Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ բացառում եմ, ոչ չեմ բացառում իմ մասնակցությունը». Վանեցյանը՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին

Նոյեմբեր 05,2022 19:44

«Իշխանությունը 2021-ին կարողացավ վերարտադրվել նաեւ այդ խաղաղության օրակարգը առաջ մղելով: Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները մի քանի անգամ ԱԺ ամբիոնից, հարցազրույցներում ասել են, որ խաղաղության օրակարգը ձախողված է, մենք, այո, բերելու ենք խաղաղություն, բայց, հարց է առաջանում, խաղաղություն  ի՞նչ գնով»,- այսօր «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա ասաց, որ  չի հավատում, որ մինչեւ տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ, որովհետեւ ստացված տեղեկությունները հիմք են տալիս ենթադրել, որ ինքը այլ խոստումներ է տվել տարբեր տեղերում եւ տեսնում է, որ չի կարողանում նաեւ Հայաստանի, Արցախի ներսում իր խոստումները ի կատար ածել. «Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են բացառապես իր իշխանությունը պահելուն: Ինքը հասկանում է, որ եթե ինքը գնա կտրուկ քայլերի, որը չի ընդունվի հայ ժողովրդի կողմից, ինքը կարող է կորցնել իշխանությունը: Ուստի, կարծում եմ՝ հերթական անգամ խաբելով, ինչպես ինքն է ասում՝ «գժի տեղ դնելով», կփորձի հետաձգել դա»:

Նրա խոսքով, պետք է օր առաջ լուծվի Հայաստանի եւ Արցախի անվտանգային խնդիրը, պետք է վերականգնվի մեր անվտանգային համակարգը եւ պետք է կարողանանք նորմալ դիրքերից բանակցել:

Անդրադառնալով նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական եւ արեւմտյան տարբերակներին՝ Արթուր Վանեցյանն ասաց. «Պաշտոնապես որեւէ բան մենք չենք տեսել, որեւէ փաստաթուղթ չենք տեսել, կարող ենք խոսել մամուլում հայտնված առաջարկների մասին: Ըստ դրանց, կա միացյալ Արեւմուտքի կողմից առաջարկ, որն ուղիղ ասում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական տարբերակն ասում է, որ Արցախի հարցը պետք է հետաձգվի, ստատուս-քվոն պահպանվի, հետագայում այս հարցը լուծվի: Ես կողմնակից եմ, որ Արցախը մնա գոնե այս իրավիճակում, մինչեւ կունենանք հետագայում հնարավորություն Արցախի կարգավիճակը լուծելու»:

Լրագրողները Վանեցյանից նաեւ հետաքրքրվեցին՝ արդյոք պատրաստվում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել, ի պատասխան նա ասաց, որ այդ ընտրություններին բավական ժամանակ կա, դեռ որոշում չունի, «Ոչ բացառում եմ, ոչ չեմ բացառում իմ մասնակցությունը: Այս պահին թողնում եմ առանց մեկնաբանության»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930