Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության որոշմամբ առաջիկայում նախատեսվում է լուծել աղետի գոտու բնակավայրերի խնդիրը

Նոյեմբեր 05,2022 22:15

Ընդունվել է աղետի գոտու բնակավայրերի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը. «2023-27 թ.թ.-ին նախատեսվում է ամբողջապես լուծել այդ հարցը։ Իսկ ի՞նչ քայլեր են նախատեսում դրանք։ Դրանք նախատեսված են` ըստ տնակում բնակվողների այնտեղ հայտնվելու պատճառից։

Ի դեպ, ուզում եմ նշել, որ Վանաձորում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիք չկա, որ բնակարան չի ստացել, ի տարբերություն այլ համայնքների։ Սակայն, արդեն այլ պատճառներով` սոցիալական խնդիրներից ելնելով, կամ ներքին միգրացիայի հետեւանքով։ Կան նաեւ, որ ԽՍՀՄ-ի ժամանակ հերթագրվել են, որ բնակարան ստանան, սակայն չեն հասցրել ստանալ եւ երկրաշարժից հետո հայտնվել են տնակային ավաններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։

Ամբողջությամբ քարտեզագրվել եւ ամփոփվել են բոլոր համայնքների ժամանակավոր կացարաններում եւ կառույցներում բնակվող ընտանիքները։ Արդյունքում` ստեղծվել է ամփոփ փաստաթուղթ. «Այս բոլոր ընտանիքների համար կրիտերիաներ են սահմանված այս կառավարության որոշումով`  կախված ընտանիքի կազմից բազմազավակ է, թե ոչ, կախված սոցիալական վիճակից, կապված նաեւ նրանից մասնակցել են պատերազմական գործողություններին թե ոչ։ Կառավարությունը սահմանել է հերթականություն` փոխհատուցում տրամադրելու համար»,- ասաց Սուրեն Աբովյանը, միաժամանակ նշելով, որ փոխհատուցում կստանան բացառապես այն ընտանիքները, որոնք կհամապատասխանեն այս չափանիշներին. «Որովհետեւ ունենք դեպքեր, որ քաղաքացին տունը ստացել է, չի ձեւակերպել, տնակը չի հանձնել։ Գյումրիում են այդպիսի դեպքերը շատ։ Այսպիսով, առաջացել է տնակային ավանը։ Հիմա արդեն այս կառավարության որոշումով իմպերատիվ ձեւով այդ հարցը կկարգավորվի։

Վանաձորում ամփոփված թվերով այս պահին առկա են 352 տնակային տնտեսություն, որոնք համարվում են բնակապահովման ենթակա եւ որոնք առաջիկայում կառավարության սահմանած կարգով կստանան իրենց չափորոշիչները եւ ըստ դրա կստանան փոխհատուցում. «Փոխհատուցման գործընթացին շատ կարեւոր  բաղադրիչ է լինելու այն, որ անմիջապես փոխհատուցում ստանալուց առաջ անպայման պետք է    տնակն ապամոնտաժվի, տարածքը մաքրվի եւ պետական կամ  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վերադարձվի պետությանը կամ համայնքին, որպեսզի սոցիալական խնդիրը լուծելուն զուգահեռ լուծվի համայնքների քաղաքաշինական խնդիրը։

Մասնավորապես Վանաձորի դեպքում ունենք մի քանի տնակային ավաններ, որոնք զբաղեցնում են մոտ 20 հա տարածք։ Իսկ դրանք քաղաքի զարգացմանը խոչընդոտ են այս պահին` եւ’ քաղաքաքաշինական, եւ’ առողջապահական առումով, եւ’ ընդհանրապես միջավայրի բարեկեցության  առումով»,-ասաց քաղաքի գլխավոր ճարտարապետը։

Աբովյանի խոսքով` այս ծրագիրը իրագործելով համայնքների համար կլուծվեն մի քանի կարեւոր հարցեր` քաղաքաշինական, սոցիալական, առողջապահական նաեւ բնապահպանական։ Բանն այն է, որ տնակների մեծ մասը կառուցված են այնպիսի նյութերով, որոնք բնապահպանական առումով հակասում են նորմերին։

2023 թվականին նախատեսվում է ամբողջական ցուցակներն ըստ կրիտերիաների ամփոփելու, մյուս տարիների պետական բյուջեում հատկացնել միջոցներ բնակարանաշինության ծրագրերի կամ բնակարանների գնման վկայագրերի ձեւով փոխհատուցման գործընթացն ավարտելու համար։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930