Լրահոս
Օրվա լրահոսը

«Կը զարմանամ, թե այդքան չարիք տեսնելէ ետք ինչպե՞ս հաւատքի ծառը չէր սարսած մէջս…». Արամ Հայկազ

Նոյեմբեր 05,2022 14:00

Արամ Հայկազի «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» գիրքն այլեւս ընթերցողի սեղանին է: Այն տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, հրատարակության է պատրաստել, ծանոթագրել բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանը, խմբագիրն է պատմաբան Գեւորգ Յազըճյանը:

Արամ Հայկազի (Չեքեմյան, 1900-1986) ինքնակենսագրական վեպը ներկայացնում է գրողի կյանքի չորս տարիները Մեծ եղեռնի ժամանակ՝ 1915-1919թթ. ժամանակահատվածը, երբ նա ապրում էր թուրքերի ու քրդերի հետ, որպես դավանափոխ եղած Մյուսլիմ: Քչերը գիտեն, որ Հայկազը նաեւ 1915-ի հերոսամարտի մասնակցն ու ականատեսն է (Շապին Գարահիսարի):

Գրքում կան հետաքրքիր տեղեկություններ ազգամիջյան հարաբերությունների մասին, ազգագրական-բանահյուսական հարուստ նյութեր, ծանոթագրություններ, արեւմտահայերեն, օտարալեզու մի շարք բառերի, դարձվածքների բառարան:
Արամ Հայկազը պատմում է իրենց գերդաստանի մասին:

«Մոր պատկերն անբաժան էր Արամից. երկնքի աստղերը, զանազան բույսերը, որոնց անունները սովորել էր մորից, պատանուն հիշեցնում են «գետնէն բուսած խոտի մը պէս անտեր» մնացած մորը…Հիմա՝ տարիներ ետք, մտաբերելով այդ պահը, կը զարմանամ, թե այդքան չարիք տեսնելէ ետք ինչպե՞ս հաւատքի ծառը չէր սարսած մէջս…», գրում է Հայկազը, ապա նկարագրում մանկությունը՝ «Հիմա Քիւրտիստանի լեռներուն մէջ, հեռաւորութիւնը մոգական գաւազանով կը սրբուի, ու ես կերթամ տուն»:

«Տասնամյակներ առաջ, երբ «պեղում» էի Համաստեղի (Համբարձում Կելենյան, 1895-1966) գրական դաշտը, Ալ. Մյասնիկյանի անվան հանրային (այժմ՝ Հայաստանի ազգային) գրադարանում պարբերական մամուլ ու գրքեր կարդալիս տարբեր գույնի էջանշաններով նշում էի Համաստեղին, Հակոբ Խաշմանյանին (1888-1968), Արամ Հայկազին (Չեքեմյանին, 1900-1986) եւ Հակոբ Օշականին (Քյուֆեճյան, 1883-1948) առնչվող նյութերը, ինձնից հետո երիտասարդ գիտաշխատողները կարդում էին, եւ հույս ունեի, որ այդ գրողների մասին գիտական նոր աշխատություններ կգրվեն: Ավաղ, հույսերս չարդարացան: Գիտեի երեք ՀԱՅերի՝ Համաստեղի, Հակոբ Խաշմանյանի, Արամ Հայկազի բարեկամության մասին եւ ութ-ինը տարիների ընթացքում ծնողներիս, հատկապես մորս հորդորով հսկայածավալ նյութ հավաքեցի ու պատճենեցի: Այդ տարիներին գրադարանի հատուկ բաժնի վարիչը տիկին Լաուրա Խաչատրյանն էր, որի օգնությամբ հաճախ փոքրիկ «սխրանքներ» էի գործում…»,-գրել է Մարգարիտա Խաչատրյանը՝ Հայկազին նվիրված իր խոսքում:

Ի դեպ, Մ. Խաչատրյանի խմբագրմամբ ընթերցողին է ներկայացվել նաեւ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի յոթ հատորները՝ հարուստ ծանոթագրություններով, քառասուն պատմվածքների «Ապրող ծառ մը» ժողովածուն:

Մարգարիտա Խաչատրյանը ներկայացնում է, թե ինչպես է Համաստեղի մահվան 40- րդ տարելիցին նվիրված հանդիսությունների ժամանակ հրավերով մեկնել Նյու Յորք, այնտեղ հանդիպել Արամ Հայկազի դստերը՝ Այրիս Չեքեմյանին (ի դեպ, դուստրը «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» գրքի ութ գլուխները հրատարակել է անգլերեն իր թարգմանությամբ՝ 2014-ին-Ռ.Մ.): Համաստեղի գրքերն է նվիրում Այրիսին: «Երանի սրա մեկ տասներորդը մեկն աներ հորս համար»: Հուզվեցի…Լավ գիտեի, որ Համստեղի գրական կյանքում դեռ շատ անելիք ունեի (հիմա էլ ունեմ), բայց խոստացա գտնել որեւէ մեկին, ով կհրատարակի Արամ Հայկազի՝ Գրականության եւ արվեստի Ե. Չարենցի անվան թանգարանում պահվող նամակները»,- շարունակում է Մ. Խաչատրյանը:

2009-ին նա կազմում եւ հրատարակում է «Արամ Հայկազ. Նամակներ» հատորը:

Ներկայացնելով Հայկազի «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» գիրքը, Մ. Խաչատրյանը նշում է, որ Ստեփան Ալաջաջյանի հետ նամակագրությունից պարզվել է, որ Խորհրդային Հայաստանում ծրագրել էին հրատարակել այս հատորը: Մեկ այլ նամակում՝ 1968թ. փետրվարի 6-ին Արամ Հայկազը Ալաջաջյանին գրել է. «Կեանքիս մէջ երեք նպատակ կը հետապնդեմ. 1. Սփիւռքի հայութիւնը հայ պահել: 2. Գերուած մեր հողերը ազատագրելով՝ կցել ներկայ Հայաստանին: 3. Ծառայել Հայրենիքին ու մշակոյթին հայոց:
Այս է եղածը: Այս նպատակներուն իրագործման համար պատրաստ եմ գործակցիլ նոյնիսկ սատանային հետ: Կը նախընտրեմ աշխատունակ սխալներ գործողի մը հետ ըլլալ, քան նստած պառաւական բամբասանքներ հիւսողներու»:

Ահասարսուռ պատմական իրադարձությունների ականատեսը լինելով, Հայկազը վեպի տարբեր գլուխներում նկարագրում է իր ապրումները, որոնք այս օրերին մեր հայրենիքում կատարվածին համահունչ են. «Մենք ալ երջանիկ ըլլալըւ մոռցանք: Այլեւս բնաւ, բնաւ երջանիկ պիտի չըլլանք, որովհետեւ մեր աչքերուն խորը դրոշմուած ահաւոր պատկերներ կան…Զանոնք ջնջելու միակ միջոցը աչքերը փորել տալն է: Ու քաջութիունը չունինք այդ բանին համար ալ»:

Գիրքը նախատեսված է Հայոց ցեղասպանության պատմությամբ, բռնի իսլամացած հայերի հարցերով զբաղվողների համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930