Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դավթյան. «Ես չեմ հավատում այս իշխանության հայանպաստ որեւէ գործողության»

Նոյեմբեր 04,2022 15:04

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում խոսեց տարածաշրջանում սպասվող զարգացումների մասին: «Տարածաշրջանում մարտահրավերների զարգացման նոր թեժ փուլ է սպասվում: Մասնավորապես, ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է Իսրայելում դեսպանություն բացել: Այս առումով մեկնաբանություններ կան, որ այդ քայլն ուղղված է Իրանի դեմ, քանի որ Իրանը տարածաշրջանում հանդիսանում է Հայաստանի հետ սահմանի կարմիր գիծը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցին, դա ավելի շատ ցուցադրական էր, քանի որ ես չեմ հավատում այս իշխանության հայանպաստ որեւէ գործողության: Բոլոր պրոցեսները Անդրկովկասում գնում են դեպի մեծ բախում, որտեղ Հայաստանը լինելու է ոչ թե բախման կողմ, այլ հայտնվելու է կիզակենտրոնում: Այսինքն, դառնալու է պատերազմի դաշտ»,- ասաց նա:

Անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը՝ Գառնիկ Դավթյանն ասաց. «Դա, ընդհանուր առմամբ, իմ համար ոչինչ չասող փաստաթուղթ է, բացի մի քանի կարեւոր կետերից: Նկատի ունեմ՝ հայկական կողմին ոչինչ չասող, որից հայկական կողմը բացարձակապես ոչինչ չի շահել: Հակառակը, զիջել է Ադրբեջանին:

Խոսենք ադրբեջանական դիրքորոշումների մասին: Շատ կարեւոր էր, որ ադրբեջանական կողմը վերջին երկու տարում ամեն ջանք գործադրել էր, որպեսզի խոսույթից, փաստաթղթային ձեւակերպումներից դուրս գա Լեռնային Ղարաբաղ կամ Ղարաբաղ ձեւակերպումը: Ադրբեջանը բազմիցս նշում էր, որ այդ էջը այլեւս փակված է եւ այլեւս պատմություն է: Եվ փաստացի վերջին մի քանի հանդիպումներում՝ ոչ միայն Սոչիում, այլեւ Եվրամիության շրջանակներում կայացած հանդիպումներում, ընդունվող հայտարարություններում չի եղել Լեռնային Ղարաբաղ կամ Ղարաբաղ ձեւակերպումը: Այսինքն, Ադրբեջանն այս հարցում ունի բավականին լուրջ առաջխաղացում:

Շատ կարեւոր է նաեւ, թե Հայաստանն ինչպես է պատկերացնում Արցախը: Բայց քանի որ ունենք այսպիսի բանակցող, որի ուշքն ու միտքն իր աթոռն է ու ստամոքսը, այդ պարագայում չի կարող լինել քաղաքական մի այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացներ իր շահը: Այսինքն, գոնե պետք է լիներ դիմադրություն, այլ ոչ թե հանձնվել ադրբեջանական սադրանքներին, վախի մթնոլորտին, որն անընդհատ տարածում են, եւ համաձայնել ադրբեջանական բոլոր առաջարկներին:

Նախկին իշխանությունների ժամանակ Ադրբեջանը բազմիցս է սպառնացել, թե պատերազմ կսկսի, եղել են բախումներ, բայց հաշվի առնելով, որ երկրի ղեկավարները են եղել այնպիսի մարդիկ, որոնց համար ազգը եւ պետական շահը առաջնային են եղել, չեն տրվել Ադրբեջանի սադրանքներին ու զիջումների չեն գնացել զիջումների»,- ասաց Գառնիկ Դավթյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930