Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ թվում էր՝ պետպատվերը պիտի հիվանդի հետեւից գնա, ոչ թե հիվանդանոցը, բա այդ դեպքում այս քննարկումը անհասկանալի է սկսում թվալ». Լուսինե Բադալյանը՝ Ավանեսյանին

Նոյեմբեր 04,2022 18:55

 Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ Երեւանում կան խոշոր հիվանդանոցներ ու մասնավոր հիվանդանոցներ ու պետական պատվերը տեղադրվում է՝ հաշվի առնելով նախորդ տարվա կատարողականի ցուցանիշները, ծառայությունները. «Վերջին տարիներին մարզային առողջապահական օղակը շեշտակի ավելացումներ է ունեցել պետական պատվերի»:

Նա հայտարարեց, որ մարզային բժշկական կենտրոնները հիմնականում պետական են ու պետպատվերի ավելացմամբ ֆինանսական վիճակի փոփոխություն է լինում. «Ե՛վ Կապանի, ե՛ւ Գորիսի բժշկական կենտրոնը հիանալի ցուցանիշներ են ցույց տալիս թե՛ նոր մասնագետների ներառմամբ, թե՛ նոր ծառայությունների ավելացմամբ ու քանի որ նրանք ավելի ու ավելի են կատարում իրենց ցուցանիշները, հաջորդ տարի համամասնորեն ավելանում է նրանց ֆինանսավորումը»:

ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը զարմացավ. «Ես երեւի սխալվում եմ, բայց ինձ թվում էր՝ պետպատվերը պիտի հիվանդի հետեւից գնա, ոչ թե հիվանդանոցը, բա այդ դեպքում այս քննարկումը անհասկանալի է սկսում թվալ: Ինձ հասնում է պետպատվեր, ես գնում եմ Գավառի հիվանդանոց, դա ի՛նձ է հասնում: Այդպե՞ս է, թե՞ կան այնուամենայնիվ ուղղորդումներ, որ այստեղ հասնում է պետպատվեր, այստեղ չի հասնում»:

Ավանեսյանը պատասխանեց, որ այո, պետպատվերը հիվանդի այցելած բուժհիմնարկին է փոխանցվում, բայց ընդհանուր տարեկան սահմանաչափեր կան տարեկան. «Դրա շրջանակներում նախորդ տարվա կատարողականներից ելնելով՝ այդ սահմանաչափը բաշխվում է՝ ըստ բժշկական կենտրոնների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930