Նոյեմբերի 15-ին կարեւոր առաջարկությամբ է պատրաստվում հանդես գալ Ֆրանսիայի Սենատը: Նոյեմբերի 3-ից ֆրանսիական օրենսդիր մարմնում շրջանառության մեջ է դրվել բանաձեւ, որով երկրի կառավարությանն առաջարկվում է ի թիվս զսպման այլ միջոցների օգտագործել նաեւ պատժամիջոցների գործիքակազմը: Բանաձեւով հեղինակները կառավարությանը հորդորում են վճռականորեն գործել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի, ներառյալ քաղաքացիական բնակչությանն ուղղված եւ ռազմական հանցագործությունները հետաքննելու համար: Վեց սենատոր բանաձեւով Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում հաշվի առնել 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած նոր հարձակումների բոլոր դիվանագիտական ու տնտեսական հետեւանքները եւ եվրոպացի գործընկերների հետ միասին դիտարկել ամենակտրուկ միջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը եւ գազի ու նավթի ներմուծման էմբարգոն։
Առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք՝ նրա ինքնիշխանության խախտմամբ իրականացված ռազմական ագրեսիայի փաստը նկատի առնելով: Սենատորները կառավարությանն առաջարկում են դիտարկել Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման, ինչպես նաեւ միջազգային կազմակերպության հովանու ներքո այստեղ անվտանգության ուժերի տեղակայման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետությունում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցերը:
Փաստաթղթում կրկին բարձրացվում է Արցախի Հանրապետության ճանաչման եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար այն բանակցային գործընթացում ներառելու հարցը: Փաստաթղթում այդ առումով հիշատակվում է 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատի ընդունած՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին թիվ 26 որոշումը: Ֆրանսիայի Սենատում շրջանառվող բանաձեւում առանցքային եւ առարկայական պատժամիջոցներ են նախանշված: Այն հավակնում է ցրել անպատժելիության այն մթնոլորտը, որը 2020 թ. պատերազմից հետո առկա է Ադրբեջանի շուրջ, եւ որից օգտվում է պաշտոնական Բաքուն իր ագրեսիվ գործողությունները շարունակելու համար: Սենատորների թիրախները նույնպես ճիշտ են ընտրված: Էներգակիրների ոլորտն Ադրբեջանի ամենազգայուն կետն է, նրա տնտեսության հիմնական մասը, հետեւաբար՝ նաեւ սպառազինման հիմնական եկամուտների աղբյուրը: Այսօր Բաքվի վարքը պայմանավորված է կուտակած սպառազինության աննախադեպ մեծ քանակով, եւ տարածաշրջանում սադրանքները զսպելու համար պետք է հավասարակշռություն ապահովվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ինչի մասին ասվում է նաեւ վերոնշյալ բանաձեւում:
Եթե պաշտոնական Բաքուն «ականջի հետեւ» է գցում բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակում սադրիչ գործողությունները, որոնք կարող են ունենալ ծայրահեղ վտանգավոր զարգացումներ, ապա «գետնի վրա» պատժամիջոցները լիովին իրատեսական են նրան կարգի հրավիրելու համար: Հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատի անդամներն իրենց բանաձեւում առանցքային անդրադարձ են կատարել հայ-ադրբեջանական ներկայիս լարված հարաբերություններում Թուրքիայի ապակառուցողական դերին, ինչն ամբողջացնում է Հայաստանի եւ Արցախի շուրջ գերակայող իրողություններն ու միտումները:
Կարդացեք նաև
Արմեն Վարդանյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։