Դեկտեմբերի 1-8-ը Գլենդելում տեղի է ունենալու «Հայ-ամերիկյան բիզնես կամուրջ» ցուցահանդես-փառատոնը, որտեղ ներկայացվելու են հայկական արտադրության ապրանքներ։
«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի նախագահ Մարիամ Մանուկյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց, որ ծրագիրը մեկնարկել է հունիսին, հայկական արտադրողներից 580 hայտ են ստացել գործարարներից, ընտրվել են 40-ը։ Ծրագիրն արդեն փակվել է, նոր հայտեր չեն ընդունվում։
Ըստ Մանուկյանի, ցուցահանդեսին ներկայացվելու են տարբեր ոլորտների արտադրանքներ, տեքստիլ, կոշիկ, պայուսակ, դրամապանակներ, պահածոներ, ջրեր, շոկոլադներ, թանկարժեք մետաղից եւ թանկարժեք քարերից պատրաստված ապրանքներ, ներառվել են նաեւ զբոսաշրջության ու ՏՏ ոլորտի կազմակերպություններ․ «Ներկայացվելու են հայկական այնպիսի ապրանքներ, որոնք չկան ամերիկյան հայկական խանութներում»։
«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» անդամ Գեւորգ Աղաբալյանն էլ հավելեց, որ այս ընթացքում հայկական արտադրողները, որոնք պետք է ներկայանան ԱՄՆ-ում, խորհրդի աջակցության բիզնեսում որոշակի փոփոխություններ են արել, ապրանքը համապատասխանեցրել են ԱՄՆ-ի պահանջած բնորոշիչներին, որպեսզի կարողանան ապրանքը ԱՄՆ շուկայում իրացնել․ «Ցավոք, հայկական խոշոր արտադրողներ հաճախ հակված չեն ապահովել այդ չափորոշիչները։ Մեր աշխատանքային խումբը բոլոր ջանքերը գործադրել է, որպեսզի լիցենզավորումն ապահովի, որ հետագայում հայկական արտադրությունը մրցունակ լինի եւ կարողանան ապրանքը ԱՄՆ-ում վաճառել»։
Կարդացեք նաև
Սա 2-րդ ցուցահանդեսն է ԱՄՆ-ում։ Նախորդ ցուցահանդեսից հետո, ըստ Մանուկյանի, ներկայացված ապրանքների 30%-ից ավելին արդեն արտահանվում է ԱՄՆ շուկա․ «Ձեռք ենք բերվել գործընկերներ, որոնք պատրաստ են որոշակի խմբաքանակի դեպքում ապրանքը ձեռք բերել։ Մենք չենք սահմանափակվում միայն ԱՄՆ շուկայով, հրավիրվում ենք առեւտրային ներկայացուցիչներ Մեքսիկայից եւ այլ երկրներից, որոնք կծանոթանան հայկական արտադրությանն ու տվյալ ապրանքները կներկայացնեն իրենց առեւտրային պալատներում»։
Բացի այս, ինչպես նշեցին բանախոսները, սա հայ արտադրողների համար հնարավորություն է նախագծի միջոցով փորձի փոխանակում անել, գնային քաղաքականությունն ուսումնասիրել, ուսումնասիրել տնտեսական եւ մարքեթինգային հնարավորությունները։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ