Լրահոս
Օրվա լրահոսը

Օրբանին ներե՞լ են հայ կաթոլիկները. Սուրբ խաչ շքանշան՝ Հունգարիայի վարչապետին. «Ազգ»

Նոյեմբեր 04,2022 12:06

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ընդունել է հայ կաթոլիկների պատրիարք Ռաֆայել Պետրոս XXI-ին, որի ձեռամբ արժանացել է Սուրբ խաչ գոհաբանական պարգեւի, նոյեմբերի 2-ին փոխանցում է «Հունգարիան այսօր» գերմանալեզու կայքը՝ հղում անելով վարչապետի մամուլի գրասենյակի՝ նույն օրը տարածած հաղորդագրությանը: Հունգարիայի վարչապետին ուղղված մեծարանքի հիմնավորման մեջ ընդգծվում է «Հունգարիայի եւ անձամբ Օրբանի՝ աշխարհի ճնշված եւ հալածված քրիստոնյաներին արժեքավոր սատարումը, նրանց կյանքը, բարոյական եւ սոցիալական արժեքները պահպանելու անվերապահ հանձնառությունը»:

Հունգարական լրատվամիջոցը նշում է, որ պարգեւատրման արարողությանն ի թիվս այլ հունգար պաշտոնյաների, ներկա է եղել նաեւ հալածված քրիստոնյաներին աջակցության հարցերով պետնախարար Տրիստան Ազբեյը (Tristan Azbej), որ հայկական ծագում ունի:

Օրբանի պարգեւատրման արարողության մասին մանրամասներ է հաղորդում նաեւ նույն օրվա «Վատիկան նյուզը»: Ստորեւ՝ հայկական ծառայության լրատվությունը՝ հակիրճ: «Ամենապատիւ եւ գերերջանիկ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց կաթողիկոս պատրիարքը, որ այս օրերուն կը գտնուի Հունգարիա կաթողիկէ եկեղեցւոյ վերնայարկի սրահին բացման առիթով, պաշտօնական այցելութիւն տուաւ Հունգարիոյ վարչապետ Վիքթոր Օրպանին:

Շրջապտոյտի աւարտին տեղի ունեցաւ Հոգեւոր տիրոջ ու վարչապետի միջեւ դռնփակ հանդիպում մը, որմէ առաջ Ամենապատիւ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը վարչապետ Օրպանը պատուեց «Սուրբ Խաչ» շքանշանով «առ ի շնորհակալութիւն եւ գնահատանք հալածուող քրիստոնեայ ժողովուրդներուն Հունգարիայի եւ ձեր անձնական գնահատելի աջակցութեան համար», գրուած է այս առթիւ յանձնուած Հայրապետական կոնդակին մէջ, ուր նշուած է նաեւ թէ «այդ գործունեայ աջակցութիւնը շարունակական է եւ անվերապահ գրաւական է պահպանելու քրիստոնէական արժէքները եւ առ հասարակ քրիստոնէական կեանքը»:

Հայաստանին վերաբերող ի՞նչ հարցեր են արծարծել դռնփակ հանդիպման ժամանակ Վիկտոր Օրբանն ու հայ կաթոլիկ պատրիարքը, գերմանագիր «Հունգարիան այսօր» լրատուն չի նշում, իսկ վերոբերյալ երկու աղբյուրներն էլ չեն հիշատակում, որ Հայաստանը Հունգարիայի հետ 2012-ին սառեցրել էր դիվանագիտական հարաբերություններն այն բանից հետո, երբ 2004-ին Բուդապեշտում սպա Գուրգեն Մարգարյանին 16 անգամ կացնահարած հունգարական բանտում ցմահ պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին Օրբանն արտահանձնեց Ալիեւին: Սա տեղավորվու՞մ է քրիստոնեական դաստիարակության սահմաններում, հալածյալ քրիստոնյաների պաշտպան Օրբանը չգիտե՞ր, որ կացնահարելը հալածել տարողունակ բայի սահմռկեցնող, ավարտուն գործողություն է, եւ եթե իր միջնորդությամբ ոճրագործ Սաֆարովը ոչ թե դեռ հունգարական բանտում, այլ Բաքվում հերոսացվում է, ինքը մեղսակից է, Գուրգեն Մարգարյանի արյունը նաեւ իր վրա է: «Հայ ժողովուրդը դա չի ներելու: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը:  Ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ եւ միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ: Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջեւ», ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Օրբանին ներե՞լ են հայ կաթոլիկները: Միգուցե Օրբանը խոստովանե՞լ է մեղքը դռնփակ այդ հանդիպման ժամանակ, դրա մասին էլ չի հաղորդվում…Հունգարիայի 59-ամյա ղեկավարը միայն գովասանք է լսել՝ սա է արել, նա է արել, եկեղեցի է վերանորոգել… քրիստոնյայի առաքինի վարքին հարիր է՞ այս կերպը, պարկեշտ մարդուն հարի՞ր է այս գործարքը, Գուրգեն Մարգարյանի սահմռկեցնող պատմությունն այդքան արա՞գ է ջնջվում հոգեւոր դասի ներկայացուցչի, հայ մարդու մտապատկերից: Կաթոլիկնե՞րն են գործուղվել Օրբանին սիրաշահելու, թե՞ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճիշտ ժամանակն է. Եթե ՀՀ-ն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փորձում է, ապա Հունգարիային էլ կների:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930