Այս տարվա ամռանը Դեբեդ գետի աղտոտման փաստով հարուցված քրեական վարույթի քննությունը շարունակվում է, կատարվող փորձաքննությունների արդյունքները դեռ անհայտ են, «Ազատությանն» ասաց Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Ամռանը բնապահպանների ահազանգերի հիման վրա ստուգումներ էին արել, նմուշառումներ վերցրել ինչպես գետից, այնպես էլ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբար լցվող խողովակից, ասաց դատախազը. «Նշանակել են դատաէկոլոգիական և դատաքիմիական համալիր փորձաքննություն՝ պարզելու, թե իրականում թունարով նյութեր առկա են, թե՝ ոչ»:
Թե երբ պատրաստ կլինեն փորձաքննության տվյալները, դատախազը հստակ պատասխան չունի։ Հայաստանում երկար, նույնիսկ տարիներ տևող գործեր կան, ասում է։
«Ընդհանուր առմամբ Հայաստանում փորձագիտական հիմնարկները ահավոր ծանրաբեռնված են և կան փորձաքննություններ, որոնք տևում են նույնիսկ տարիներ», – ընդգծեց Գաբրիելյանը:
Կարդացեք նաև
Մինչ այդ որևէ միջոց չի կիրառվի Ախթալայի պղնձամոլիբդենային հանքն ու ֆաբրիկան շահագործող ընկերության նկատմամբ։ Բնապահպանները համոզմունք ունեն, թե դեռ կշարունակվեն աղտոտման դեպքերը, ինչի մասին պարբերաբար ահազանգելու առիթներ են ունենում. «Կարծում ենք, որ պոչամբարի ներքևի հատվածից դեպի Դեբետ գետ այս պահն էլ շատ հնարավոր է, որ աղտոտում տեղի է ունենում, ուղղակի այս պահին արձանագրված չէ»:
Այս տարվա հուլիսին առաջին դեպքն էր, երբ քրեական վարույթ սկսվեց Դեբեդի աղտոտման փաստով։ Նախկինում դարձյալ եղել է, երբ Դեբեդի ափամերձ բնակավայրերի այգետերերն ու բնապահպաններն արձանագրել են, որ գետը գունափոխվել է, ափերը՝ թանձր ու մոխրագույն զանգվածով պատվել։ Բայց մինչև 200 հազար դրամ տուգանքով հարցը փակվել է, գործը քրեական վարույթին չի հասել։ Կոմբինատից հրաժարվում են մեկնաբանել, հղում են անում նախաքննությանն ու հորդորում սպասել դրա ավարտին։
Մինչդեռ բնապահպան Օլեգ Դուլգարյանը թերահավատ է, որ հարուցված վարույթը էական փոփոխություն կբերի. «Շրջական համայնքների բնակիչները այդքան էլ վստահ չեն, որ այդ վարույթը շատ արագ որոշակի դրական արդյունքների կբերի: Այսինքն՝ թերահավատ են, որ դա կփոխի, միգուցե դա այս պահին կմեղմի որոշակի աղտոտման քանակները, բայց խնդիրը չի լուծի, քաղաքացիները թերահավատ են մեծամասամբ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում