Լրահոս
Օրվա լրահոսը

«Թոշակի տարիքին հասած բժիշկներին, բուժքույրերին, բուժանձնակազմին համատարած կրճատումներ են գնում». Լուսինե Բադալյանը՝ ահազանգերի մասին

Նոյեմբեր 04,2022 18:30

Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ ծերացող մասնագիտական սերունդ կա, որոնց մանավանդ մարզերում շատ դժվար է փոխել. «Ունենք մարզեր, որտեղ առաջնային օղակի ընտանեկան բժշկի միջին տարիքը 65 տարեկանն է, ուստի հասկանում ենք, որ լուրջ խրախուսիչ միջոցներ պետք է ձեռնարկենք, որ նոր սերունդը, որը գնում է սովորելու, որոշում կայացնի գնալ այդ ուղղությամբ»:

ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը հարցրեց՝ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները, երբ դիմում են բուժծառայություն ստանալու, վիրահատությունը, հիմնական միամտությունները անվճար են, բայց բժշկի խորհրդատվությունը, անալիզները վճարովի են, արդյոք դրանք այդքան մեծ մա՞սն են կազմում վճարի մեջ, հաշմանդամություն ունեցողները ապրում են թոշակով, կբավականացնի՞ նրանց թոշակը՝ վճարելու բժշկի խորհրդատվության համար:

Նախարարը պատասխանեց, որ պետք է տարբերակել այն ծառայությունների ծավալը, որոնք տրամադրվում են ստացիոնար օղակում եւ առաջնային օղակում: Պոլիկլինիկայում խորհրդատվությունը նա կարող է անցնել անվճար, հիվանդանոցում նույնպես ծառայություները տրամադրվում են անվճար. «Ընդհանուր առմամբ երկրորդ կարգի հաշմանդամը ստանում է իրեն հասանելիք բուժօգնությանը առաջնային օղակում նախ, հետո՝ հիվանդանոցում: Բայց եթե անձը գնում է միանգամից հիվանդանոց ու այն ծավալը, որը ենթադրվում է պետք է անցնի պոլիկլինիկայում, չի անցնում, համակարգը դրա պատասխանը չունի»:

Պատգամավորը հարցրեց. «Քաղցկեղով հիվանդ մեր քաղաքացիները ունենում են տեւական բուժու, անցնում են բազմաթիվ հետազոտություններ: Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե ամեն անգամ գնան պոլիկլինիկա, ուղեգրով գնան հիվանդանոց, այդ ծառայությունները կլինեն անվճար»: Ավանեսյանը պատասխանեց. «Այ, բայց պետք է ծավալը հասկանալ: Քաղցկեղով բուժման համար թե մենք ինչ պետք է հասկանանք անվճարի տակ, սահմանված է: Բայց մարդը կարող է հավելյալ խորհրդատվություն ուզենա, դա պետք է լինի ծավալի մեջ, որ անվճար լինի»:

ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանն ասաց, որ մի քանի տասնյակ առաջարկություններ են ուղարկել ու մինչ այս պահը տեղյակ չէ՝ դրանք ընդունվե՞լ են, թե՞ չէ. «Խոսում ենք առողջության առաջնային պահպանման օղակում բժիշկների մեծ տարիքի մասին, բայց վերջին շրջանում ահազանգերի մեծ մասը, որ ստացել ենք, բժիշկների կողմից են եղել, որովհետեւ երիտասարդացման նպատակով թոշակի տարիքին հասած բժիշկներին, բուժքույրերին, բուժանձնակազմին համատարած կրճատումներ են  գնում»: Նա ասաց, որ լավ բժիշկ լինելը տարիքի հետ կապ չունի, որովհետեւ թոշակի անցած բժիշկներ կան, որոնք հրաշալի մասնագետներ են: Նա հարցրեց՝ հետագա ծրագրերում կարո՞ղ է լինել մի տարբերակ, որ եթե հիվանդանոցի տնօրենը չի ուզում աշխատել տարիքով մի մասնագետի հետ, հաշվի առնելով, որ մարզերում ունենք մասնագետների պակաս, աշխատանքից ազատված մասնագետներին տանեն մարզեր, որ օգտակար լինեն առողջապահությանը:

Ավանեսյանը պատասխանեց, որ դա լավ առաջարկ է ու վստահեցրեց, որ իրենց համար մասնագիտական որակներն են առաջնային, ոչ թե տարիքային շեմը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930