Հարցազրույց բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-նյարդաբան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի ընդհանուր հարցերի գծով տեղակալ Ավետիս Ավետիսյանի հետ։
– Ի սկզբանե, ի՞նչը մղեց, որ գրեք «Ամենաերկար նամակը. ճանապարհ դեպի լույս» գիրքը։
– 2016-2019թթ. ծառայել եմ Արցախի պաշտպանության բանակում։ Այդ ժամանակաշրջանն ինձ համար անձնական եւ մասնագիտական որակների կատարելագործման լավագույն շրջաններից մեկն էր, քանի որ մեծ պատասխանատվություն էր կնոջս եւ երեք անչափահաս երեխաներիս հետ գտնվել ծննդավայրիցս զգալի հեռու, հանդիսանալ ողջ պաշտպանության բանակի միակ նեղ մասնագետը։ Օրերս խիստ հագեցած էին, ծանրաբեռնված էի՝ ֆիզիկապես, հոգեպես եւ մտովի։ Ամեն օրս շատերի մեկ շաբաթվա խտությունն ուներ։ «Աճս» խիստ արագացել էր՝ փակագծերը չեմ բացում։ Անհրաժեշտ էր արձանագրել այն ամենն, ինչ օրեցօր հասունանում էր։ Եվ որ ամենից կարեւորն է, չէի հասցնում երեխաներիս պատշաճ ժամանակ հատկացնել, ուստի որոշեցի գրի առնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է, որ հայրն ասի իր զավակներին։ Այսօր արդեն՝ Արցախում տեղի ունեցած ամենն ապացուցում է, որ մտահոգություններս ճիշտ էին։ Դրա համար, ընկերոջս՝ Ավետիք Հարությունյանի հետ շատ էինք վերլուծում գլոբալ իրադարձությունները եւ միասին եզրահանգեցինք, որ գիրք պետք է գրել ու գիրքն այդ պետք է լինի անձնային աճի, մասնավորապես՝ հայր ու որդի երկխոսության մասին։
– Գրքի կարեւոր ուղերձը։
Կարդացեք նաև
– Այն յուրահատուկ ուղեցույց է, որը երաշխավորում է մռայլ ճամփաներից անցում դեպի լույս տանող ճանապարհ։ Հազարավոր գրքերի մեջ, միեւնույն է՝ մեզ առաջին հերթին գրավում են նրանք, որտեղ թաքնված են մարդու մասին ամենակարեւոր գաղտնիքները։ Իսկ մարդը՝ անթերի, կատարյալ արարած է։ Մարդն այս աշխարհում ստեղծված ամենահաջողված պրոդուկտն է։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը երբեւէ սրա մասին գլխի չի ընկնում։ Եկեք նայենք շուրջբոլորը, ինչո՞վ է զբաղված մարդկանց մեծ մասը։ Ինչի՞ են ձգտում մարդիկ։ Եկեք համեմատենք նրանց հետ, ովքեր գրքեր են գրում ու կարդում՝ որոնելով ճշմարտությունը։ Վերջիններս, մյուսներից մշտապես մի քանի քայլ առաջ են։
Մեզանից յուրաքանչյուրը մեծ առաքելություն ունի եւ կարող է լավ գործերով աշխարհն ավելի լավը դարձնել։ Կարեւոր է, որ մենք մեզ շրջապատենք հաջողակ ու խելացի մարդկանցով։ Բայց ոչ նրանցով, ովքեր միայն խոսում են, այլ նրանցով, ովքեր իրենց պահվածքով ու կենսագրությամբ օրինակ են ծառայում։ Միշտ չէ, որ սկզբնական հնարավորությունները բոլորի մոտ հավասար են։ Այդպես քիչ է լինում։ Դու կարող ես սկզբում ոչինչ չունենալ, բայց եթե գիտես, թե ո՞ւր ես գնում ու ինչպե՞ս, ապա անպայման վերջում հաղթելու ես։ Ու այս ճանապարհին անընդհատ ու շարունակական աճն ամենից կարեւորն է։ Մարդկությանը դեռ երբեք այսքան հնարավորություն չի տրվել։ Երբեւէ աշխարհն այսքան բաց ու հասանելի չի եղել բոլորի համար, հատկապես գիտելիքը՝ համամարդկային գիտելիքն ու իմաստությունը, որը միտված է մարդու որակների բարձրացմանը։ Իսկ գիտե՞ք, ինչու է մարդը հզոր, որովհետեւ նա ունակ է ՍՏԵՂԾԵ՛Լ։ Ամեն ինչ։ Սկզբում մտքում, հետո՝ կյանքում։ Մարդը հզոր ներուժ ունի, անսահմանափակ։ Ոչինչ չի խանգարում պատկերացնել այն, ինչ ուզում ես։ Հայտնվել այնտեղ, որտեղ ուզում ես։ Դա անվճար է։ Աճն ու շարժումն են կարեւոր։ Ստեղծագործ կերպարի պահպանումը։
– Նաեւ արդեն հասանելի են գրքի ռուսերեն եւ անգլերեն թարգմանությունները։ Այն ի՞նչ միտումներ ունի։
– Մարդը ծնվել է արարելու ու ստեղծելու համար։ Գուցե առաջին ստեղծագործությունդ կատարյալ չլինի։ Այդպես գրեթե չի լինում, բայց չի կարելի հրաժարվել սեփական ստեղծագործությունից միայն նրա համար, որ թերություններ ունի։ Ճիշտ հակառակը, պետք է աշխատել այնքան, մինչեւ թերությունները շտկվեն։ Սա հասկանալու համար պետք չէ պրոֆեսորի կոչում կամ էլ դոկտորի գիտական աստիճան ունենալ։ Գիտելիքները, որոնք ամփոփված են դասագրքերում՝ ինչ-որ մեկի կամ հազարավոր մարդկանց գործնական փորձի արդյունքն են։ Որեւէ բան կարելի է արձանագրել որպես ուսուցողական նյութ, եթե դա արդեն կյանքի է կոչվել, իսկ կյանքի կոչողները միայն գիրք կարդալով չէ, որ եկել են այդ հայտնագործություններին։ Մարդիկ փորձել են այնքան, մինչեւ պատասխանը գտնեն։ Նրանք չեն մտածել փողի մասին, նրանց համար կարեւոր է եղել արդյունքը։ Ահա, թե ինչու է կարեւոր ստեղծելը։ Մենք բոլորս ամեն քայլափոխին կարող ենք ինչ-որ մի բան ստեղծել, բայց մեզանից շատերը նախընտրում են ոչինչ չանել ու քննադատել ուրիշների ստեղծածը կամ այդ ստեղծարարության ընթացքը։ Սա դժբախտություն է։ Կարեւոր է, որ մենք չդառնանք նրանցից մեկը։ Այդպիսի մարդկանցից կիլոմետրերով հեռու մնալ է պետք։ Նրանք մեզ կչորացնեն, անհոգի կդարձնեն։ Իսկ մենք դրա համար չենք ծնվել։
Ես գրեցի մի գիրք, որը տեսականորեն հասանելի էր շուրջ 10-12 մլն հայախոս, տառաճանաչ մարդու։ Իսկ ինչո՞ւ չթարգմանել այն լեզուներով, որոնց տիրապետում են միլիոնավոր մարդիկ, ինչո՞ւ ի սկզբանե վիժեցնել գաղափարն ավելի լայն լսարանի հասցնելու հնարավորությունը։ Ինչո՞ւ չձգտել, գոնե թե մտքում։ Ոչ իմ դեպքում։ Գիրքը թարգմանվելու է բազմաթիվ այլ լեզուներով։ Սա դեպի մեծ աշխարհ տանող միակ ճանապարհն է։ Ես երազանք ունեմ, որ գիրքը դառնա համաշխարհային բեսթսելլեր։ Հիշե՛ք այս խոսքերս, հետո աշխարհի տարբեր երկրներից, տարբեր հրատարակիչներ դիմելու են՝ գրքի թարգմանության եւ տարածման համար։ Համոզված եմ։
– Որպես բժիշկ-նյարդաբան, առողջապահության կազմակերպիչ, անձնային աճի մասին գրքի հեղինակ, ի՞նչ գաղտնիքներ կբացեք նրանց համար, ովքեր զգում են, որ ասելիք ունեն, բայց չգիտեն, թե ինչից սկսեն։
– Մտապատկերում՝ վիզուալիզացիա։ Մարդու հզորագույն գործիքներից մեկն է։ Մեր մտքերի կառավարումը մեզ համար առանցքային նշանակություն ունի։ Վստահ եմ, որ լսել եք՝ «Մենք դառնում ենք այն, ինչի մասին երկար ժամանակ մտածում ենք»։ Դրա համար շատ կարեւոր են մեր սովորույթները, մեր ամենօրյա գործողությունները, որոնք ժամանակի ընթացքում կարող են մեզ հասցնել կատարյալ բարձունքի կամ՝ անդունդը նետել։ Մեր ամեն քայլափոխն ընտրություն է։ Մենք ամեն օր կայացնում ենք հարյուրավոր որոշումներ։ Եվ այդպես ողջ կյանքի ընթացքում։ Մենք կհաջողենք, եթե սովորենք ինքնուրույն որոշումներ կայացնել եւ պատասխանատվություն կրել դրանց հետեւանքների համար։ Մենք պետք է դադարենք վախենալ ամեն ինչից, հատկապես՝ սխալվելուց։ Մեր օրերի իրական համավարակներից մեկն է։ Այդպիսի վախերը մեզ կարկամում են։ Թույլ չեն տալիս գործել, որովհետեւ կարող է եւ սխալվենք։ Հետո՞։ Ի՞նչ կլինի, եթե անգամ սխալվենք։ Գուցե ժամանակի կամ ֆինանսական ռեսուրսների կորուստ։ Բայց ամեն ինչից հրաժարվել ու ոչինչ չանելը սովորություն դարձնել միայն նրա համար, որ կարող ենք սխալվել՝ ողբերգություն է։ Ես չգիտեի, թե ինչպես են գիրք գրում, մինչեւ չգրեցի։ Ես չգիտեի, ինչպես ղեկավարել, մինչեւ չղեկավարեցի։
– Շատերը դժգոհում են, որ Հայաստանը սահմանափակ հնարավորություններով երկիր է։
– Ներեցե՛ք, ձեր առջեւ նստած է մեկն, ով ամեն ինչում հնարավորություն է տեսնում։ Ինձ համար ընկալելի չեն նման պնդումները, դրա համար չէի ցանկանա գնահատական տալ, սակայն դա բացատրում է այդ մարդկանց անհաջողությունները։
Ամեն տեղ, ուր ստեղծագործ ու ինքնաբավ մարդիկ են համախմբվում, տիրում է ներդաշնակության, սիրո ու արարման մթնոլորտ։ Դա լավագույն տեղն է, որտեղ ամեն մարդ կարող է իրեն գտնել։ Դա հրաշք այգին է, որտեղ մենք պետք է ծաղկենք։ Դա կլինի լավագույն ընտրությունը՝ որքան շուտ, այնքան լավ։ Տիեզերքը մեզ հավատում է, մնում է մենք մեզ հավատանք, ու երբեք չհանձնվենք, քանի որ ամեն հրաշալի բան մեր ներսում է։ Երբ ամեն ոք կկառուցի իր գեղեցիկ ներքին տաճարը, թող հոգ տանի նրա մասին ու ներս թողնի միայն արժանիներին։ Ամենքս մյուսների տաճարի նկատմամբ հարգանքով լինենք, պատիվ համարենք ցանկացած նման մի տեղ հայտնվելը։ Ժպտանք, արարենք, ստեղծենք։ Բարձրագույն գիտակցությանն այնքան հաճո է ստեղծարարությունը, իսկ մենք վարպետներ ենք, որ գեղեցիկ նկար ենք նկարում՝ մեր կյանքի նկարը, գրողներ, որ շարադրում ենք մեր կյանքի կարեւորագույն ասելիքը։
Իմ կյանքի գլխավոր խոսքն է՝ ՍՏԵՂԾԻ՛Ր։
Գրքում ես բացել եմ իմ տաճարի դռները, այնպես որ, ամեն ոք կարող է մուտք գործել իմ տաճար ու երջանիկ եմ, որ չեմ սխալվել։ Ընթերցողը կտեսնի, թե որքա՜ն գեղեցիկ է ամեն բան, որքա՜ն սեր ու ջերմություն կա պատերի ներքո, որքա՜ն գեղեցիկ նկարներ կան պատերին, լսի իմ հոգու սիմֆոնիան։ Դա աստվածային ու մաքրամաքուր երաժշտություն է։ Ես երջանիկ եմ, որ իմ առաքելության ճանապարհին հանդիպեցի նրանց, ում վարակելու եմ մարդասիրությամբ ու ստեղծարարությամբ։ Հրաշալի է, երբ մարդիկ ճիշտ ճանապարհին են։ Շարժվե՛ք, կանգ չառնե՛ք, լսեք ինքներդ ձեզ, ձեր ներքին ձայնին։ Հետազոտեք ու կգտնեք։
– Ի՞նչ յուրահատուկ ուղերձ կհղեք ընթերցողին։
– Սովորել ու կարողանալ ուրախանալ այլոց հաջողություններով։
Բարձրանալիս` չմոռանալ բարձրացնողներին։
Բարձրացնել…
Ժպտալ, եթե նրանք, ում բարձրացրել ես` քեզ չեն մոռացել,
Շարունակել, եթե անգամ մոռացել են:
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.11.2022