Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանված արցախցիներին ՀՀ կառավարությունը 2 միլիարդ դրամ կտրամադրի՝ բնակարանների ձեռք բերման կամ կառուցման համար. Նարեկ Մկրտչյան

Նոյեմբեր 04,2022 11:55

2023 թվականին պետբյուջեի նախագծով ՀՀ կառավարությունը նախատեսում է Արցախի հանրապետության տարբեր շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրին ուղղել 2 մլրդ դրամ: Այս մասին այսօր խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«2023 թվականին նախատեսվում է իրականացնել Արցախի հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության միջոցառումը, որը հնարավորություն կտա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Այս ծրագրի համար 2023 թվականին բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ»,-ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ 2022 թվականի հոկտեմբերին կառավարությունը լավարկել էր գործող որոշումը՝ ըստ որի, եթե տեղահանված ընտանիքն անշարժ գույք ձեռք բերի կամ կառուցի Հայաստանի հանրապետության սահմանամերձ գյուղական բնակավայրում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն: Ըստ այդմ, բնակարանի ձեռքբերման դեպքում կտրամադրվի մինչեւ 14 մլն դրամ, իսկ կառուցապատման դեպքում՝ մինչեւ 16 մլն դրամ, հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 13 տոկոս:

Կատարված փոփոխությունների արդյունքում կսուբսիդավորվի նաեւ ձեռք բերվող կամ կառուցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար նախատեսվող գումարը:

Ծրագրի շահառուներն են՝ ԱՀ առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ ԱՀ-ում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված եւ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքները (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են ԱՀ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը եւ վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։ Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով երաշխավորում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի եւ տոկոսագումարի սուբսիդավորում:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Ավելի ուշ, պատասխանելով բանկերի կողմից վարկային միջոցների տրամադրման մասով առաջացող խնդիրներին, Նարեկ Մկրտչյանն ասաց, որ շուրջ 4 հազար մարդու մասին է խոսքը, որոնց հնարավորություն է տրվում բնակարան ձեռք բերել ՀՀ-ում՝ Երեւանում, Արցախում, այժմ նաեւ ՀՀ մարզերում: Նա վստահեցրեց, որ բանկերից բացի ծրագրին նաեւ վարկային կազմակերպություններ կարող են մասնակցել եւ այդ ուղղությամբ ԿԲ-ի հետ աշխատանք է տարվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930