Լրահոս
Օրվա լրահոսը

Այս շենքում թիվ մեկ պատասխանատուն ես եմ. ԱԺ աշխատակազմի ղեկավար․ «Հրապարակ»

Նոյեմբեր 04,2022 11:30

Ազգային ժողովի ավտոտնտեսությունն ունի համալրման խնդիր, քանի որ առկա 46 ավտոմեքենայից չորսը ներկայացված է օտարման, 20-ից ավելի մեքենաների հետագա շահագործումն էլ համարվում է բավականին ծախսատար եւ ոչ արդյունավետ։ Դրա համար ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մտադիր է ԱԺ աշխատակազմի համար 2023 թ․ ձեռք բերել 17 էլեկտրամոբիլ՝ որպես խնայող եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց։

Վահան Նարիբեկյանը  մանրամասնեց ավտոպարկը թարմացնելու եւ էլեկտրական մեքենաների անցնելու իրենց ցանկությունը։

«Որովհետեւ խնայողական են, որովհետեւ առկա մեքենաները 2007-2008 թթ․ մեքենաներ են եւ 300 հազար կմ վազքն անցել են արդեն, շարժիչները խափանվել են, արդեն ծախսատար են»,- ասաց Նարիբեկյանը։ Նա նշեց, որ նախատեսում էին Volkswagen ID4 մակնիշի էլեկտրական մեքենաներ ձեռք բերել, որոնք այս պահին շուկայում ամենաէժանն են, եւ մեկ լիցքավորմամբ ամենաերկար ճանապարհը հենց դրանք են անցնում։ Սակայն կառավարությունը մերժել է այս ծրագիրը։

Վիգեն Խաչատրյանն առաջարկում է տաքսիներից օգտվել, դա Ձեզ համար ընդունելի տարբերակ չէ՞։ Ի դեպ, նմանատիպ մի մոդել, որքան հիշում եմ, ժամանակին առաջարկում էր Դավիթ Հարությունյանը։

– Ես ասացի, որ որոշ չափով ես ընդունում եմ դա, բայց լինում են դեպքեր, որ տվյալ ուղեւորների գաղտնիությունը պետք է պահվի, թե ուր են իրենք գնում, եւ նպատակահարմար չէ, որ իմանան։

– «Լեւի՞» են գնում։ Նախկինում, օրինակ, պատգամավորները հենց այդ նպատակով էին ձգտում քողարկել իրենց մեքենաները։ Հիմա այդ ո՞ւր պետք է գնան ձեր պատգամավորները, որ չեն ուզում՝ իմացվի։ Թաքուն տեղե՞ր են գնում։

– Կարող է, ես չեմ կարող ասել։

Հանձնաժողովի նախագահների մեքենաների փոխարինման կարիք կա՞, թե՞ ոչ։

– Այո, կա։ Դեռ միայն ԱԺ փոխնախագահների մեքենաներն են, որ քիչ թե շատ թարմ են՝ 2018 թվականի արտադրության են, իսկ դրանից ներքեւի մեքենաներն արդեն տասը տարեկան եւ բարձր են։

Օրինակ՝ Դուք ի՞նչ օգուտ եք տվել պետությանը, հայրենիքին, երբ մեկնել եք գործուղման։

– Էն, ինչը որ անում ենք տարվա ընթացքում, դրա առնվազն 2 տոկոսը գործուղումների եւ փորձի փոխանակման արդյունք է։

ԱԺ աշխատակազմի ղեկավարները, իհարկե, նախկինում էլ են մեկնել գործուղումների, բայց առաջին պլան այսքան մղված չեն եղել, հանդիպումների ժամանակ առաջին շարքերում չեն կանգնել, օրինակ՝ Նենսի Փելոսիի կողքը, գործուղումների ամենաշատ մեկնողներից չեն եղել։ Հիմա, ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս ակտիվությունը։

– Այս շենքում թիվ մեկ պատասխանատուն ես եմ։

Իսկ թիվ մեկ մեղավո՞րը։

– Մեղավո՞րը։ Նայած՝ ինչում։ Քաղաքական հարցերում, իհարկե, ոչ, բայց էն, ինչ վերաբերում է աշխատակազմին, էլի ես եմ։

Իսկ քաղաքական հարցերում Ալեն Սիմոնյա՞նն է։

– Միանշանակ՝ այո։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930