«Տերն է իմ լույսն ու իմ կյանքը, ես ումի՞ց եմ դողալու: Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումից եմ վախենալու: Սիրե՛լի ժողովուրդ, վերջին անգամ, որ այսպիսի միջավայրում եմ գտնվել, եղել է 33 տարի առաջ Ազատության հրապարակում, երբ ես դեռ 18 ամյա երիտասարդ էի: Ելույթ ունեցել եմ այնտեղ մեր վերելքի ու ազատագրության, անկախության, մեր արցախյան գոյամարտին ի խնդիր: Դժբախտաբար, մտածում էի, որ այդ օրերը մեզ համար միայն բարի հիշողություններ են, մեզ համար լիցքավորիչ են, մեր կյանքի ու ինքնության վերականգնման խարիսխն են, որի վրա կառուցվում է մեր կյանքը: Բայց այսօր նորից կանգնած ենք այդ գոյամարտի առջեւ»,-այսօր Ֆրանսիայի հրապարակում ի պաշտպանություն Արցախի ընդդիմության կազմակերպած հանրահավաքին ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ տեր Բագրատ սրբազանը:
Սրբազանի խոսքով, այսօր այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, երբ համատարած անորոշություն է. «Երբ դրսից մեզ հետ խոսում են սպառնալիքի ու ծաղրի լեզվով, իսկ ներսից տագնապի, հուսահատության ու վախի լեզվով: Մենք պիտի գործենք առանց հոգնելու, գործենք ամեն ժամ, գործենք ամենուր ու առանց թշնամության: Առանց գաղափարական ու քաղաքական տարբերությունների, առանց վախի ու առանց կասկածի: Առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը խեղճին հատուկ օգնությունը, այլ գործենք որպես մոռացված ազգ, ինչպես դիպուկ մեզ բնորոշել են ցեղասպանության օրերին ու դրանից հետո: Մենք պետք է հրաժարվենք մեր հույսը միայն մեր բարեկամների վրա դնելուց:
Դժբախտաբար, քաղաքական շահերը, երկակի ստանդարտները, հարաբերական բարոյականությունն ավելի ծանր են կշռում, քան՝ ճշմարտությունը եւ արդարությունը: Շատ հաճախ որոշում են, թե որ ժողովուրդն իրավունք ունի իրավունք ունենալ: Բայց Արցախը, այսինքն՝ ամբողջ հայությունը, իրավունք ունի իրավունք ունենալ, որովհետեւ մեր երկրում ջրերից ավելի շատ արյուն է ոռոգել: Այդ իրավունքն անբեկանելի է: Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում: Ես հավատում եմ մեր սեփական համազգային օրակարգին՝ թելադրող, ոչ թե թելադրվող, պարտադրող, ոչ թե պարտադրվող: Հավատում եմ, որ հայոց եռագույնը պետք կրկին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի եւ Հադրութի բարձունքներում՝ որպես հայոց սահմանների պատվի ու արժանապատվության վերականգնման ու վերահաստատման նոր արշալույս:
Ես հավատում եմ հայոց բանակի փառքին ու պատվին, հերոսական կենսագրությանը: Ես հավատում եմ խաղաղությանը, որ ճշմարտության ծնունդ է, հավատում եմ հաղթանակող խաղաղությանը: Հետեւաբար, թող հնչեն պայքարի ու հաղթանակի զանգերը, որ հայ մարդը երբեք չլքի իր տունը, որ Եռաբլուրը անտեր ու անիմաստ չմնա, որ Եռաբլուրը Ծիծեռնակաբերդ չդառնա: Ես հավատում եմ, որ հոգեւոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին: Իրական Հայաստանը հաղթելու է կեղծ, ֆեյսբուքյան Հայաստանին : Տաճարը հաղթելու է փողոցին, հոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը հաղթելու են թշնամությանը, եռագույնը՝ սեւ ու սպիտակին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ