Լույս տեսավ գրող Աշոտ Աղաբաբյանի՝ ընթերցողների կողմից վաղուց սպասված «Գաղութ» գիրքը։ Նոյեմբերի 5-ին, ժամը 13։00-ին, Բուկինիստ խանութում (Մաշտոցի 20) կմեկնարկի գրքի շնորհանդեսն ու վաճառքը։ Հեղինակը գրախանութում կլինի մինչեւ ժամը 19։00-ն։ Ընթերցողները գիրքը կարող են ձեռք բերել հեղինակի մակագրությամբ։
Աղաբաբյանի նախորդ վեց գրքերը վեպեր են, «Գաղութ»-ը՝ հոդվածների, էսսեների, պատմվածքների ժողովածու։ Յոթ մասից բաղկացած գրքի «Գաղութ» գլխում Հայաստանի բանտերի, գաղութների իրավիճակն ու գողական աշխարհի նիստուկացն է, որի վկան է եղել հեղինակը՝ 1991-1992 եւ 2005 թթ. լինելով բանտերում։
«Պետական տեռոր Նոյեմբերյանում» գլխում ականատես-գրողի հոդվածներն են ԽՍՀՄ զորքերի կողմից նոյեմբերյանցի 14 ոստիկանների գնդակահարության եւ տասնյակ տղաների գերեվարության մասին։
«Աղետը շարունակվում է» գլխում պատմվում է երկրաշարժից հետո երկկողմանի որբերի «հաշվին» հարստացածների մասին։
Կարդացեք նաև
Գրքում տեղ են գտել նաեւ Աղաբաբյանի՝ Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Հայ հետախույզը Թուրքիայի մեջլիսի անդամ» պատմվածքը եւ այլ պատումներ։
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
04.11.2022