Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոչիի հանդիպումը չցրեց Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունու շրջանակներում առկա քաղաքական մշուշը»

Նոյեմբեր 05,2022 12:00

«ՀՀ վարչապետի Իրան կատարած այցելության շրջանակներում պաշտոնական Թեհրանի կողմից հնչել է նաև մեր տարածաշրջանում օտար ուժերի ներգրավվածության անընդունելի լինելու վերաբերյալ նախազգուշացում: Մեր անվտանգությունն ապահովելու տեսանկյունից այս կարգի բոլոր ուղերձները պետք է պատշաճ ուշադրության արժանանան»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:

-Սոչիում, ՌԴ նախագահի հովանու ներքո կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախօրեին Արցախում՝ այդ երկրի խորհրդարանական ուժերի նախաձեռնությամբ եւ ընդհուպ մինչեւ Արցախի նախագահի մասնակցությամբ, հանրահավաք կայացավ, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: ԱՀ խորհրդարանը նաեւ հայտարարություն ընդունեց՝ արձանագրելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել ու չի լինելու: Ի՞նչ ուղերձներ ուներ ԱՀ խորհրդարանի հայտարարությունը, համազգային հանրահավաքը, ի՞նչ շեշտադրումներ բաց թողնվեցին եւ ինչո՞ւ:

– Այո, ասվեց, որ Արցախը ոչ մի պարագայում Ադրբեջանի մաս չի կազմելու և շարունակելու է իր անկախ պետականությունը կառուցելուն ուղղված ջանքերը: Խոսվեց նաև ՀՀ-ից ունեցած ակնկալիքների մասին, ընդգծվեց ռուս խաղաղապահների ներկայությունն անժամկետ դարձնելու անհրաժեշտությունը և, առհասարակ, ՌԴ իշխանություններից ակնկալվող համակողմանի աջակցության պահանջված լինելու հանգամանքը: Անկախ հնչեցված ուղերձների բովանդակությունից, կարծում եմ, որ առաջնային էր Արցախի քաղաքական սուբյեկտայնության, Արցախի իշխանությունների ու քաղաքացիների կողմից սեփական քաղաքական օրակարգը հնչեցնելու փաստը և հիմնական ուղերձը հենց սա էր: Այլ հարց է, թե այդ օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը ինչպիսի՞ կոնկրետ արդյունքերի կհանգեն:

-Արցախում կայացած հանրահավաքի ժամանակ նաեւ ՀՀ իշխանությանն ուղղված պահանջ հնչեցվեց եւ դատելով իշխանական պատգամավորների արձագանքներից, իրենք նեղսրտած են այդ փաստից, քանի որ կարծում են, որ արցախցիներն իրավունք չունեն իրենց պահանջ ներկայացնելու:

– Այդ նեղսրտածները մշտապես պետք է հիշեն, որ իրենց առաջնորդն է ասել, որ «…Արցախը Հայաստան է և վերջ…» ու նրա հետ կիսեն պատասխանատվությունը քաղաքական հռետորաբանության այս նմուշն այժմ գործնականում մոռացության մատնելու համար: Բայց, ամեն դեպքում, անգամ ինչ-ինչ հարցերում միմյանց հետ համաձայն չլինելով, պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը պարտավոր են գտնել համագործակցության այն ձևաչափը, որը կկանխի փոխադարձ անվստահության արմատավորումն ու մեղադրանքները:

-Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիեւ առանձին, ապա եռակողմ հանդիպումները, ըստ Ձեզ, երեք կողմերից՝ ո՞ւմ եւ ի՞նչ տվեցին: Այդ հանդիպման արդյունքում ի՞նչ իրողություն ունենք, գործընթացներն ի՞նչ փուլ են մտել, մանավանդ, որ առաջիկայում, Բրյուսելում էլ նախատեսված է սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի նիստը:

– Սոչիի հանդիպումը չցրեց Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունու շրջանակներում առկա քաղաքական մշուշը: Չեմ բացառում, որ հանդիպման մասնակիցները ինչ-որ ետնաբեմային համաձայնությունների, այնուամենայնիվ, հանգել են, սակայն նախընտրել են դրանք չհրապարակայնացնել, չցանկանալով իրենց երկրների ներքաղաքական իրավիճակն ալեկոծել: Հավանական է, որ, օրինակ, մոտ օրերս Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների մի նոր խումբ վերադարձվի Հայաստան: Ամեն դեպքում, հայ-ադրբեջանական հարաբերություններում, այդ թվում նաև ընդհանուր սահմանների երկայնքով առկա իրավիճակի բարելավումը քիչ հավանական է:

-Եռակողմ հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի, ինքնորոշման մասին արձանագրումներ չկան ու այդ հանգամանքն ավելի տարատեսակ ընկալման տեղիք է տալիս՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ հանդիպումից հետո արած այն հայտարարության համատեքստում, որ ԼՂՀ կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին: Արցախին Նախիջեւանի ճակատագի՞րն է սպառնում:

-Դեսպան Կոպիրկինն այն պաշտոնատար անձը չէ, ում հայտարարությունները լիարժեք արտացոլում են ընթացիկ իրավիճակի բոլոր նրբերանգները: Որքան հասկանում եմ, ռուսական կողմը Արցախի կարգավիճակի խնդիրը նախընտրում է անորոշ ժամանակով առկախել, սակայն դա կնշանակի նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը դարձնել անժամկետ: Այս առումով, խաղաղապահների ներկայությունը կոնսերվացնում է առկա իրավիճակը և թույլ է տալիս պահպանել Արցախի պետական ինստիտուտները, դրանց իրական անկախությունը Ադրբեջանից:

– Նիկոլ Փաշինյանը Սոչիից մեկնեց Իրան, որտեղ եւս մի շարք համաձայնություններ եղան, հայտարարություններ հնչեցին, այդ թվում նաեւ դեպի Հայաստան իրանական գազի հոսքի կրկնապատկման մասին: Վերջերս նաեւ Կապանում Իրանի հյուպատոսություն բացվեց. եթե փորձենք ավելի հանրամատչելի ներկայացնել իրավիճակը՝ ի՞նչ խաղի մեջ է մտել Հայաստանը:

-Հայաստանին հընթացս իրենց խաղն են առաջարկում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Թուրքիան և հասկանալի է, որ Իրանը ևս պետք է փորձեր իր մտահոգությունները կիսել պաշտոնական Երևանի հետ: Մենք պետք է լավ գիտակցենք, որ հայտնվել ենք խոշոր խաղացողների շահերի բախման տիրույթում, ընդ որում, շահերի այդ բախումը կարող է վերածվել նաև ուժային դիմակայության, որի համար հենց Հայաստանի տարածքը կարող է ծառայել որպես անմիջական բախման հարթակ: ՀՀ վարչապետի Իրան կատարած այցելության շրջանակներում պաշտոնական Թեհրանի կողմից հնչել է նաև մեր տարածաշրջանում օտար ուժերի ներգրավվածության անընդունելի լինելու վերաբերյալ նախազգուշացում: Մեր անվտանգությունն ապահովելու տեսանկյունից այս կարգի բոլոր ուղերձները պետք է պատշաճ ուշադրության արժանանան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930