Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ այդպես է եղել: Յուրաքանչյուր հաջորդ տարի ունեցել ենք ավելի շատ եկամուտներ, քան նախորդ տարի». «Փաստ»

Նոյեմբեր 05,2022 10:50

Ազգային ժողովում 2023 թ.-ի պետական բյուջեի քննարկումն է: Իշխանական պատգամավորներն արդեն իսկ այս բյուջեն ևս աննախադեպ իրադարձությունների շարքին են դասել, մասնավորաբար՝ նշելով, որ այն երբևէ եղած ամենամեծ բյուջեն է, որի ծախսային մասը կազմում է 2,59 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,4 մլրդ դոլար: 2018 թ. բյուջեից այն ավելի է 79 տոկոսով: ԿԲ նախագահն էլ հայտարարել է, թե 2023 թ.-ի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: Ընդդիմադիր թևից կարծիքներ են հնչում՝ բյուջեի հիմքում պրիմիտիվ ճշմարտություններ ու մանիպուլյացիաներ են, այն հակասոցիալական է, խոցելի խմբում գտնվող մարդկանց կյանքն էլ ավելի է վատթարանալու: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է՝ այո, անցած երեսուն տարվա ընթացքում թերևս ամենամեծ բյուջեն ունենք, դա համապատասխանում է իրականությանը:

«Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ սա պետական արդյունավետ կառավարման արդյունք է: Պարզապես տարիների ընթացքում, օրինակ՝ կարող է գրանցվել աճ պարտավորությունների կատարման առումով՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց դեպքում, ստվերային տնտեսությունը կարող է որոշակիորեն կրճատվել, արտադրության ծավալները կարող են մեծանալ և այլն, այս բոլորով պայմանավորված, բնականաբար, բյուջեի մուտքերն ավելանում են: Միշտ այդպես է եղել: Յուրաքանչյուր հաջորդ տարի ունեցել ենք ավելի շատ եկամուտներ, քան նախորդ տարի: Սակայն սա դեռևս չի նշանակում արդյունավետ գործունեություն կամ պետական կառավարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բոստանջյանը:

Նշում է՝ ինչ վերաբերում է ծավալային առումով եկամուտների ավելացմանը, ինչի մասին իրար հերթ չտալով բարձրաձայնում են պաշտոնյաները, դա ևս ունի իր հստակ բացատրությունը: «Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով, աշխարհում տեղի ունեցող իրարամերժ զարգացումների պայմաններում ստացվել է այնպես, որ փոքր Հայաստան մուտք են գործել դրամական հոսքեր, որոնցով պայմանավորված կարելի է քվազի՝ թվացյալ աշխուժություն գրանցել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930