Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը հայտարարել է, որ Հայաստանում ռևանշիստները և արտերկրի նրանց հովանավորները պետք է ընդունեն նոր իրողությունները Հարավային Կովկասում, որոնք ծագել են ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո:
«Հայաստանում ռևանշի ձգտող ուժերը, ինչպես նաև արտերկրում նրանց հովանավորները պետք է ընդունեն նոր իրողությունները տարածաշրջանում: Նրանք պետք է հրաժարվեն կեղտոտ սադրանքներ իրականացնելուց, որոնք կարող են ռիսկեր ներկայացնել Ադրբեջանի անվտանգության համար: Ադրբեջանի նկատմամբ ցանկացած ապակառուցողական գործողություն վճռականորեն կկանխվի»,–հայտարարել է նա։
Հիշեցնեմ, որ այս տարվա հուլիսի 26-ին նույն Նաղիևը հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ՝ նշելով. «Հայաստանում ռևանշիստական ուժերը մինչ օրս չեն հրաժարվել իրենց սադրիչ մտադրություններից, և այդ երկրի ընդդիմությունը լուրջ փորձեր է ձեռնարկում խաթարելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ադրբեջանական հատուկ ծառայությունների զգոնության արդյունքում դրա հետ կապված ցանկացած հնարավոր բացասական իրավիճակ վճռականորեն կկանխվի»: Այս հայտարարությունից ութ օր անց՝ օգոստոսի 3–ին, Ադրբեջանը հարձակվեց Բերձորի ուղղությամբ:
Կարդացեք նաև
Ես օպերատիվ տեղեկատվության չեմ տիրապետում, բայց դատելով ադրբեջանական քարոզչադաշտից՝ հստակ տեսնում եմ նոր հնարավոր սադրանքների գնալու միտում: Նոր լարումների գնալու ադրբեջանական ձեռագիրը կրկնվում է, անգամ պաշտոնյաների հայտարարությունները չեն փոխվում, ուստի հույս ունեմ, որ պատկան մարմինները աչալուրջ են այս գործընթացների նկատմամբ»: