Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն խոստացել էր, որ Սոչիի հայտարարությունում կնշվի ռուսական փաթեթը՝ ԼՂ հարցով, ինչը տեղի չունեցավ․ Արմեն Գրիգորյան․ Factor TV

Նոյեմբեր 04,2022 23:40

«Եթե ՀԱՊԿ-ն չի ընդունում, որ Հայաստանում կա սահման, նշանակում է՝ չկա նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, և մեծ հաշվով՝ չկա նաև ՀԱՊԿ», ասում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ինչո՞ւ Սոչիում ՌԴ նախագահին չհաջողվեց պաշտպանել իր իսկ առաջարկները, որոնցից գլխավորը, թերևս, ԼՂ-ի մասին նշում կատարելն է խաղաղության պայմանագրում՝ կարգավիճակի հարցն ապագային թողնելու վերապահումով։ Երևանն ընդունել էր Մոսկվայի բոլոր առաջարկները, բայց պարոն Պուտինը չհաջողեց։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ Երևանը փորձել է ռուսական առաջարկներին աջակցություն ցույց տալ, երբ հայտնի էր Սոչիի հանդիպման օրը և ձևավորվում էր փաթեթը։

«Մենք մի քանի անգամ փորձ ենք կատարել, որպեսզի հստակ նշվի ռուսական առաջարկությունների փաթեթը, որտեղ նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսք կար։ Իհարկե, ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ։ Ի դեպ, մենք նաև խաղաղապահների տեղակայման մասով ուզում էին հստակ նշվեր, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղ չգտավ վերջնական հայտարարությունում։ Մենք շարունակելու ենք աշխատել ՌԴ-ի հետ և փորձել ունենալ արդյունքներ այս ուղղությամբ։ Վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ ենք ստորագրել խաղաղապահների մնալու ժամկետի՝ 15, 20 կամ ցանկացած այլ տարով հետաձգումը։ Կարծես թե ռուսական կողմում կա ընկալում, որ արժե աշխատել այս ուղղությամբ և փորձել լուծումներ գտնել»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում ճանապարհային քարտեզ պիտի ընդունվի, կամ՝ ոչ։ Դրված է Հայաստանի տարածքների՝ ադրբեջանական զավթումից ազատելու հարցը։ Բայց նիստից առաջ Բելառուսի նախագահն անում է Հայաստանի դեմ ուղղված հայտարարություններ, թե հայ-ադրբեջանական հարաբերությունը ՀԱՊԿ-ի խնդիրը չէ, թե Իլհամն իրենց եղբայրն է և այլն։

Factor TV-ն ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին հարց ուղղվեց՝ եթե Երևանում Լուկաշենկոյի ձեռքով ձախողվի ճանապարհային քարտեզի ընդունումը, այսինքն՝ ձախողելու այդ գործը նրան հանձնարարվի, ՀՀ տարածքների օկուպացիան վերացնելու հարցը ՀԱՊԿ-ում լուծում չստանա, ի՞նչ է մնալու ՀՀ-ին անել ՀԱՊԿ-ում, եթե ոչ՝ լքել այդ կառույցը․ «Ընդհանրապես՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, մեծ հաշվով, ՀՀ-ի խնդիրները չեն։ ՀԱՊԿ-ն պետք է նման հարցերի մասին մտածի և մտահոգվի, Հայաստանը մտածելու բան չունի, որովհետև այդ հարցը պետք է ուղղված լինի ՀԱՊԿ-ին։ Եթե ՀԱՊԿ-ն չի ընդունում, որ Հայաստանում կա սահման, նշանակում է՝ չկա նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, և մեծ հաշվով՝ չկա նաև ՀԱՊԿ։ Սա է ամբողջ հարցը, որով պետք է մտահոգվի ՀԱՊԿ-ն, ՀՀ-ն չունի մտահոգվելու հարց»,- պատասխանեց Արմեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութերում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930