44-օրյա պատերազմի մասնակից արվեստագետի «խոստովանությունը»
Արվեստում պատերազմի արհավիրքը հավերժական թեմա եղել ու, ցավոք, մնում է։ Խոսքը ոչ միայն մարտական գործողությունների մասին է, այլեւ պատերազմի բերած ողբերգությունների մասին՝ ընդհանրապես։ Օրինակ, ինչպես է պատերազմի բովով անցած մարդը շարունակում ապրել, ինչպես է հաղթահարում պատերազմի հետեւանքները՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։ Այսօրվա մեր իրականության մեջ բազմաթիվ են պատերազմի մասնակից կամ ականատես արվեստագետները (լուսանկարիչներ, օպերատորներ, կոմպոզիտորներ, գրողներ եւ այլն), որոնք ստեղծագործել են պատերազմի ժամանակ ու շարունակում են իրենց գործը հետպատերազմական շրջանում։ 44-օրյա պատերազմի օրերին «Առավոտը» ներկայացրել է առաջնագիծ մեկնած արվեստագետներին, նաեւ արվեստի բուհերի ուսանողներին, որոնք կիսատ թողնելով ուսումը, միացել են հայրենիքի պաշտպաններին։ Ցավոք, ունեցել ենք զոհեր, վիրավորներ։ Վերջին շրջանում «Արմենիա TV»-ով հեռարձակվող «Ամեն տարի գարնանը» սերիալում (պրոդյուսեր՝ Ելենա Արշակյան, սցենարը՝ Անահիտ Մխիթարյանի, ռեժիսոր՝ Քաջայր Հակուփյան) նկարահանվում է 44-օրյա պատերազմի մասնակից, դերասան Արարատ Թորոսյանը։
Ընդ որում, երբ սերիալում հայտնվեց նրա կերպարը, սերիալ նախընտրող հեռուստադիտողների մեծ մասը համոզված էր, որ այդ դերասանը պատերազմի մասնակից է։ Այդպես էլ կա։ Դերասանն ունի հենաշարժողական խնդիր. վիրավորվել է պատերազմում, պրոթեզավորվել է երկու ոտքը։ Մեզ հետ զրույցում Արարատը տեղեկացրեց, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էր, երբ 2019թ. «Ես եմ» ծրագրով մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։ Մեկ տարի 10 ամիս անց սկսվել է պատերազմը։ «Վեց ամիս ուսումնական գումարտակում էի, դրանից հետո, մինչեւ վիրավորվելը՝ 2020թ. հոկտեմբերի 1-ը, եղել եմ առաջնագծում, իսկ հետո… պարզ է։ Պրոթեզավորումը կատարվեց եւ Հայաստանում, եւ դրսում»,- պատմեց մեր զրուցակիցը։ Հետո էլ մանրամասնեց, որ ընդունվել եւ ուսանում էր թատերականի կինոարվեստի բաժնում ու հազիվ լսելի ձայնով էլ ասաց, թե կարող էր տարկետում վերցնել, ավարտել ինստիտուտը. «Չէ, զինվորական ծառայության մեկնելը ճիշտ էր։ Իհարկե, այն ժամանակ ես չէի կարող իմանալ, որ պատերազմ կլինի։ Բայց եթե նույնիսկ իմանայի էլ, միեւնույն է՝ մեկնելու էի»։
Հետո Արարատը կարծես սկսեց մենախոսել. «Բոլորս կռվում էինք, այն էլ ինչպե՜ս… Գիտեինք, որ հայրենիքի համար ենք կռվում եւ միեւնույն ժամանակ՝ յուրաքանչյուրն իր ընտանիքի համար, ընտանիքների գումարից է, չէ՞, ստեղծվում ժողովուրդն ու հայրենիքը…»։ Հաստատելով մեր տեղեկությունը, թե պատերազմից հետո չի շարունակել ուսումը թատերականում, պատճառի մասին չցանկացավ բարձրաձայնել։ Կարելի է ենթադրել, որ մարդու համար, որի երազանքը խաղալն է եղել, ուսումը չշարունակելու ընդամենը մեկ պատճառ պետք է լինի՝ ինստիտուտի շենքը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցողներին։ Զրույցի ընթացքում քանիցս Արարատը շնորհակալական խոսքեր էր հղում «Արմենիա TV»-ին, հատկապես վերոնշյալ սերիալի ստեղծագործական թիմին, որը վստահեց իրեն առաջին քայլն անել կինոարվեստում։ Հարցին՝ չի՞ կարծում, որ մեզ մոտ դեռեւս ձեւավորված չէ այն մշակույթը, որ հրավիրվեն ինչ-ինչ պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած դերասաններ, արվեստագետի պատասխանը հետեւյալն էր. «Հարցին սպառիչ պատասխան տալ չեմ կարող, սա իմ առաջին դերն է։ Համոզված եմ, որ այո, ինչ-ինչ պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած արվեստագետները կհրավիրվեն ֆիլմերում նկարահանվելու, պարզապես ժամանակի հարց է»։
Արարատ Թորոսյանն այսօր համացանցում վարում է իր բլոգը, ունի ավելի քան 10 հազար հետեւորդ եւ միլիոնավոր դիտումներ Tik-Tok-ում։ Հետաքրքրությանը, թե՝ ցանկություն ունի՞ այլ մասնագիտություն ընտրել, պատասխանեց. «Պատերազմից հետո ձեռք եմ բերել ծրագրավորողի մասնագիտություն»: Ժպիտով էլ հավելեց. «Ընդամենը ձեռք եմ բերել։ Ախր իմ երազանքը խաղալն է…»։
Ինչ վերաբերում է առողջական խնդիրներ ունեցող դերասաններին ֆիլմերում ներգրավելուն, վաղուց աշխարհին հայտնի են հռչակավոր դեմքեր, օրինակ՝ Ժամել Դեբբուզը, որը հիանալի կարիերա է անում՝ աջ ձեռքի բացակայությամբ կամ՝ Քրիստոֆեր Ռիվը, որին ողնաշարի կոտրվածքը եւ հետագայում ոչ լրիվ ապաքինումը հետ չեն պահում նկարահանվելուց։ Ար Ջեյ Միտտն էլ կարիերան հաջող շարունակում է գլխուղեղի կաթված ստանալուց հետո։ Ավելին՝ հանրահայտ ռեժիսորները «ձեռքից ձեռք են խլում» Ջոննի Էքին, որն առանց վերջույթների գամված է անվասայլակին։ Չենք կարծում, որ մեր կինոմաններին հայտնի է Սիլվեսթեր Ստալոնեի առողջական վիճակը, որը լույս աշխարհ գալուն պես ստացել է դիմային նյարդի կաթված՝ մանկաբարձուհիների անփութության պատճառով։
Առաջին կարգի հաշմանդամ, միակողմանի ծնողազուրկ Արարատ Թորոսյանը զրույցի ավարտին, դարձյալ հազիվ լսելի, առանց մանրամասնելու խոսեց մի խնդրի մասին, որի իրականություն դառնալը կխթանի ստեղծագործական կյանքը։ Իսկ դա օրենքով ամրագրված եւ իրեն հասանելիք բնակարանն է պետությունից։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.11.2022