Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին Սյունիքի համար»․ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն առաջին անգամ շփոթված ու հուզված էր (ֆոտոշարք)

Նոյեմբեր 06,2022 10:01

Սյունիքի տարբեր բնակավայրերում  ծրագրեր իրականացնող 30 միջազգային կազմակերպության, դիվանագիտական կորպուսների եւ կառավարության ներկայացուցիչները Կապանում են՝ մասնակցելու «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովին։ Հրավիրված են նաեւ մարզի համայնքի ղեկավարները։ Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը չնայած տարիների՝  իր փորձառությանը՝ նման աշխատաժողովի չէր մասնակցել։

«Ոչ թե եղել է ու չեմ մասնակցել, այլ պարզապես չեմ հիշում նման բացառիկ ու աննախադեպ այսպիսի աշխատաժողով, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է նախաձեռնել»,-լրագրողների հետ զրույցում նշեց Վաչե Տերտերյանը։ Փոխնախարարը հույս ունի, որ Սյունիքի այս օրինակը մյուս մարզերի համար նույնպես վարակիչ կդառնա։

Պաշտոնավարման 8 ամսվա ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը առաջին անգամ ե՛ւ շփոթված է, ե՛ւ հուզված։ Անկեղծանում է՝ չէր սպասում, որ բոլոր հրավիրվածները կգան։ «Իրականում մի քիչ շփոթված եմ, որ այս աշխատաժողովին ներկայացել են բոլորը՝ չնայած հեռավորությանը, չնայած աշխատանքային գրաֆիկների ծանրաբեռնվածությանը, ինչի համար իմ խորին շնորհակալություն եմ հայտնում։ Սա իրականում շատ հուզիչ է ինձ համար, սա նաեւ խոսում է շատ կարեւոր բանի մասին, նույնիսկ աշխատաժողովի անունը՝ «Միասին Սյունիքի համար» ապացուցված է, որ այն ճիշտ է ընտրված ու ի սկզբանե պարզ է, որ հանուն Սյունիքի բոլորս ենք միասնական»,-նշեց Սյունիքի մարզպետը:

Նման ձեւաչափով Հայաստանում առաջին անգամ անցկացվող աշխատաժողովը նպատակ ուներ  բարձրացնել փոխադարձ համագործակցության արդյունավետությունը՝ տարածքային կառավարման մարմնի ու միջազգային դոնոր կազմակերպությունների միջեւ։  Ռոբերտ Ղուկասյանի խոսքով, բոլոր «խաղացողներին» պետք է հավաքել մի  հարթակում։  Շատ դեպքերում՝ տարածքային զարգացման,  առողջապահության, սոցիալական, տնտեսական զարգացման ոլորտներում իրականացված ծրագրերը արդյունավետ չեն լինում, ու համայնքները լրացուցիչ քայլեր են ձեռնարկում ծրագիրը ավարտին հասցնելու համար։ «Ծրագրեր կան, որ շատ հրատապ է  իրականացնել Խոզնավարում, բայց արվում է մի ուրիշ բնակավայրում։  Համակարգված աշխատանքի դեպքում կճշտվեն առաջնահերթություններն ու  կտրամադրվեն ծրագիր իրականացնողներին»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը վստահ է՝ անցել են հումանիտար աջակցության ծրագրերի ժամանակները եւ հիմա հատկապես սահմանային գյուղերում զարգացման  ու ներդրումային ծրագրեր են անհրաժեշտ։ Նա ներկայացրեց  Ադրբեջանի վերջին՝  սեպտեմբերյան ագրեսիայից հետո  Սյունիքի մարզկենտրոնի բնակավայրերում ստեղծված իրավիճակը։ «2700 հա հողատարածք Ներքին Հանդի վարչական տարածքում օկուպացված է Ադրբեջանի կողմից։Ներքին Հանդ-Շիկահող-Սրաշեն-Ճակատեն հատվածում բնակիչները այլեւս չեն կարող զբաղվել դաշտավարությամբ ու անասնապահությամբ, քանի որ 1140 հա արոտավայրեր, խոտհարքներ ու վարելահողեր հայտնվել են վտանգավոր գոտում։ Այդ իսկ պատճառով 70 տոկոսով անասնագլխաքանակի կրճատում է տեղի ունեցել։ Ի հեճուկս այդ ամենի,մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները շատ ամուր կանգնած են իրենց հողում եւ իրենց գյուղը լքելու նպատակ չունեն։ Մյուս կողմից էլ եթե գյուղերում չստեղծվեն  տարրական կարիքները հոգալու համար նախատեսված պայմաններ, չիրականացվեն տնտեսական ծրագրեր՝ գյուղերը դատարկվելու են։»,-նշեց Գեւորգ Փարսյանը:

Մինչ Սյունիքի մարզի հնգամյա զարգացման ռազմավարական ուղղությունները ներկայացնելը, Սյունիքի մարզպետի խորհրդական Տարոն Ալեյանը համառոտ ձեւակերպեց մարզային իշխանությանը տեսլականը;  «Մենք ուզում ենք ունենալ առողջ բնակիչ, երջանիկ բնակիչ, իրավահավասար բնակիչ, ունենալ մարդակենտրոն բնակավայր, ապահով ու կայուն բնակավայր։ Մեր աշխատանքի սկզբունքներն են լինել թափանցիկ, հասանելի արձագանքող եւ գործընկերային», -տեղեկացրեց Տարոն Ալեյանը։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար տեղակալ Վաչե Տերտերյանը տնտեսական համաժողովը մի այլ տեսանկյունից դիտարկեց։ «Ինչքան կայուն լինեն համայնքները, ինչքան լավ լինեն ենթակառուցվածքները, այնքան կայուն կլինի Սյունիքը։ Ես դեռ չեմ խոսում քաղաքական անուղղակի էֆեկտների մասին։ Ի վերջո, այս բոլոր մարդիկ ներկայացնում են տարբեր երկրներ, միջազգային կառույցներ՝ բավականին ակտիվ ներգրաված են տարբեր պրոցեսներում, եւ իրենց մասնակցությունն այստեղ ինչ-որ բանի մասին խոսում է»,-համոզված է փոխնախարարը։

Եռամսյակը մեկ մարզպետարանի մասնագետները կգնահատեն կարիքները, կնշեն իրականացվող ծրագրերի առաջնահերթությունները՝ դրանք ներկայացնելով  դոնոր  միջազգային կառույցներին։ Ամփոփելով արդյունքները՝ Սյունիքի մարզպետը ասաց, որ աշխատաժողովի  հիմնական  ուղերձներից մեկը նաեւ այն էր՝ որպեսզի  գործընկերներին տեղեկացված լինեն, որ մարզն իր բոլոր ինստիտուտներով ամբողջությամբ պատրաստ է իր ուսերին վերցնել մեծ աշխատանք,։ «Սա մեր տունն է, եւ մեր տունը շենացնող ամեն մարդու եւ կազմակերպության հետ պատրաստ ենք աշխատել։ Մենք պետք է ունենանք շատ ուժեղ Սյունիք, մենք պետք է ունենանք զարգացած Սյունիք ու բնականաբար, պետք է ունենանք անվտանգ Սյունիք»,-եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930