Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պետպատվերի շրջանակներում ծառայություններ ստանալու համար դիմելիությունը մեծացել է. «Անում ենք ամեն ինչ, որ անհրաժեշտ անհետաձգելի բուժօգնության ողջ ծավալը պետպատվերի շրջանակում փոխհատուցվի: Բայց պլանային բուժօգնությունը հերթագրման համակարգով է արվում: Ըստ անհրաժեշտության մարդը կդիմի բժշկական կենտրոն եւ հերթագրման սկզբունքով կունենանք օգտվում»:
Խոսելով H1N1-ի տարածվածության մասին՝ նա ասաց, որ այս պահին 1 պացիենտ կա, որի առողջական վիճակը բավարար է, ստանում է անհրաժեշտ բուժօգնություն. «Բայց մենք պետք է աչալուրջ լինենք, որովհետեւ գրիպի այս ենթաշտամերը բավական ագրեսիվ են: Ե՛վ խրոնիկ հիվանդություններով, ե՛ւ մանկահասակ երեխաների համար կարող են շատ ծանր հետեւանքներ ունենալ, ուստի ես եւս մեկ անգամ հորդորում եմ, խրախուսում եմ, որ մարդիկ դիմեն պոլիկլինիկա եւ պատվաստվեն գրիպի դեմ: Պատվաստանյութը ներառում է նաեւ այս շտամի հակամարմիներ ու կարեւոր է, որ աշնանային այս ընթացքում, երբ սեզոնը նոր է մեկնարկում, պաշտպանվածության շերտ ունենանք»:
Նախարարը տեղեկացրեց, որ կարող են պատվաստվել մինչեւ 12 տարեկան երեխաները, 65-ից բարձրները եւ խրոնիկ հիվանդություններ ունեցողները, նրանք ունեն առաջնահերթություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ