Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի ու Էրդողանի ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունները ակտիվ ներգրավված Արցախի օկուպացված տարածքներում ընթացող շինարարական ծրագրերում. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 04,2022 15:15

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Տարբեր առիթներով նշել եմ, որ Ալիևը «սեփականացնում է» 2020 թ. ռազմական հաջողությունը՝ այդ թվում՝ տնտեսական առումով: Meydan.tv կայքը ռեպորտաժ է պատրաստել «Ալիևի և Էրդողանի միլիոնավոր դոլարների հասնող բիզնես եղբայրությունը» վերնագրով: Այստեղ փաստերով ներկայացվում է, թե ինչպես են բացառապես Ալիևի ու Էրդողանի ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունները ակտիվ ներգրավված Արցախի օկուպացված տարածքներում ընթացող շինարարական ծրագրերում: «Թուրքիան Ադրբեջանին լուրջ ռազմական օգնություն է ցուցաբերել, հիմա Ադրբեջանը շնորհակալություն է հայտնում դրա համար: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մոտ գտնվող ընկերությունները հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրեր են ստացել, մասնավորապես՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված Ղարաբաղի տարածքների վերականգնման համար:

Զանգելանի շրջանի նոր խոշոր գյուղատնտեսական համալիրում Էրդողանի ընտանիքի անդամները նախագահ Ալիևի ընտանիքի անդամների բիզնես գործընկերներն են: 2021 թ. հոկտեմբերին Էրդողանն ու Ալիևը դրեցին «Dost» ագրոպարկի հիմքը, իսկ հոկտեմբերի 20-ին նրանք կրկին այցելեցին այնտեղ՝ շրջայց կատարելով Զանգիլանում՝ Հայաստանի և Իրանի սահմաններին մոտ գտնվող նոր օդանավակայանի բացման արարողության շրջանակներում:

Բաքվում Թուրքիայի դեսպանատան տվյալներով՝ Ղարաբաղում աշխատում են մոտ 30 թուրքական ընկերություններ: Այդ ընկերություններն արդեն 1 միլիարդ դոլար են ներդրել, և այդ գումարը կշարունակի աճել,–հուլիսին գործարար համաժողովում հայտնել է Բաքվում Թուրքիայի գլխավոր առևտրային խորհրդական Յակուպ Սեֆերը:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կառավարությունը Ղարաբաղի վերակառուցման և վերականգնման նախագծերին հատկացրել է ավելի քան 4,8 մլրդ մանաթ (գրեթե 2,9 մլրդ դոլար)։ Տվյալներ այն մասին, թե որ երկրների ընկերությունները պայմանագրեր են ստացել, չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ պայմանագրեր են ստացել նաև բարեկամ համարվող այլ երկրներ, այդ թվում ՝ Իտալիան, Իսրայելը և Մեծ Բրիտանիան: Բայց ամենից շատ, կարծես, հենց Թուրքիային է բաժին հասել»,–նշվում է տեսանյութում, որտեղ նաև այլ գործարքների մասին մանրամասն տեղեկատվություն է հաղորդվում:

Հիշեցնեմ, որ դեռևս 2021 թվականի փետրվարին Ալիևը իր հարցազրույցներից մեկում նախազգուշացրել էր ադրբեջանցի օլիգարխներին, որպեսզի նրանք հեռու մնան Ղարաբաղից. «Քանի որ ես տեսնում եմ, ես գիտեմ, որ աչք եք դրել արդեն… հիմա կարծես հարձակում է սպասվում, ներխուժում: Այս հողն իմն է, այս հողը քոնն է… Բայց ես կպատժեմ նրանց բոլորին, բացարձակապես բոլորին: Թող բոլորը նստեն և կատարեն իրենց աշխատանքը իրենց տեղում: Բոլոր հողերը կվերականգնվեն, ինչպես նախատեսված էր»։

Նա նաև խիստ քննադատել էր Կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովին, ով խոստացել է մասնաճյուղ բացել Շուշիում: «Միանգամայն անընդունելի է նման հայտարարություններ անել էժան պոպուլիզմի կամ իր համար նոր գրասենյակ ստեղծելու նպատակով: Դա պետք է դադարեցվի», – հայտարարել էր Ալիևը: Մինչդեռ նախկինում տեղական օլիգարխներին, որոնք մոտ էին իշխող ընտանիքին, թույլատրվում էր ունենալ իրենց «մասնաբաժինը» և «շրջանները», իսկ այժմ նրանք վտարվեցին այն տարածքներից, որոնք վերջերս անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Դրանք մնացին բացառապես իշխող ընտանիքի և նրանց պատկանող ընկերությունների վերահսկողության տակ, որը կիսվում է Թուրքիայի ղեկավարի և նրա ընտանիքի անդամներին ենթակա ընկերությունների հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930