Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյայում եւ սեպտեմբերից 13-ից անմահացած քանի՞ զինծառայողի անուն է արդեն հրապարակվել ԶԱՀ-ում

Նոյեմբեր 04,2022 15:30
zinvor

2022թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների թվի հրապարակման, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ առիթով արված հայտարարության մասին մեր նախորդ հրապարակման հետքերով «Առավոտը» որոշակի պարզաբանումներ էր խնդրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։ 27.10.2022թ.-ին հղված հարցման պատասխանները ներկայացնում ենք ստորեւ (հարցեր էին առաջացել նաեւ 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայողների թվի առնչությամբ, որոնց եւս հիմնադրամը պատասխանել է):

Հարցադրում 1. Ս.թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունն «Առավոտի» հարցմանն ի պատասխան Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-ի հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների անվանացուցակի առնչությամբ գրավոր հայտնել է, որ կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ, եւ շարունակաբար իրականացվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցման գործընթաց։ Հիմնադրամին խնդրում ենք պարզաբանել, թե մասնավորապես ո՞ր օրենքի մասին է խոսքը, որը, ինչպես ՊՆ-ն է մատնանշել, ինստիտուցիոնալ մեխանիզմն է։

Պատասխան. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը, զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) եւ ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշմամբ: Համաձայն օրենքի` հատուցման դեպք տեղի ունենալու պարագայում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով զինծառայողի զոհվելու, անհայտ բացակայող ճանաչվելու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն սահմանելու դեպքում պաշտպանության նախարարությունը կամ արտակարգ իրավիճակների նախարարությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը կամ ոստիկանությունը՝ համապատասխան պետական մարմինը որոշում է, թե տվյալ հատուցման դեպքով ով է համարվում շահառու (շահառուներ), եւ կառավարության սահմանած կարգով հիմնադրամ է ներկայացնում զինծառայողի եւ շահառուի (շահառուների) տվյալները, հատուցման ենթակա գումարի չափը, ինչպես նաեւ հատուցման դեպքը եւ շահառու հանդիսանալը հաստատող փաստաթղթերը: Ընդ որում, ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման համաձայն` վերը նշված տվյալները (տեղեկությունները) հիմնադրամ է ներկայացվում էլեկտրոնային եղանակով` համապատասխան ծրագրային գործիքի միջոցով: Հիմնադրամը, հիմք ընդունելով ստացված էլեկտրոնային տվյալները (տեղեկությունները), ապահովում է հատուցման գումարների վճարումը եւ շահառուների տվյալները հրապարակում հիմնադրամի 1000plus.am կայքում:
Ըստ այդմ, մեր կարծիքով, ՊՆ-ն իր պատասխանում նկատի է ունեցել հիմնադրամին տեղեկություններ տրամադրելու` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերը, որը վերաբերում է օրենքով սահմանված հատուցման գումարները վճարելու նպատակով մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների տվյալները Հիմնադրամին փոխանցելուն:

Հարցադրում 2. Մինչեւ օրս 2020թ.-ի 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների քանի՞ անուն է հրապարակվել հիմնադրամի կայքում։

Պատասխան. 27.10.2022թ. դրությամբ հիմնադրամը հատուցման գումարներ է նշանակել եւ վճարել 44-օրյա պատերազմի մասնակից 4,251 զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների եւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների (դեպքը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում` 27.09.2020 – 09.11.2020թթ. ներառյալ):

Հարցադրում 3. Մինչեւ օրս 2020թ.-ի 44-օրյա պատերազմում զոհվածներից, անհետ կորածներից եւ հաշմանդամություն ձեռք բերածներից բացի՝ Ադրբեջանի այլ հարձակումների, սահմանային միջադեպերի, կրակոցների եւ այլ դեպքերի հետեւանքով զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած քանի՞ զինծառայողի անուն է հրապարակված հիմնադրամի կայքում (մինչեւ 2022թ. սեպտեմբերի 13-ը ընկած ժամանակահատվածի մասին է խոսքը)։

Պատասխան. 27.10.2022 թվականի դրությամբ հիմնադրամը հատուցման գումարներ է նշանակել եւ վճարել 613 զոհված, անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքների անդամների եւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների (դեպքը տեղի է ունեցել մինչեւ 12.09.2022թ., բացառությամբ` 44-օրյա պատերազմի դեպքերի)։

Հարցադրում 4. Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-ի հարձակման հետեւանքով զոհված, անհետ կորած եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների քանի՞ անուն է հրապարակված հիմնադրամի կայքում։

Պատասխան. 27.10.2022թ. դրությամբ հիմնադրամը հատուցման գումարներ է նշանակել եւ վճարել 72 զոհված զինծառայողների ընտանիքների անդամների (դեպքը տեղի է ունեցել 13.09.2022 թվականից հետո):

Հարցադրում 5. Երբ պաշտպանության նախարարությունը հիմնադրամին տրամադրում է զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի տվյալները, ի՞նչ ժամկետներում են անունները հրապարակվում «կատարված հատուցումներ» բաժնում։

Պատասխան. Համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի` հիմնադրամը զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ տեղեկությունները ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում: Սակայն վերը նշված 3-օրյա ժամկետները գործնականում կարող են խախտվել` պայմանավորված դեպքերի քանակով: Մասնավորապես, տվյալները (տեղեկությունները) հիմնադրամ է ներկայացվում էլեկտրոնային եղանակով` համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տվյալները տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով: Մուտքագրման ենթակա գործերը ներառվում են համապատասխան անվանացանկում եւ մուտքագրվում են խմբաքանակներով: Ըստ այդմ, եթե խմբաքանակը մեծ է, ապա պահանջվում է որոշակի ժամանակ մուտքագրելու համար, ինչը 1-ին օրը մուտքագրած գործի համար կարող է հանգեցնել ժամկետների խախտման:

Հարցադրում 6. Սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի հարձակման հետեւանքով քանի՞ զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի անուններ կան, որոնք այս պահին հիմնադրամն արդեն ունի, սակայն դրանք չեն հրապարակվել «կատարված հատուցումներ» բաժնում։ Ի՞նչ պատճառներով այդ անունները դեռեւս չեն հրապարակվել։

Պատասխան. 27.10.2022 թվականի դրությամբ հիմնադրամում գտնվել է 21 գործ, որոնցով դեպքը տեղի է ունեցել 13.09.2022 թվականից հետո, սակայն այդ անձանց անունները հրապարակված չեն եղել: Վերը նշված 21 զինծառայողների անունները 27.10.2022 թվականի դրությամբ հրապարակված չեն եղել` պայմանավորված համապատասխան ընթացակարգերով: Մասնավորապես, անունները տրվում են հրապարակման հատուցման գումարների 1-ին վճարումը կատարելուց հետո՝ հետեւյալ ընթացակարգով. հիմնադրամը, ներքին ընթացակարգերի համաձայն, կայացնում է հատուցման գումարները վճարելու որոշում եւ շահառուների տվյալները փոխանցում է բանկերին` հաշիվներ բացելու նպատակով: Բանկից հաշիվների բացման եւ նույնականացման վերաբերյալ հետադարձ տեղեկատվություն ստանալուց հետո հիմնադրամը հատուցման գումարները փոխանցում է շահառուների հաշիվներին: 27.10.2022 թվականին, համաձայն հիմնադրամի ներքին ընթացակարգերի, կայացվել է 21 զինծառայողների ընտանիքներին հատուցման գումարները վճարելու որոշում, իսկ գումարները վճարվել են եւ տվյալները հրապարակվել են կայքում 31.10.2022թ.-ին:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930