Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգի դիմագիծն առաջին հերթին անհրաժեշտ է ներկայացնել ակադեմիական արվեստով»

Նոյեմբեր 05,2022 13:00

Գերմանաբնակ երգչուհի Սեդա Ամիր-Կարայանը ձեռնամուխ է եղել հայ եւ գերմանական հոգեւոր երաժշտությունը մեկ միջավայրում ներկայացնելուն

Երգչուհի Սեդա Ամիր-Կարայանը թեեւ ավելի քան 10 տարի ապրում եւ ստեղծագործում է Գերմանիայում, բայց մինչ օրս երաժշտասերների շրջանում Հայաստանում ընկալվում է որպես Ռոբերտ Ամիրխանյանի երգերի բարձրարվեստ մեկնաբան։ Իհարկե, այդպես էլ կա։ Ժամանակին առաջին քայլերն անող երգչուհուն իր երգերի կատարումները վստահեց կոմպոզիտորը, որն, ինչպես գիտենք՝ խստապահանջ է։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին էլ Ֆրանկֆուրտում կայացած Ամիրխանյանի երեկոյին մասնակցեց նաեւ Ամիր-Կարայանը։ Իսկ 2021թ. այս երգչուհու առայսօր միակ բեմելը «Արամ Խաչատրյան» համերգասրահում անակնկալ էր այդ օրը ներկա մասնագետների եւ հանդիսատեսի համար. Բախի «Չարչարանքներ ըստ Մաթեոսի» օրատորիայի կատարմանը՝ մասնակցությամբ Հայաստանի կամերային նվագախմբի եւ կամերային երգչախմբի, «Տիրամայր» ու «Երեւան» կամերային երգչախմբերի եւ մասնակից մեներգիչների թվում էր Սեդա Ամիր-Կարայանը, որին վստահված էր կատարել հիշյալ ստեղծագործության կոնտրալտոյի պարտիան։ Դիրիժորական վահանակի մոտ էր գերմանացի ճանաչված մաեստրո Ֆիլիպ Ամելունգը։ Նշենք, որ օրատորիայի կատարումը իսկապես հիանալի էր։ Մենք այդ հարցազրույցի չհրավիրեցինք երգչուհուն, որովհետեւ համերգից ընդամենը ժամեր անց, գիշերը նա վերադառնալու էր Գերմանիա։

Այս օրերին երգչուհին Երեւանում է։ Մեզ հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ թեեւ ծրագրված չէ ոչ մի համերգ, բայց ցանկությունը մեծ է 2023-ին այստեղ հանդես գալ իր ձայնի՝ կոնտրալտոյի համար գրված Բախի սոլո կանտատների մեկնաբանությամբ։ Մանրամասնեց, որ օրերս վերադառնալու է Գերմանիա եւ Kamerata Vivaldiana բարոկ նվագախմբի հետ, դիրիժոր Ֆրից Կրեմերի ղեկավարությամբ ձեռնամուխ է լինելու այդ կանտատի ձայնագրման աշխատանքներին. «Այս նվագախմբում գործիքները պատմական են։ Պարզ ասած՝ դրանք պատրաստված են բարոկ ժամանակաշրջանի (17-18-րդ դդ.) տրադիցիաներով։ Դա Բախի, Հենդելի եւ վերջիններիս ժամանակակիցների տարիներն են։ Բարոկ կամերային նվագախմբերի եւ անսամբլների հետ համերգներ եմ ունենում ոչ միայն Գերմանիայում, այլեւ Շվեյցարիայում, Իտալիայում… Նման նվագախմբերը Եվրոպայում այսօր շատ պահանջված են, որոնք, բնականաբար, հանդես են գալիս միայն ու միայն քարոզելով հնագույն երաժշտություն։ Այս CD-ում տեղ կգտնի նաեւ հայկական հնագույն երաժշտություն եւս, այդ թվում՝ Շնորհալու, Նարեկացու եւ մյուսների գործերը։ Ցանկություն ունեմ հայ եւ գերմանական հոգեւոր երաժշտությունը հնչեցնել, կատարել, ներկայացնել մեկ միջավայրում»։ (Երգչուհու առայժմ միակ CD-ում, որտեղ հանդես է եկել դաշնակահար Գյոց Փայերի ընկերակցությամբ, գերմանացի հեղինակների կողքին Կոմիտաս է)։

Մեր զրուցակցին խնդրեցինք ներկայացնել, թե ինչպե՞ս եղավ, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային, այնուհետեւ երաժշտագիտական բաժնի երբեմնի ուսանողը Գերմանիայում, ըստ մեր տեղեկությունների՝ փայլուն կարիերա է անում դասական երաժշտության ոլորտում, ավելի ստույգ՝ կանտատ-օրատորիալ եւ գերմանական լիդի ժանրերում։ «Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին երգում էի «Գեղարդ» երգչախմբում։ Ելույթներից մեկի ժամանակ Գերմանիայից ժամանած հյուրերից մեկը նկատելով ինձ, հայտարարեց, թե ես պետք է Բախ երգեմ։ Իհարկե, զարմանքս աննկարագրելի մեծ էր։ Կարծիք հայտնողը «Գեղարդի» լավ բարեկամներից էր։ Հետո ստացվեց այնպես, որ Ռոբերտ Ամիրխանյանի եւ երգիչ Գուրգեն Բավեյանի հետ ես էլ հյուրախաղերի մեկնեցի Գերմանիա։ Հասնելուն պես ինձ տեղեկացրին, որ Շտուտգարդի Բախի ակադեմիան լսումներ է անցկացնում, ես էլ սիրով մասնակցեցի։

Պատկերացնո՞ւմ եք՝ իմ երկացանկում երբեք Բախ չի եղել։ Այդ ժամանակ հայտնվել էի մի իրավիճակում, երբ փաստորեն օրերի ընթացքում անհրաժեշտ էր հղկել իմ գերմաներենը։ Բայց մի առավելություն ունեի՝ ի վերջո կոնտրալտո եմ, այսինքն՝ կանացի ոչ հաճախ հանդիպող ձայն։ Իհարկե, մասնակցեցի եւ կարճ ասած՝ 2011թ. Գերմանիան դարձավ իմ ապրելու եւ ստեղծագործելու վայրը»։

Հետաքրքրությանը՝ վերջին շրջանում շատ ենք հանդիպում ձեր անունը հատկապես գերմանական պարբերականներում, այդ թվում՝ մասնագիտական, կմտաբերե՞ք՝ երբվանի՞ց, ո՞ր բեմելից կամ ընդհանրապես, գուցե ո՞ր ստեղծագործության մեկնաբանումից հետո տեղի մամուլը սկսեց հետաքրքրվել ձեր արվեստով, երգչուհին պատասխանեց. «2011-ի հոկտեմբերն էր, երբ տեղափոխվեցի Գերմանիա եւ ընդամենը մեկ ամիս անց մասնակցեցի Հենդելի «Մեսիա» օրատորիայի կատարմանը։ Հավանաբար շրջադարձային էր 2013-ը, երբ Ցվիկաու քաղաքում անցկացվող օրատորիալ երգեցողության մրցույթում հաղթանակ տարա։ Դրանից հետո ոչ միայն սկսվեցին հրավերները, ասենք՝ Մոցարտի Ռեքվիեմի, Բրուխի «Օդիսեյ» օրատորիայի կամ մեծակտավ այլ ստեղծագործությունների կատարմանը մասնակցելու համար, այլեւ դարձա ցանկալի արտիստ բառացիորեն Գերմանիայի համերգային բոլոր սրահներում, այդ թվում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում։ Համերգներով հանդես եմ եկել, բնականաբար, Եվրոպայի այլ քաղաքներում նույնպես, նաեւ ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կանադայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում։ Հաջորդ տարի համերգներ կունենամ Ճապոնիայում, գարնանն էլ հրավիրված եմ մասնակցելու Լայպցիգում անցկացվելիք Բախի փառատոնին եւ առաջին անգամ բեմ կբարձրանամ այսօր ոչ միայն Եվրոպայի, այլեւ աշխարհում հեղինակավոր համերգասրահ համարվող Համբուրգի ELB ֆիլհարմոնիայի դահլիճում»։

Զրույցի ընթացքում երգչուհին կարծիք հնչեցրեց, որ յուրաքանչյուր ազգի դիմագիծ առաջին հերթին անհրաժեշտ է ներկայացնել ակադեմիական արվեստով։ Հիշեցրեց Չերչիլի խոսքերը՝ եթե չունենք մշակույթ, ապա ինչու ենք պատերազմում։

Հավաստիացրեց, թե փորձում է իր հնարավորությունների սահմանում անել ամեն ինչ՝ հայ երգարվեստը, կատարողական արվեստը հավուր պատշաճի ներկայացնելով աշխարհին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ տարբեր երկրներում կայացած Սեդա Ամիր-Կարայանի մասնակցությամբ համերգներից են։

«Առավոտ» օրաթերթ
04.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930