Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ռազմաքաղաքական գիծը սերտորեն է փոխկապակցված եւ պայմանավորված թուրքական շահերով ու ծրագրերով. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 05,2022 11:55

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտնելով, որ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, իբր, «հրետանային զինատեսակներից գնդակոծել են» Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը նախընտրում է շրջանցել «հայ-ադրբեջանական սահման» ձեւակերպումը։

Նախօրեին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Եվրամիության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաները ողջունել եւ բարձր են գնահատել հանդիպման փաստն ու տարվող աշխատանքները։ Սակայն շեշտենք, որ առանց Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները վերացնելու, հնարավոր չի լինելու հասնել մեր շահերից եւ միջազգային իրավունքից բխող արդյունքների։ Տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հասնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է, որ ադրբեջանական զինված ուժերը դուրս գան ՀՀ տարածքից։

Ստեղծված իրավիճակն առավել մտահոգիչ է, երբ Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել եւ դրանով լեգիտիմացնել իր նախորդ ու հետագա հնարավոր ագրեսիաները։ Այս պահին Ադրբեջանի թիրախավորման տակ բռնազավթված Քարվաճառից դեպի Սոթք-Վարդենիս եւ Ջերմուկ ուղղություններն են։ Մինչ այս ուղղությամբ Ադրբեջանը սադրանքների համար հող է նախապատրաստում, Իրանի կողմից կոշտ հայտարարությունները որոշակի խմբագրումներ են մտցրել հարավային ուղղությամբ, որտեղ իրականացնում են վարժանքներ։ Այս օրերին Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժություններ են անցկացվում հարավային սահմանների մոտ գտնվող տարածքներում, որոնք գլխավորում է հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոեւը։ Վերջինս աչքի էր ընկել Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն. «Հատուկ նշանակության ջոկատները, հիմնվելով հետախուզության վրա, ներթափանցելով հակառակորդի գծերի հետեւում, կատարել են ուսումնական մարտական առաջադրանքներ՝ դարանակալելու, գրոհելու եւ դիվերսիա իրականացնելու համար։ Հատուկ նշանակության ջոկատների կողմից հայտնաբերված ապաստարաններում եւ պայմանական ճակատի այլ ուղղություններում, անմիջական շփման միջոցով, կատարվել են հակառակորդի տեխնիկայի եւ կենդանի ուժի ոչնչացման խնդիրները։ Գործողություններ են ձեռնարկվել փոքր ստորաբաժանումների կողմից թշնամու թիկունքում ճանապարհին հանդիպող խոչընդոտների համակարգը հաղթահարելու, բնակավայրերում մարտեր վարելու եւ դրանք գրավելու ուղղությամբ»։

Նշվում է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումները գործողություններ են կատարել ռազմաօդային ուժերի եւ նրանց աջակցող հրթիռահրետանային ստորաբաժանումների հետ գիշերային եւ սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ սահմանված գծերն ու կետերը վերահսկողության տակ առնելու նպատակով։ Զորավարժություններում կատարվող առաջադրանքները հստակ ցույց են տալիս այն հիմնական թիրախներն ու խնդիրները, որոնք նախատեսում է իրականացնել Ադրբեջանն Իրանի հետ սահմանին հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում։ Հատկանշական է, որ այս օրերին ակտիվ փոխայցելություններ են տեղի ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտոնյաների կողմից։ Դա մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե ադրբեջանական ռազմաքաղաքական գիծը որքան սերտորեն է փոխկապակցված եւ պայմանավորված թուրքական շահերով ու ծրագրերով։

Լուսինե Մխիթարյան

Հոդվածն ամբողջությամբ՝  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930