«Այս փուլում ԱՀ-ն անհրաժեշտություն ունի հակազդելու բոլոր այն վտանգավոր թեզերին, որոնք չեն բխում մեր պետական շահերից: Բավականին բարդ փուլ է, անհրաժեշտություն ունենք բազմակողմ աշխատանքի, թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական դաշտում: Կա տարբեր սցենարների SWOT-ների մշակման և արդյունքում առավելագույնս հղկված և անվտանգ փաթեթների ներկայացման անհրաժեշտություն»,-Aravot.am-ի հետ զրույցում, Արցախի քաղաքական օրակարգի մասին հարցին այսպես պատասխանեց ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը՝ հավելելով, որ առանցքային է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, որի ուղղությամբ հետքայլ չի կարող լինել. «Դրա պատասխանատուն և շահառուն շարունակում է մնալ Արցախի Հանրապետության 150000 բնակչությունը և համահայկական դաշտն ընդհանրապես: Արցախի հանրապետությունում այն կրկին ամրագրվեց հոկտեմբերի 30-ի հանրահավաքով»:
Սոչիում ՌԴ-ն առաջարկում էր՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնել հետագային: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատեց պաշտոնական Մոսկվայի կողմից նման առաջարկի առկայությունը: Հարցին՝ Արցախում ինչպե՞ս են վերաբերվում այդ փաստին, մեր զրուցակիցը պատասխանում է. «Որպես հակամարտության ուսումնասիրող պետք է ասեմ, որ այս փուլում ևս որևէ վերջնական լուծում չեմ տեսնում. հակամարտության մեջ ներգրավված արտաքին դերակատարների շահերից չի բխում հակամարտության վերջնական և համապարփակ լուծումը: Այս փուլում քննարկվող հարցերը կամ դիրքորոշումները պետք է դիտարկել որպես գործընթացներ, որոնք ավելին չեն, քան իրավիճակային լուծումները, ավելին չեն քան բանակցային ամբողջ քաղաքական գործընթացում առաջարկված տարբեր փաստաթղթերը կամ օրակարգերը: Իրատեսական մակարդակում՝ ՌԴ դիրքորոշումը շարունակելու է որոշիչ լինել, ուկրաինական ճգնաժամի զարգացումների ֆոնին, համապատասխան հետևանքներ ունենալով նաև մեր տարածաշրջանի համար: Գլխավոր վտանգը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը և Թուրքիան միասնական են իրենց դիրքորոշումների և օրակարգերի, ճնշումների և օպերատիվ գործելակերպի հարցում»:
Անդրադառնալով Սոչիի եռակողմ հայտարարության հետեւանքներին էլ, մեր զրուցակիցն ասաց. «Այն, որ ընդունվեց հայտարարություն խոսում է այն մասին, որ կողմերը հարաբերման եզրեր ունեն: Այլ հարց է, թե բովանդակային առումով որքանո՞վ է այն բավարարում կողմերից յուրաքանչյուրին: Կրկին հաստատվեց, որ չնայած ուկրաինական ճգնաժամով պայմանավորված աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական զարգացումներին, ՌԴ-ն չի պատրաստվում ուշադրությունը թուլացնելու Հայաստանի շուրջ զարգացումների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների և, ընդհանրապես, Հարավային Կովկասի նկատմամբ: Մի կողմից՝ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ հղում կատարվեց 2020 թվականից հետո արված եռակողմ բոլոր հայտարարություններին, մյուս կողմից՝ չնշվեց ՌԴ զորքերի տեղակայման վայրը, որպես «Լեռնային Ղարաբաղ»: Հայտարարության մեջ կարևոր էր խաղաղապահ զորակազմի պահանջվածության շեշտադրումը, ինչպես նաև այն, որ խաղաղապահ զորակազմի՝ Արցախի Հանրապետությունում գտնվելու ժամկետի թեման այստեղ բաց մնաց, թեմային շարունակականության շեշտադրում հաղորդվեց: Կարևոր էր նաև հանդիպմանը հետևած փուլում ադրբեջանաթուրքական կողմից առաջ տարվող «միջանցքի» թեմայի փոխարեն ռուսական կողմից «երթուղիներ» եզրի ձևակերպումը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ