Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամենահամեստ հաշվարկներով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն մի օրը արժեցել է երեք հայորդու գին. Անդրանիկ Թեւանյան

Նոյեմբեր 05,2022 18:15

«Արցախցին խնդրում ու պահանջում է, որ իրեն որպես զավակի վերաբերեն, չհանձնեն որբանոց, ավելի ճիշտ՝ սպանդանոց: Արցախն ասում  է՝ ես քո՛ զավակն եմ, Հայաստա՛ն: Բոլորիս համար մեր զավակները պաշտամունքի ու սիրո առարկա են: Մենք, ժողովրդական լեզվով ասած, գժվում ենք իրենց համար: Հիմա Արցախն ասում է, մա՛յր Հայաստան, ես քո՛ զավակն եմ, ինչո՞ւ են քո իշխանությունները  այլասերում  մեր արժեքները: Իսկ այլասերում է, քանի որ ասում է՝ եկեք մեր զավակին հանձնենք սպանդանոց, որ խաղաղ ապրենք: Սա ինչ անբարոյականություն է, ժողովո՛ւրդ: Մենք իրավունք չունենք մեր զավակին հանձնելու գնով կեղծ խաղաղության հասնել, որովհետեւ հենց հանձնենք զավակին, կգնանք ինքնաոչնչացման»,-այսօր Ֆրանսիայի հրապարակում ի պաշտպանություն Արցախի ընդդիմության կազմակերպած հանրահավաքին ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքով, հայ ժողովուրդը շատ ծանր ու ամոթալի վիճակում է, լինել-չլինելու խնդրի առջեւ է կանգնած. «Ամենահամեստ հաշվարկներով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն մի օրը արժեցել է երեք հայորդու գին: Թվերը նայեք, ամսական անում է 3-4, ավարտական դպրոցի դասարան, ստացվում է՝ մենք երեխեքին մեծացնում ենք, ուսում ենք տալիս, դարձնում ենք 18 տարեկան, որ հետո հանձնենք Նիկոլի՞ն, ու ինքը  տանի էդ երեխեքին կամ թաղի, կամ թողնի մարտի դաշտում անթա՞ղ, որ հետո իրենք ընտանյոք հանդերձ դիվային տեքստեր գրե՞ն այդ թեմայով, սա ամո՛թ է: Ես շատ լավ գիտեմ ձեր մտահոգությունները, հարցերը, այն, որ ՀՀ-ն պարտության դեմքով է ներկայացված, սա մեզ համար միջազգային մասշտաբի խայտառակություն է: Այս ամենի համար մեղքի իրենց բաժինն  ունեն խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը… շարժումը պարտավոր է ընդունել օբյեկտիվ քննադատությունն ու դասեր քաղել սեփական սխալներից: Ընդդիմադիր քաղաքական ուժերը միմյանց քննադատում են ավելի կամ պակաս մեղավոր լինելու համար: Երբեմն նկատում եմ վիրտուալ ձեռնամարտեր սոցցանցերում, բայց դա անարդյունավետ է, ոչ մի տեղ չի տանում, ինչ իմաստ ունի իրար թիրախավորելը, եթե կա գլխավոր ու միակ թիրախը:

Պետք է դուրս գալ այս իրավիճակից ու միասին պայքարել, մի կողմ դնել ամբիցիաները: Որ առանձին մեղավորների չփնտրենք ու այս թեման փակենք, բոլորի անունից ու բոլորի փոխարեն այսօրվա համար ձեզանից ներողություն եմ խնդրում: ժողովու՛րդ, կներեք, որ դեռ չենք փոխել, բայց բացի ներողությունից քաղաքական մարդը պետք է տա խոստումներ ու ապահովի դրանց իրականացումը:  Իմ անձնական պարտությունը կհամարեմ այն, եթե չկարողանանք այս վիճակից դուրս գալ: Եթե իրավիճակը չենք փոխում, անձամբ ես ինձ ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ քաղաքական դաշտում այլեւս չեմ տեսնում, բայց համոզված եմ, որ միասնական ջանքերով պայքարելու ենք մինչեւ հաղթական ավարտ, երդվում եմ: Պետք է  սխալներից հետեւություններ անել ու վերաիմաստավորել անցած ճանապարհը: Պետք է արմատապես վերանայենք մեր պայքարի մարտավարությունը, փոխենք գործիքակազմը, ընդլայնենք ձևաչափը կամ նոր ձևաչափ առաջարկենք… Հիմա մտնում ենք պայքարի նոր փուլ, այսօրվա հանրահավաքը շատ խորհրդանշական է, այն էստաֆետը վերցնում է 1988-ի շարժումից, Արցախում SOS հնչեցրած մեծ հավաքից ու իր հերթին էստաֆետը փոխանցում նոր փուլին: Սա ՀՀ գոյության կռիվ է այդ կռիվը ձեր հետ միասին պետք է տանք մինչեւ հաղթական ավարտ: Կներկայացնեմ 10 թեզ ՀՀ ու Արցախի ապագայի մասին»:

1.Պետք  է փոխվի ՀՀ անունից բանակցողը, եթե այդ փոփոխությունը չի լինում, աշխարհը համարում է, որ հայ ժողովուրդը համակերպվել է  այս վիճակի հետ, թուրք-ադրբեջանական պահանջների ու նախապայմանների հետ ու պատրաստ է այդ ամենի տակ ստորագրել: Բանակցողին փոխելով՝ մենք աշխարհին մեսիջ ենք հղում, որ համաձայն չենք այդ վիճակի հետ, պարտության դեմքը պետք է փոխվու ու, վե՛րջ:

2.Բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ է,  բայց միակ բավարար պայմանը չէ: Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլին փոխարինի էլ ավելի Նիկոլ, կամ նրան փոխարինի մի տղայական, քյալագյոզական մեկը, որ կասի՝ մեկ-երկու օրում ծովից-ծով եմ բերելու, երկու դեպքում էլ կստանանք պատերազմ ու պարտություն:

3.Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձեւաչափն ու Արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր, դա միջազգային արկածախնդրություն է ու միայն կորուստներ է մեզ բերում:

4.Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում: Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն Ադրբեջանը, ինչը չի կարելի թույլ տալ։

5.Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա: Մենք պետք է բանակցենք, ամեն մի ձևակերպման համար կռիվ տանք, իսկ թիկունքում զարգացնենք տնտեսությունը, վերականգնենք բանակը, վերացնենք ներհասարակական թշնամության մթնոլորտը:

6.Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը:

Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

7.Արցախահայության աջակցության մասշտաբային ծրագրեր պետք է իրականացնել․ առանց Արցախի՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու։

8.Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրությունը:

9.Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաև արդար Հայաստան կերտել, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր մեր քաղաքացիները: Սոցիալական բեռի տակ կքած ու արդարության կարոտ մարդն իրեն չի կարող պետության լիարժեք տեր զգալ։

Չորս տարի առաջ այս ստախոսները հասարակ մարդուն խոստացան արդարություն, սակայն տվեցին միայն ծանր կյանք, պատերազմներ ու կորուստներ:

Բանանի գնի իջեցման մասին էին խոսում չորս տարի առաջ, այսօր տեղական կարտոֆիլն ու լոլիկն են դառնում բանանի գնի կամ ավելի թանկ: Ինչ վերաբերում է թալանին, ապա սրանք այդ հարցում բոլորի գլուխները լվացին ու հեղափոխական կոչված օլիգարխիա ձևավորեցին։ Այդպես է լինում, երբ իշխանության են գալիս պրոֆեսիոնալ խաբեբաները:

10 Իշխանափոխության համար անհրաժեշտ են հասարակական–քաղաքական լայն համախմբում, պայքարի ընդլայնված կամ նոր ձևաչափ, նոր որակի Հայաստանի հայեցակարգ, պրոֆեսիոնալ կադրեր, դաշնակիցների ու աշխարհի համար ընկալելի ու վստահելի քաղաքական կոդեր, կամք, վճռականություն, առաջնորդություն։

«Այս թեզերը կյանքի կոչելու համար մենք պետք է ըստ անհրաժեշտության օգտագործենք խորհրդարանական և արտախորհրդարանական աշխատանքների բոլոր գործիքակազմերը՝ առաջնորդվելով բացառապես մեր օրակարգով։ Եվ ուրեմն՝ Հայաստա՛ն, ոտքի՛, Արցա՛խ, ոտքի՛, Ժողովո՛ւրդ, ոտքի՛ Հանուն Հայաստանի, Հանուն Արցախի, հանուն մեր ժողովրդի»,- եզրափակեց իր ելույթը պատգամավորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930