն” է մի սրիկայի շահեր պաշտպանելիս։ Ամեն ինչ պետք է անել որ սրանք ու իրենց գործակալական ցանցը այլևս հետ չգան իշխանության

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930