Ռուսաստանը շատ բան չի կարող առաջարկել հակամարտող կողմերին: Լավագույնը, որ կարող էր անել՝ տակտիկական քայլ նախաձեռնելն էր, որպեսզի երկու կողմերին էլ սիրաշահի եւ իր ձեռքերում պահի: Դրա համար էլ նախագահ Պուտինը «Վալդայի» քննարկումների ակումբում իր ելույթի ժամանակ բավականին սայթաքուն մի խայծ առաջարկեց Հայաստանին: Նա ասաց. «Որքան հասկանում եմ, հանգուցալուծման այսպես կոչված վաշինգտոնյան տարբերակը նախատեսում է ճանաչել Ադրբեջանի իշխանությունը Ղարաբաղի վրա: Եթե Հայաստանն էլ այդպես է մտածում, ուրեմն խնդիր չկա: Մենք պաշտպանելու ենք հայ ժողովրդի ընտրությունը, իսկ եթե հայերն ու Հայաստանի ղեկավարությունը հավատացած են, որ Ղարաբաղն ունի իր ուրույն առանձնահատկությունները եւ այդ առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն եւ հստակեցվեն ապագայի խաղաղության պայմանագրում, դա էլ է հնարավոր, բայց պետք է ձեռք բերենք Ադրբեջանի համաձայնությունը, որը շատ դժվար է ստանալ»:
Շան գլուխը թաղված է այս վերջին նախադասության մեջ: Եթե Մոսկվային չհաջողվի կատարել իր պարտավորվածությունը, մեղավորը միշտ էլ Ադրբեջանն է լինելու:
Սա խիստ վտանգավոր հայտարարություն էր: Պետքարտուղարությունը անմիջապես արձագանքեց, մեղադրելով Պուտինին «ապատեղեկատվություն» տարածելու մեջ:
Ցարդ Մոսկվայի առաջարկությունն այն է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս է կազմում, եւ նրա կարգավիճակի հարցը պետք է թողնվի անորոշ ապագային: Նիկոլ Փաշինյանը ընդառաջելով Պուտինին ընդունեց մասնակցել Սոչիի հանդիպմանը հոկտեմբերի 31-ին, որտեղ նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց խոսել ղարաբաղյան հարցի մասին: «Ղարաբաղյան հակամարտություն գոյություն չունի: Այն կարգավորվել է երկու տարի առաջ: Հիմա ժամանակը եկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ անցկացնելու, եւ մենք գնահատում ենք ձեր միջնորդությունը», ասաց նա Պուտինի զայրացկոտ հայացքի առաջ:
Կարդացեք նաև
Գագաթաժողովը ոչ մի կերպ առաջընթաց չարձանագրեց, որովհետեւ կողմերն ունեն իրենց ներհակ սկզբունքներն ու շահերը, որոնք գերակա են փաստաթղթերում ամրագրված բոլոր լավ մտադրություններից:
Եթե Հայաստանի համար ինչ-որ լավ բան կար այդ հանդիպումից, ապա դա Փաշինյանի հստակ դիրքորոշում էր զանգվածային լրատվամիջոցների առաջ: Նա նախագահ Պուտինին պաշտպանական դիրքերում թողեց, պահանջելով, որ ամբողջությամբ ի կատար ածվեն նոյեմբերի 9-ի պայմանագրի պարտավորվածությունները, որոնք ներառում են նաեւ բոլոր ռազմագերիների ազատ արձակումը: Նա նաեւ պահանջեց Ադրբեջանի զորքերի դուրս բերումը Հայաստանի տարածքից եւ անդրադառնալով միջանցքի հարցին՝ մերժեց ամեն տեսակի փոխզիջումային տարբերակ՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության հետ:
Գագաթաժողովն ըստ երեւույթին Պուտինի կողմից լավ մտածված մեխանիզմ էր՝ հետաձգելու Հայաստանի դեպի Արեւմուտք թեքվելը: Ռուսաստանի շահերը պահանջում են չկարգավորել այս հակամարտությունը, որովհետեւ կարգավորումը նշանակելու է դուրս բերել ռուսական խաղաղապահ ուժերը տարածաշրջանից, ինչն իր հերթին նվազեցնելու է Մոսկվայի դերակատարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա:
Ադրբեջանի համար Հայաստանի դեմ ատելությունը անհրաժեշտ գործիք է պահպանելու համար երկրի բռնատիրական իշխանությունը, որն օրեցօր կորցնում է իր ժողովրդականությունը: Ադրբեջանի հասարակությունը ծայրաստիճան գրգռված է ի տես ալիեւյան կլանի ճոխ ապրելաոճի, որի մի մասն է ընդամենը Լոնդոնում 700 միլիոն դոլարի արժողությամբ ունեցվածքը: Իսկ ռազմական ծախսերը մեծապես ազդում են հասարակ ժողովրդի կենսամակարդակի վրա: Մինչ օրս Ադրբեջանը չի հրապարակել 44-օրյա պատերազմի իր զոհերի ճշգրիտ թիվը, որն ըստ որոշ աղբյուրների երկու անգամ ավելի է, քան հայկական կողմի շուրջ 5000 կորուստները: Այդ «շահիդների» ընտանիքները վրդովված են Ալիեւի ինքնանպատակ պատերազմներից: Ի դեպ, վերջերս ադրբեջանցի մի գնդապետի (44-օրյա պատերազմում սպանված) տեսաժապավենը հայտնվեց, որտեղ մտավախություն կար, որ Ադրբեջանի բանակը չէր կարող հաղթանակի հասնել առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության:
Սահմանին տեղակայված դիտորդները որոշ ժամանակ կարող են զսպել Ադրբեջանին, հնարավորություն տալով Հայաստանին վերազինելու իր բանակը եւ էլ ավելի զարգացնելու իր բազմաշերտ արտաքին քաղաքականությունը:
Ռուսաստանի ազդեցության ոլորտում գերեվարված մնալը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին:
Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ Հակոբ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: