Օրերս Երեւանում անցկացված Հայկական գագաթնաժողովի մասին տարբեր մեկնաբանություններ հնչեցին:
Նախ սկսենք հավաքի անվանումից: Ընդհանրապես, եթե որոշված էր այդ ժողովին չհրավիրել սփյուռքյան ազդեցիկ կազմակերպություններին, կուսակցություններին եւ հայ եկեղեցին էլ հրաժարվել էր մասնակցությունից, ապա սխալ էր հայերի նման մակարդակի հանդիպումը, որտեղ բացակայում են առաջին դեմքերը, անվանել գագաթնաժողով: Գագաթնաժողով անվանում են այն հանդիպումները, որոնցում ներկայանում են առաջին դեմքերը, հակառակ պարագայում այն գագաթնաժողով չի կարող կոչվել, կարող է լինել խորհրդաժողով, համաժողով կամ համահայկական ֆորում, բայց ոչ գագաթնաժողով, եւ այն էլ ըստ Փաշինյանի՝ առաջինը:
Վերջին 20 տարիներին Հայաստանում Սփյուռք-Հայրենիք ավելի մեծ եւ ներկայացուցչական ժողովներ են կազմակերպվել, որոնք թե՛ մասնակիցների թվով են աննախադեպ եղել, թե՛ թեմաների բազմազանությամբ շատ կարեւոր խնդիրներ են առաջ քաշել եւ կարող էին հանգիստ կոչվել գագաթնաժողովներ, սակայն կազմակերպիչները երբեք առաջինը երեւալու մարմանջ չեն ունեցել, ինչպես վերջինիս դեպքում:
Պատմական իրականությունից կտրված են նաեւ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մամուլին տված միակողմանի գնահատականները, թե նախկինում գալիս էին միայն շքանշան ստանալու համար եւ փոխարենը չէին քննադատում: Իհարկե, եղել են մարդիկ ովքեր պարգեւներ ստացել են, ծառայել են նախորդ իշխանություններին, բայց այդ նույն մարդիկ այսօր էլ ծառայում են ներկա իշխանություններին: Այդ իմաստով ոչինչ չի փոխվել: Իսկ սփյուռքի գիտակից տարրը, ինչպես այն ժամանակ է քննադատական մոտեցում ունեցել Հայաստանում իրականացվող քաղաքականության սխալ քայլերին, այնպես էլ այսօր է քննադատում կամ նշում սխալները: Այստեղ էլ ոչ մի մեծ փոփոխություն չի եղել: Դերակատարներն են փոխվել:
Ամեն դեպքում, նման հանդիպումները, որտեղ ոչինչ չի որոշվում, ունեն ընդամենը խորհրդատվական բնույթ, վերջնական արդյունք չի գրանցվում: Թե ինչպես կօգտագործվեն այս ժողովի ելույթները, ժամանակը ցույց կտա:
Տարիներ շարունակ սփյուռքից եկել ենք, մասնակցել, ելույթներ ունեցել, քննադատել ու առաջարկներ ներկայացրել, սակայն մեծ հաշվով, գլոբալ փոփոխություններ չեն եղել: Ինչո՞ւ: Որովհետեւ այդպես էլ ոչ մի իշխանություն հանձն չի առել, թե Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգում ի՞նչ տեղ պետք է տրվի սփյուռքի ներկայությանն ու մասնակցությանը: Թե՛ նախկինում, եւ թե՛ հիմա վերաբերմունքը նույնն է՝ դուք օգնեք մեզ, բայց քննադատելու իրավունք չունեք:
Նույնիսկ բարի մղումներով արված քննադատություններն ու առաջարկներն են անտեսվում: Իսկ ամենահետաքրքրականը, որ ներկա իշխանությանը պաշտպանած մարդկանց, որոնք մեծ դերակատարում ունեն սփյուռքում, չեն հրավիրում ժողովի:
Ինչեւէ, ի վերջո, ո՞րն է նման հավաքների կազմակերպման հիմնական նպատակը: Իշխանությունների համար եւս մի անգամ ցույց տալու, որ Սփյուռքին չենք մոռացել եւ ուզում են նոր մակարդակի հասցնել այդ հարաբերությունները: Բայց ինչպես կարելի է չորս տարի ոչինչ չանել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման ոլորտում, եւ մեկ ժողովի միջոցով լուծել այդ խնդիրը: Միասնականության ապահովման համար պետք է սփյուռքի հետ դիվանագիտական մեծ աշխատանք տանել, ինչը որ չի արվում: Հարաբերություններ ստեղծելով ընտրովի մարդկանց կամ կազմակերպությունների հետ, եւ ինքնախաբեությամբ զբաղվել, թե սփյուռքի հետ մեր կապերը լավ են, դա ընդամենը աչքակապություն է: Այս հարցում չեն կարող օգնել նաեւ Սփյուռքի «Երիտասարդ դեսպան» կամ «ԻԳործ» ծրագրերը, որոնք արտաքնապես կարող են համարվել համագործակցության միտված քայլեր, սակայն իրականում դրանք չեն կարող ընդգրկել այն մասշտաբներն ու այն խնդիրները, զորս այսօր ունի հայկական սփյուռքը: Չնշեմ նաեւ, որ սփյուռքի նախարարության լավագույն երիտասարդական ծրագիրը՝ «Արի տունը» փոխելով «Քայլ արա տուն» անվանումի, ըստ էության որեւէ մեծ փոփոխության չի բերել: Անընդունելին այն է, որ ամեն մի նոր իշխանություն փորձում է ցույց տալ, որ իրենից առաջ ոչինչ չի եղել կամ միայն վատն է եղել, եւ հիմա ինքը իրականացնում է նոր սերնդի երազանքը:
Նախորդ իշխանություններին էլ շատերը սփյուռքից քննադատում էին, սակայն երբեք նման բարդութավորված մոտեցում նրանց նկատմամբ չի ցուցաբերվել, ինչպես այսօր: Նախկիններն այլ կերպ էին մերժում ընդդիմադիր սփյուռքահայերին՝ Հայաստանի քաղաքացիություն չէին տալիս, լինում էին նաեւ այլ բացառիկ դեպքեր:
Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
Պրահա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: