Այրոցը տհաճ, երբեմն էլ ցավոտ զգացողություն է, որը հուշում է ստամոքսի տարբեր հիվանդությունների, լեղապարկի բորբոքման, մարսողական և այլ խնդիրների մասին։ Այն կարող է ի հայտ գալ նաև ոչ օգտակար սնունդ օգտագործելու կամ կերակուրը չարաշահելու դեպքում։
Այրոցի առաջացման պատճառները տարբեր են, մեխանիզմն՝ այսպիսին․ մեր ստամոքսը կերակրափողից բաժանվում է մկանային օղակով՝ սֆինկտերով։ Օղակը բացվում է՝ թույլ տալով սննդի մուտքը ստամոքս, այնուհետև փակվում է, որպեսզի ստամոքսահյութը չներթափանցի կերակրափողի մեջ։
Մարսողական համակարգի կանոնավոր աշխատանքի դեպքում այդ սեղմանը մշտապես ամուր փակված է, սակայն երբ խանգարվում է մարսողական համակարգի աշխատանքը, սֆինկտերը թուլանում է, ստամոքսահյութը արտահոսում է դեպի կերակրափող՝ ազդելով վերջինիս լորձաթաղանթի վրա։ Այսպես առաջանում է այրոցը։
Կարդացեք նաև
Եթե այրոցն անհանգստացնում է պարբերաբար, ապա մասնագետին դիմելն ու հետազոտվելը չարժե հետաձգել, սակայն որոշ դեպքերում այրոցից օգնում են ազատվել սննդակարգի որոշակի շտկումները։
Ճիշտ մշակված դիետան օգնում է նվազեցնել ստամոքսի կենսագործունեության արգասիք համարվող թթուն։ Սննդակարգից ճիշտ կլինի հանել այն մթերքները, որոնք բացասաբար են անդրադառնում մարսողության վրա։
Որպես կանոն այրոցի առաջացմանը նպաստում են կաթնամթերքը, աղի, թթու, յուղոտ և տապակած կերակուրները։ Նաև ճիշտ կլինի հրաժարվել ալկոհոլից, խիտ թեյերի, սուրճի, գազավորված ըմպելիքների, ցիտրուսային հյութերի օգտագործումից։ Այրոցի առաջացմանը կարող են նպաստել նաև շաքարը, թարմ թխված խմորեղենը, լոլիկը և այլ մթերքները։
Աղեստամոքսային տրակտի կանոնավոր աշխատանքին նպաստում են բջջանյութով հարուստ մթերքները, անյուղ ձկնեղենը, տարատեսակ շիլաները և այլն։ Պետք է հնարավորինս շատ ջուր օգտագործել, և ամենակարևորը՝ սնունդն ընդունել քիչ չափաբաժիններով։
Սնվելուց հետո ցանկալի չէ պառկելը․ աղեստամոքսային համակարգի կանոնավոր աշխատանքի համար 2-3 ժամ ուղղահայաց դիրքում մնալն ուտելուց հետո կարող է նպաստել այրոցից ազատվելուն։
Մթերքներ, որոնք կօգնեն հաղթահարել այրոցը
Կոճապղպեղ
Կոճապղպեղը վառ արտահայտված հակաբորբոքային ազդեցություն ունի, կլանելով ստամոքսի թթուն՝ այն հանգստացնող ազդեցություն է գործում։
Բանան (ոչ ցիտրուսային մրգեր)
Ի տարբերություն թթու համ ունեցող մրգերի, որոնք այրոց են առաջացնում, բանանը հիմնային բնույթի միրգ է, որը նվազեցնում է ստամոքսի թթվայնությունն ու օգնում ազատվել այրոցի ախտանշաններից։
Սեխ
Սեխը նույնպես հիմնային պտուղ է, որը չեզոքացնում է թթվայնությունը։
Կանաչ բանջարեղեն
Կանաչ բանջարեղենը՝ կաղամբը, ծնեբեկը, սպանախը, հազարը, բրյուսելյան կաղամբը իրենց pH ցուցանիշի շնորհիվ օգնում են պայքարել այրոցի դեմ։
Վարսակի շիլա, ամբողջահատիկ ձավարեղեն
Վարսակի շիլան շատ օգտակար է մարսողական տարբեր խնդիրների դեպքում, սակայն այրոցից ազատվելու համար այն ցանկալի է պատրաստել ոչ թե կաթով, այլ ջրով։
Մաստակ
Ծամոնը նույնպես կարող է օգնել այրոցի դեպքում, քանի որ ուժեղացնում է թքարտադրությունը, ինչի շնորհիվ թթուն մաքրվում է կերակրափողի պատերից։ Այրոցի դեպքում ընտրեք անանուխի մաստակ և ծամեք այն սնվելուց հետո։
Եթե սննդակարգի փոփոխությունը չի օգնում, և այրոցը պահպանվում է, ապա այցելեք գաստրոէնտերոլոգին, որը, պարզելով այրոցի առաջացման պատճառները, գրագետ բուժում կնշանակի։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը տեղեկություններ է պարունակում հետևյալ աղբյուրներից՝ 1, 2