Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա,որ Նիկոլը Հայաստանը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտողը չէ. Սաղաթելյան

Նոյեմբեր 05,2022 18:50

Ի աջակցություն Արցախի՝ կազմակերպված հանրահավաքի ժամանակ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց նպատակը մեկն է՝ Հայաստանը պետք է խուսափի վերահաս կապիտուլյացիայից, Հայաստանը չպետք է գնա նոր զիջումների և կորուստների ճանապարհով,  Արցախը չպետք է հայաթափվի, Հայաստանը պետք է պահպանի իր ինքնիշխանությունը։

«Այսօր դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ տեր եք Արցախին, տեր եք Հայաստանին, տեր եք մեր Հայրենիքին: Այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ։ Այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարևոր բովանդակություն։ Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է՝ միասնականություն՝ մեր ներսում, միասնականություն՝ Արցախին, միասնականություն՝ Սփյուռքին: Նախորդ կիրակի մենք լսեցինք Արցախի հստակ ձայնը. Արցախը երբեք չի եղել և  չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը,Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ ասաց,որ Հայաստանի որևէ  իշխանություն չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ,որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրացման իրավունքը: Երեկ Հայ Առաքելական եկեղեցին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ ողջ հայությանը հորդորեց համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։Այսօր Երևանում մենք վերահաստատում ենք այդ պարզ ճշմարտությունը և ասում՝ մայր Հայաստանը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն և իր զավակին։ Տարիներ առաջ հրեշավոր ձեռքը մեր ժողովրդի մեջ մտցրեց պառակտում և թշնամանք։Մենք դրա ողբերգական հետևանքները տեսանք՝ ավերածություններ, հազարավոր զոհեր, հայրենիքի կորուստ։

Կեղծիքը, սուտը, հուսահատությունը, ազգային ու բարոյական արժեքների,վեհ գաղափարների արժեզրկումը ամեն օր, ամեն ժամ հյուծում են մեր ազգային հավաքական ուժը։ Սրանց սուտը սահմաններ չի ճանաչում՝կեղծում են մեր պատմությունը, կեղծում են պատերազմի արդյունքները, կեղծում են մեր անցյալն ու ներկան,պարզվեց՝ կեղծում են իրենց ընտրությունները: Սուտ է սրանց խոստացած խաղաղությունը։ Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր, նոր կորուստներ, նոր ավերածություններ։ Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու եւ ոչնչացնելու հրեշավոր ծրագիր։ Ամեն կերպ փորձում են սասանել մեր հավատը, կոտրել հաղթելու մեր կամքը, արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Մենք կիսելու և զիջելու հայրենիք չունենք։ Մենք ունենք  պահելու  հայրենիք, և այն միակն է։  Մենք խոսում ենք թշնամու  հետ սահմանազատման մասին,  բայց մինչ այդ մենք պետք է կատարենք ամենակարևոր սահմանազատումը մեր ներսում. լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի։Իշխանության մեջ քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուրը իրեն պետք է այդ հարցը տա. ինքը Նիկոլի՞ հետ է, թե՞ հայրենիքի։   Ուրիշ ոչ մի բաժանում Հայաստանում չպետք է լինի։

Այս բախտորոշ ընտրության առջև կանգնած են բոլորը՝ կամ Նիկոլի հետ ես, կամ հայրենիքի: Հաջորդ կարևոր որոշումը, որ մենք պետք է այսօր ընդունենք հետևյալն է՝ մեկ հոգին չի կարող որոշել ողջ ժողովրդի, միլիոնավոր մարդկանց, մեր ընտանիքների ու մեր հայրենիքի ճակատագիրը։  Մեկ հոգին չի կարող որոշել ներկա և գալիք սերունդների ճակատագիրը։ Ո՞վ ա էդ մեկ հոգին, որ իրեն իրավունք  է վերապահել պատերազմ բերել մեր տուն, հազարավոր զոհեր տալ, մի ողջ սերունդ կորցնել, զիջել մեր հայրենիքից մասեր, հարցականի տակ դնել Արցախի հայկականությունը, որոշել մեր ճակատագիրը:Այսօր մենք արձանագրում ենք՝ մեկ մարդը չի կարող վճռել հազարամյա ժողովրդի ճակատագիրը, նա ժողովրդի կողմից նման  մանդատ չունի»:

Իշխան Սաղաթելյանի խոսքով, Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Հայաստանը պատրաստ է քննարկել բոլոր բարդ հարցերը: Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների, կոնկրետ լուծումների։ Բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով. «Չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա պատռվելու է մեր կողմից, և իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առոչինչ: Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա,որ Նիկոլը Հայաստանը չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտողը չէ:

Ի՞նչ է կատարվում մեր շուրջը. օրվա իշխանությունը, ապագա կա կարգախոսի տակ, մեզ առաջարկում է նոր կապիտուլյացիա։Այս իշխանությունը մեր հայրենիքը դրել է վառոդի տակառի վրա։

Օրվա իշխանությունները մեր ժողովրդին  համոզում են, որ սպասվող զիջումները, թեև ցավալի են, բայց կենսական չեն։Մեզ համոզում են, որ հնարավոր է զիջել հայրենիքի մի մասը, բայց ապրել երջանիկ։Մեզ համոզում են, որ հայրենիքի մի մասը պետք է զիջել,մնացած մասը պահելու համար:Եվ ամենագլխավորը,մեզ ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը տանք,որ փրկենք կյանքեր և ապրենք խաղաղ:

Աշխարհում չկա մի ժողովուրդ, որն առաջնորդվել է այդ բանաձևով և այսօր պետություն ունի։ Այդպես մտածող ազգերը կամ վերացել են կամ վաղուց  դարձել թափառական:

Կապիտուլյացիայից հետո մեզ համոզում էին հայրենիքի մի մասը զիջելով՝ խաղաղության դարաշրջան կբացեն,այլևս զոհեր չենք ունենա,բայց ի՞նչ եղավ՝հայ զինվորը զոհվեց արդեն Ջերմուկում և Վարդենիսում։Բոլոր նրանք, ովքեր ասում են զիջենք հանուն կյանքեր փրկելու խաղաղության անվան տակ մեր ժողովրդին տանում են նոր ցեղասպանության։ Իրական խաղաղության հասնելու համար նախ պետք է ապահովել երկրի  պաշտպանությունն և անվտանգությունը։ Առանց դրա մնացածը ազգային նվաստացում է և նոր կապիտուլյացիա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930