Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ թե ռուսատյացություն է, այլ ՌԴ-ի վարած քաղաքականության նկատմամբ քննադատական վերաբերմունք». «Առերեսում»

Նոյեմբեր 05,2022 22:00

Հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ նշված է. «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի»։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ վերլուծաբան Լիկա Թումանյանը պատասխանելով հարցին, թե արդյոք այս դրույթը նշանակո՞ւմ է, թե բոլոր վիճահարույց հարցերը, որոնք կարող են լինել, պետք է լուծվեն կողմերի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման սկզբունքի վրա՝ ասաց. «Ես առհասարակ նմանատիպ որեւէ փաստաթղթի որեւէ ձեւակերպում չեմ համարում լուրջ երաշխիք: Սա ընդամենը ֆորմալ թուղթ է, հայտարարություն, անգամ վավերացում չանցած փաստաթուղթ էլ չէ: Ցանկացած փաստաթուղթ, անգամ վավերացում անցած, Ադրբեջանն ի վիճակի է բեկանել, չպահպանել խոստումը, խախտել պայմանավորվածությունը: Դրա համար որեւէ կետ, որ նշված է այնտեղ՝ չեմ համարում վերջնական պայմանավորվածություն: Ես համարում եմ, որ միակ հենքը, որի վրա կարող ենք ինչ որ չափով հույս դնել՝ երաշխավորներն են. ովքեր են այս կամ այն փաստաթղթի երաշխավորները: Եվ երկրորդ կարեւոր հարցը՝ ինչո՞վ են երաշխավորում՝ խոսքո՞վ, թե՞…երաշխիքն ի՞նչն է հանդիսանում: Օրինակ՝ այսօր Սյունիքի անվտանգության պահպանման երաշխիքը իրանական զորքերն են՝ ոչ հայտարարությունը, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը»:

Հաղորդման մյուս հյուրը՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ասել, որ այս հանդիպմամբ Ռուսաստանն իրեն վերադարձրեց բանակցային գործընթացում մոդերատորի դերը, մանավանդ թվում էր, թե այն վերջերս դուրս է մղվել այդ գործընթացի լուսանցք՝ մասնավորապես ասաց. «Թե ով ավելի էական երաշխիք կտա, որպեսզի ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններն ի կատար ածվեն՝ մեծապես կախված է նաեւ այն բանից, թե ում զորքերն են կանգնած գետնի վրա: Որքան էլ Ռուսաստանի մասին խոսում են, որ հիմա այն դուրս է մղվել կամ դուրս չի մղվել՝ նա հնարավոր է, որ դուրս մղվի վերջնականապես, երբ որ 2025 թվականին լրանա ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը եւ Ադրբեջանն ու Թուրքիան «երկու ոտքը մի կոշիկի մեջ դնեն» ու ասեն, թե այլեւս չեն ուզում, որ երկարացվի խաղաղապահների մանդատը… Գումարած նաեւ՝ հիմնականում Ռուսաստանի պահվածքի պատճառով հայկական միջավայրում ՌԴ-ի նկատմամբ հիասթափությունը, ռուսասկեպտիցիզմը: Դա ոչ թե ռուսատյացություն է, այլ ՌԴ-ի վարած քաղաքականության նկատմամբ քննադատական վերաբերմունք, ինչը շատ նորմալ է, որովհետեւ եթե երկու գործընկերներ ինչ որ բանի մասին պայմանավորվում են, իսկ հետո նրանցից մեկը խախտում է՝ բնական է երկրորդ գործընկերոջ արձագանքը եւ ժխտողականությունը: Ապա այդ դեպքում արդեն կկարողանանք ասել, որ Ռուսաստանը դուրս է մղվել տարածաշրջանից: Մյուս կողմից՝ Ռուսաստանը կենսական անհրաժեշտություն ունի պահելու այս տարածաշրջանը, քանի որ ինքն էլ է համարվում կովկասյան պետություն՝ հյուսիսային Կովկասի տարածաշրջանը հաշվի առնելով: Ինչ պիտի լինի դրա փոխարեն, որ համաձայնի այս կամ այն պատճառով հեռանալ այս տարածաշրջանից՝ ես չգիտեմ, ապագան ցույց կտա»:

Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այն փաստին, որ մինչ ՀԱՊԿ խորհրդի նիստը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ունի երկու ակնկալիք, որ ՀԱՊԿ անդամ երկրները սեպտեմբերյան հարձակմանը քաղաքական գնահատական կտան, ինչպես նաև կընդունեն ճանապարհային քարտեզ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ ՀՀ իշխանությունների որևէ ակնկալիք ՀԱՊԿ անդամ երկրները չբավարարեցին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել էր, թե անդամ երկրները պատրաստ կլինեն հաստատել դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու որոշումը, սակայն նման որոշում էլ այդ նիստին չկայացվեց։ Ավելին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես եկավ բավական կոպիտ ելույթով: «Լուկաշենկոն Ալիեւից պարբերաբար փող է խնդրում Բելառուսի տնտեսական խնդիրները լուծելու համար»,- մասնավորապես հիշատակեց Լաուրա Բաղդասարյանը: Իսկ Լիկա Թումանյանն այն հանգամանքը, որ Լուկաշենկոյի հայտարարությունները հակազդեցության չարժանացան ՌԴ-ի եւ ՀԱՊԿ անդամ այլ երկրի կողմից՝ այսպես մեկնաբանեց. «Սա նշանակում է, որ անտեսում են Լուկաշենկոյին ամբողջ էությամբ եւ իր դիրքով հանդերձ… Իր բառապաշարը՝ լակոտական, փողոցային… էդ էր պակաս, որ ինչ որ լուրջ մարդիկ նստեն՝ նրան լուրջ արձագանքեն»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930