Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ստում է, որ ասում է՝ Սոչիի և Պրահայի սկզբունքների միջև տարբերություն չկա». Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 04,2022 16:50

«Այսօր Հյուսիսային պողոտայով քայլելը հարյուրից ավելի թիկնապահների ուղեկցությամբ սեփական վախը հաղթահարելու քայլերթ էր»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկին Աննա Հակոբյանի՝ Երևանում կատարված զբոսանքին:

Նաիրա Զոհրաբյանը ասուլիսի ժամանակ չկարողանալով հուզմունքը թաքցնել, նշեց, որ Եռաբլուրում դատարկ փոսեր են ապագա դիակների համար ու վրդովվեց. «Դիահերձարանների մոտ «դիակների դալալներ» են կանգնած, որոնք հատուկ ուղարկված են: Մոտենում են ծնողներին, ասում են՝ տարեք ձեր գյուղ ձեր որդու դիակը, ինչո՞ւ եք ուզում տանել Եռաբլուր: Չեն ուզում վիզուալ տեսնենք, որ Եռաբլուրն արդեն մտել է քաղաքի կենտրոն, բնակելի շենքեր: Այդ տարածքի բնակիչներն ասում են՝ անգամ ամառվա շոգին փակում էին պատուհանները, քանի որ երեկոյան քամուց դրոշների խշշոցից իրենց արյունը երակներում սառչում է: Եռաբլուրն արդեն պիտի գա, մտնի Լֆիկ Սամոյի օբյեկտները, Մալաթիայի շուկա, ամբողջ մայրուղիներով տարածվելու է»:

Անդրադառնալով ՀՀ Գլխավոր շտաբի պետի հայտարարություններին՝ Նաիրա Զոհրաբյանն արեց այս համեմատությունը. «Գլխավոր շտաբի պետը վերլուծություն է անում, ասում է՝ 130 քառակուսի կիլոմետր Ադրբեջանը գրավել է ՀՀ ինքնիշխան տարածքից: Որ պատկերացնեք, ասեմ՝ Գյումրիի տարածքը 45 քառակուսի կիլոմետր է: Այսինքն՝ երեք հատ Գյումրի Ադրբեջանը գրավել է ՀՀ ինքնիշխան տարածքից: Սա անտարբեր ասում է ՀՀ ԳՇ պետը ու նշում, որ մենք դեռևս դիակներ ունենք այդ տարածքներում, և Ադրբեջանը թույլ չի տալիս, որ մեր որդիների դիակները հետ բերենք: Միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները, որոնք այդ տարածքներում դիտարկումներ են արել, ասում են, որ ցավոք, մեծ է ռիսկը, որ տղաների դիակները հոշոտվել են վայրի գազանների կողմից»:

Նաիրա Զոհրաբյանը նաև ասաց՝ ցավում է, որ հավատացել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի գործունեությանը ու կարծիք հայտնեց. «Կարո Փայլանը Թուրքիայի միլի մեջլիսում ներկայացնում է քրդական կուսակցությունը: Այդ կուսակցության բոլոր լիդերները, բացի իրենից բանտում են: Սա արդեն բավարար ցուցիչ է, որ Կարո Փայլանին թույլ են տվել միլի մեջլիսում ցեղասպանության հարցի շուրջ ազատություն, որպեսզի այս առանցքային պահերին իրենց կարևորագույն գործիքին դնեն շրջանառության մեջ, ինչը մեր երկրում պայթեց: Ցավում եմ, որ որպես պատգամավոր հավատացել եմ նրան ու ստրասբուրգներում և բրյուսելներում պաշտպանել նրան»:

Խոսելով խաղաղության օրակարգի շուրջ ընթացող բանակցությունների մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը ստում է, որ ասում է՝ Սոչիի  և Պրահայի սկզբունքների միջև տարբերություն չկա: Ասում է՝ ես ընդունում եմ թե՛ ռուսական կողմի, թե՛ արևմտյան կողմի առաջարկները: Այդ մոդելներն ընդունելի են մեզ համար: Իհարկե, ռուսական տարբերակն ամենալավը չէ, բայց այդտեղ՝ 15-րդ կետում առաջարկվում է ԼՂ կարգավիճակի հարցը առանձնացնել, թողնել հետոյին: Արևմտյան մոդելը, ինչի համաձայնությունը տվել է Նիկոլ Փաշինյանը, Ալիևն էլ ասաց, ենթադրում է Արցախը Ադրբեջանի կազմում: Վրաստանն էլ նորից մեյդան է ընկել. առաջարկում է դառնալ այն պատմական հարթակը, որտեղ կստորագրվի խաղաղության պայմանագիրը: Ռուսական մոդելում, որտեղ որ ի հեճուկս Ալիևի և Նիկոլի ՌԴ-ն կարողացավ սեփական շահերը տարածաշրջանում պաշտպանելու համար չֆիքսել խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմա, միջանցք չֆիքսեց եռակողմ հայտարարության մեջ: Նիկոլն ասում է՝ ես օքեյ եմ, Պուտին, եթե կարող ես, հասի նրան, որ Արցախի հարցը հետաձգվի, բայց եթե ոչ, ես համաձայն եմ պրահյան տարբերակին՝ արևմտյան մոդելին: Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել բառացի՝ մեջբերում եմ, որ Արցախի ժողովրդի հարցը իջեցվեց մինչև Ղարաբաղում էթնիկ հայերի անվտանգության մակարդակի: Այսինքն՝ ինքը համաձայնել էր արևմտյան տարբերակին, ինչպես ասաց Ալիևը»:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ Ադրբեջանը չի համաձայնելու ռուս խաղաղապահների մանդատի երկարացմանը: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ Ադրբեջանն ուզում է հենց հիմա խաղաղության պայմանագիր կնքել, որպեսզի ռուս խաղաղապահներին ասի՝ պայմանագիրը կնքված է: Դրա համար էլ հիմա Ադրբեջանում հայտնվել են ֆեյք ընդդիմադիր ուժեր, որոնք հորդորում են Ալիևին չհամարձակվել երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը:

Անդրադառնալով ընդդիմության կողմից նոյեմբերի 5-ին կազմակերպելիք հանրահավաքին՝  Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գնալու է հանրահավաքին, բայց ոչ ելույթ լսելու համար ու շարունակեց. «Ինձ համար վաղվա հանրահավաքը մեկ առաջնորդ ունի՝ ՀՀ-ն ու Արցախը: Ես գնում եմ, որպեսզի իմ ներկայությամբ մեկ հոգի ավել լինի Արցախի ու ՀՀ-ի կողմից: Գնալու եմ, որ մենք լինենք տասնյակ հազարներ, որ այդ ժամանակ հենց տեղում կարող է իրավիճակ փոխվել: Ես չեմ գնում հարթակում ելույթ լսելու: Դուք շատ եղաք, վստահ եղեք՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է: Ձեր ներկայությունից է կախված՝ կմնա՞ Արցախը հայկական, թե՝ ոչ: Ցույց տանք Արցախին, որ մենք կանք, եթե չլինի Արցախը, չի լինելու նաև Հայաստանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930