Հայաստանը, որպես աղքատ անտառածածկույթ ունեցող երկիր, կանաչ տարածքների սակավության լուրջ խնդիր ունի, ինչը հանգեցնում է հողի էրոզիայի բարձր տեմպերի և բացասաբար ազդում ջրային ռեսուրսների վրա. Aravot.am-ին ասաց «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական ՀԿ հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը:
Նրա խոսքով, կլիմայական ճգնաժամով ու ավելի էքստրեմալ եղանակային իրադարձություններով պայմանավորված այս ազդեցություններն ավելի են սաստկանում, իսկ անտառածածկ տարածքների բացակայության արդյունքը դառնում է ավելի էական: Միևնույն ժամանակ, անտառվերականգնման համար հարմար տարածքները շատ չեն՝ երկրի բարձրադիր լինելու և հիմնականում շատ չոր պայմանների պատճառով:
«Հայաստանը, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ ունի տարբեր էկոտարածաշրջաններ, ինչը այն դարձնում է կենսաբազմազանության օջախ: Անտառածածկույթը մեծացնելու նպատակով վերջին տարիներին ակտիվացել են անտառապատման բազմաթիվ նախաձեռնություններ: Գոյություն ունեցող անտառները հաջողությամբ պաշտպանելու և Հայաստանի անտառածածկ տարածքը կրկնապատկելու համար անհրաժեշտ է լայնածավալ մոտեցում և ուժերի միավորում: Հանուն անտառների պաշտպանության, վերականգնման և անտառապատման նպատակով, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունները միավորվել են Հայաստանի անտառային դաշինքում, որպեսզի միասին բարձրաձայնեն ոլորտի խնդիրները հանրային քաղաքականություն մշակողների շրջանում»,-ասաց նա: Մեր այն հարցին, թե ինչպես են ազդելու պետական մարմինների որոշումների վրա և արդյո՞ք բարձրաձայնելը բավարար գործընթաց է վերհանված խնդիրների լուծման համար՝ Անտրէ Գումուշճեանն ասաց, որ նախատեսում են պարբերաբար կազմակերպվող կլոր սեղանների միջոցով հարթակ տրամադրել անտառներին և այլ անտառային համակարգերին վերաբերող թեմաների փոխանակման համար:
Կարդացեք նաև
«Փորձելու ենք համախմբել շահագրգիռ բոլոր կողմերին՝ այդ թվում պետական մարմիններին, գիտական շրջանակներին, հեշտացնելով փոխանակումը դերակատարների միջև, ովքեր պատասխանատու են անտառների կառավարման ու ղեկավարման, ինչպես նաև անտառների վերականգնման համար»։
Գործնական առումով, դաշինքը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը՝ առկա անտառների պահպանման և նոր անտառների ստեղծման հետ կապված լուծումներ գտնելու ուղղությամբ ավելացնել ծառատունկի տարբերակները։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ