Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձանց շրջանում մեկ հոգու վիրավորվելու մասին։
Դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։
Ժամը 16:30-ին, ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանությանը հաղորդել են, որ ձախ ոտնաթաթի ականապայթյունային անդամահատում, ձախ ձեռքի 2-րդ մատի բաց կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 32-ամյա բնակիչ Ս. Ազարյանը (նա աշխատւմ է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում)։
Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ երեկ ժամը 13:00-ի սահմաններում Ս. Ազարյանն աշխատանքի բերումով գտնվելով Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքի «Ղումատեղ» կոչվող տեղանքում, արոտավայրում պայթել է ականի վրա, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
ԱՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ