Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիետնամական» գործոնը

Նոյեմբեր 05,2022 10:00

«Նախկին իշխանությունների քրեական հանցագործությունները, երկրի սնանկացումը, բնակչության աղքատացումը, արտագաղթն ակնհայտ են: Հասարակությունն արդեն երեք տարի՝ սպասում է ձեր գնահատականներին եւ իրավական գործողություններին»: Ընթերցողներին խնդրում եմ մի քանի վայրկյան չկարդալ շարունակությունը եւ կռահել, թե երբ է այդ հարցն ուղղվել երկրի առաջին դեմքին:

Եթե ես չբացահայտեմ պատասխանը, ապա դուք, ամենայն հավանականությամբ, կմտածեք, որ այդ հարցը տալիս է այսօրվա իշխանության ընտրազանգվածի որեւէ իրական ներկայացուցիչ կամ էլ որեւէ պայմանական «վիետնամցի»: (Նկատի ունեմ ոչ թե բարեկամ ժողովրդին, այլ վիետնամական ազգանունների տակ թաքնված իշխանական «բոթերին», «ֆեյքերին» եւ «թրոլներին», որոնք վերջերս «կանխարգելիչ հարվածներով ջախջախում էին» ընդդիմության հանրահավաքը):

Իրական կամ վիրտուալ քաղաքացիների այդ երկու տեսակները «անվերապահորեն սատարում են» այս իշխանությանը՝ իր «հրաշալի» գործունեության համար եւ կատարյալ երջանկության համար նրանց անհրաժեշտ է, որ «նախկինները պատժվեն»:

Բայց, եթե դուք այս դեպքում կասկածում եք ժամանակակից «վիետնամցիներին»,  ապա սխալվում եք. այդ հարցը տվել է թերթի մի ընթերցող (չեմ կարող ասել՝ «վիետնամցի», թե իրական) 2001 թվականին, եւ հարցն ուղղված էր այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Քաղաքացիների ուղեղները լվալու այս, պետք է ասել՝ բավականին պարզունակ, ոճը որդեգրվել է 1998 թվականի իշխանափոխությունից հետո: Հիմա, երբ Քոչարյանի կողմնակիցները, ներկայումս՝ ամենակոշտ ընդդիմադիրները, բողոքում են, որ այսօրվա իշխանությունը, իրականում չունենալով պարծենալու որեւէ բան, իր ապաշնորհությունն արդարացնում է «նախկիններով», նրանք պետք է հիշեն, թե ումից է այդ ամենը սկսվել:

1991-1998 թվականների ժամանակաշրջանը՝ միայն որպես «հանցագործությունների», «սնանկացման», «աղքատացման» եւ արտագաղթի դարաշրջան հիշատակելն ուներ եւս մի՝ շատ հեռուն գնացող բացասական հետեւանք: Երբ այդ դարաշրջանը ներկայացվում էր սոսկ որպես «ցրտի-մթի», «ալան-թալանի» եւ զրկանքների դարաշրջան, շարքային քաղքենին գալիս էր այն եզրակացության, որ հենց դա՛ է կարեւորը, ոչ թե պետական ինստիտուտներ, նախեւառաջ՝ բանակ ստեղծելն ու Արցախը ազատագրելը:

Քաղքենու այդ համոզմունքն ամրապնդվեց 1998-2018 թվականների իրական թալանի եւ դրան զուգորդող կեղծ «ազգայնական» քարոզով: Ահա թե ինչու է «վիետնամական» քարոզչությունն այդքան արդյունավետ:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Խմբագրականը կարդալիս ակամա հիշեցի ԱՄՆ դեսպանատան երեկվա հայտարարություն-նախազգուշացումը (https://www.aravot.am/2022/11/04/1302628/)։ Եթե ենթագիտակցությունս ինձ խաբել է, հայցում եմ Ձեր ներողամտությունը։
    Սակայն ասել, թե նշված քարոզչությունն սկսել է 1998-ից, կարծում եմ, ճիշտ չէ։ Այդ քարոզչության հայրերից է Վահրամ Մարտիրոսյանը` իր 1996-ի “Քաղաքական փասիանսով” ։ 2005-ին էլ, առանց անցյալում իր արածից ամաչելու, ձեր թերթում մի մոնումենտալ հոդված հրապարակեց` «Հեռակառավարում» անունով, որտեղ ասում էր մոտավորապես նույնն, ինչ դուք` վերևում, և նույն ժամանակագրությամբ։

  2. Garo says:

    Կեղծ համեմատություն․ 98ից հետո տենց բան չի եղել, որ առաջին դեմքը ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ անդադար նախկիններին քննադատեն, բոլոր ձախողումները բարդեն նախկինների վրա։

    Ասենք երկրի նախագահը առավոտից երեկո խոսեր թալանը բերելու, նախկիններին ասֆալտին փռելու մասին։
    Կամ ասենք գործ հարուցեին 96 ի ընտությունների հարցով ու Լևոնին կալանավորեին։

  3. Լավատես says:

    Իշխանություն ընդդիմումությունը բարիկադի մի կողմում են եւ բարի չար ոստիկան խաղալով փորձում են զոմբիացնել բարիկադի մյուս կողմում գտնվող ժողովրդին: Ժողովուրդը դեռ չի գիտակցում իր աստվածային զորությունը, երբ գործի միասնական, իսկ դա լինում է, երբ ժողովուրդը մի շունչ մի մարմին մի կարծիք մի կամք է, նման ժողովուրդը իսկապես աստվածային շնորհքով է օժտված, դրա համար հակառակ կողմն ամեն ինչ անում է, որ նման միաբանություն չլինի: Միաբան ժողովուրդը նա է, ով վստահում է իր ամենաթանկը իր ժողովրդին, երբ մեր խոսքը, պատիվը շատ ավելի մեծ արժեք են, քան դրսից կառավարվող, բայց ազգային գույներով փողը: Աստվածազոր ժողովուրդը փողի կարիք չունի, եթե ապրանք ես արտադրում, դառնում ես այդ ապրանքով ապահովագրելու ծառայություն’ այդ ապրանքի կարիքն ունեցողների համար: Հայե՛ր, մի շունչ մի մարմին մի կարծիք եւ մի կամք:

  4. Seyran says:

    Մենք ձախողեցինք՝որովհետւ մեր չորս ղեկավարներից երեքը «բանասերներ»էին՝միայն Քոչարյանն է տեխնոկրատ-նրանից էլ պահանջում էինք աղետի գոտու վերականգնում՝այսօրվա երիտասարդները այդ մասին չգիտեն՝իսկ մեծահասակները չեն ուզում հիշել՝Դուք նույնպես-բացեք այն տարի երի լրատվամիջոցները։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930