Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Ուշագրավ է հետևել Ռուբեն Վարդանյանի նշանակման մասին ադրբեջանական արձագանքներին: Նախ, նշեմ, որ գործարար Վարդանյանի տեղափոխվելն Արցախ բուռն արձագանք էր ստացել ադրբեջանական մամուլում: Նրա գործունեությանը հետևում են խոշորացույցով և շարունակ քարոզչական հոդվածներ հրապարակում:
Օրերս գրել էի, թե ինչպես են Վարդանյանին «մեղադրում» բենզին և փող բաժանելու մեջ՝ Ստեփանակերտում ցույց կազմակերպելու նպատակով: Այսօր պետնախարարի պաշտոնում նշանակումից հետո կայքերից մեկը գրել է, որ «սա սեպարատիզմի նոր ալիք» է նշանակում: Հոդվածագիրը Վարդանյանին անվանում է «ռուսական էմիսար» և նշում, որ եթե ռուսները հույս ունեն պահպանել Արցախի ստատուս քվոն, ապա դրա պատասխանը պետք է լինի Ադրբեջանի ռազմական գործողությունները:
Հատկանշական է, որ այս քարոզչական արշավն արտացոլում է ադրբեջանական կողմի բոլոր վախերն ու մտահոգությունները: Նրանք մի կողմից հայտարարում են, որ Արցախի հարցը «փակված է», մյուս կողմից գրոհում Ռուբեն Վարդանյանի վրա: Լավ, եթե մտածում են իրենք են տնօրինողը, ապա որտեղի՞ց այս վախերն ու սպառնալիքները, ինչու՞ են սպառնալիք տեսնում Վարդանյանի Արցախ տեղափոխվելու կամ նշանակման մեջ:
Կարդացեք նաև
Իրականում իրենք էլ հասկանում են՝ եթե մենք խելացի վարվենք, կկարողանանք դուրս գալ այս անկարող ու պարտված իրավիճակից, քանի որ Ադրբեջանը բոլոր ջանքերով հանդերձ չի կարողացել զավթել Արցախն ամբողջությամբ, ավելին՝ չի կարողացել կոտրել կամքը, քանի որ մարդիկ վերադարձել են իրենց տները և շարունակում են կյանքը:
Սա է, որ անհանգստացնում է Ադրբեջանին և արտացոլվում է ադրբեջանական քարոզչադաշտում՝ նաև հնարավոր ռազմական գործողություների գնալու սպառնալիքների տեսքով»: