Բնությունն ու փոքր մարդը` պատմության հիմք
Այն, որ կինոն արվեստի լավագույն դրսեւորումներից է եւ համադրում է արվեստի տարբեր ճյուղեր, անքննարկելի է։ Կինոռեժիսոր Անի Գրիգորյանի համար կինոլեզվի արտահայտչամիջոցներին դիմելու մեծագույն նպատակն այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը եւ ավելի սիրեն այն։
«Մարդկային պատմություն պատկերելը եւ էկրանին ճակատագիր տեսնելը մեծ հույզեր ու զգացողություններ են փոխանցում,-ասում է Անին,-դրանց շնորհիվ է հանդիսատեսը սկսում արժեւորել, գնահատել այնպիսի երեւույթներ, որոնց մասին երբեք չի էլ մտածել։ Կինոն խոսում է հանդիսատեսի հետ եւ ինչքան անկեղծ լինի այդ զրույցը, այնքան ամուր կլինի նրանց կապը»։
Օրերս Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Անի Գրիգորյանի «Ավթոնա» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Եզդիների միության նախագահ Խդր Հաջոյանի խոսքով` եզդի տղայի մասին պատմող այս ֆիլմը հաստատապես պիտի տարածում ունենա՝ վեր հանելով համամարդկային արժեքներն ու հայ-եզդիական միասնականության կարեւոր գաղափարը։ Ֆիլմի կարեւոր ուղերձը Անին է ձեւակերպում. «Ապրել իրական կյանքում՝ չկորցնելով մեր ստեղծած գունավոր հեքիաթը»։
Եզդի տղայի հեքիաթային ու իրական աշխարհների բախման միջոցով արտահայտված ֆիլմը, ռեժիսորի խոսքով, առանցքային դեր պետք է ունենա եզդիական համայնքներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։
Կարդացեք նաև
Անին սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայում։ Դեռ 3-րդ կուրսում իր վարպետին` լուսահոգի Ռուբեն Գրիգորյանին ցանկություն էր հայտնել եզդիներին վերաբերող ֆիլմ նկարահանելու մասին։ Ասում է` թեման մեծ էր, պատկերացումներն՝ աղոտ։ Եվ որոշեցին ավարտական աշխատանքով անդրադառնալ դրան։
«Տարբեր եզդիական գյուղեր շրջելով՝ փնտրում էի ֆիլմի հերոսին։ Հերթական հիասթափությունից հետո, երբ մեքենայով արդեն Մեծաձոր գյուղից դուրս էինք եկել, հեռվում՝ դաշտերի մեջ մի տղայի եմ նկատում, ով ոչխարների հոտի հետեւից սուլելով քայլում է։ Միանգամից մեքենայի միջից հեռախոսով նկարում եմ նրան ու ասում, որ գտա հերոսին,-պատմում է Անին` շարունակելով,-պատմությունը սկսվում է հերոսից։ Ինձ համար կարեւոր էր ոչ թե վավերագրել եզդիների ապրելակերպը, մշակութային առանձնահատկությունները, այլ փոքր տղայի միջոցով դրանք պատկերել, ներկայացնել բնության ու փոքր մարդու կապը»։
Անին վստահ է` քննադատությունն ինքդ քո աշխատանքը վերանայելու, կատարելագործելու միջոց է։ Իսկ ֆիլմի հետ կապված քննադատություններ դեռ չեն եղել։
«Թեման ի սկզբանե հակասական կարծիքներ է առաջացրել, քանի որ եզդիների մասին գեղարվեստական լուծումներով վավերագրական ֆիլմ ոչ ոք չէր պատկերացնում, ու իրական չէին էլ համարում։ Իսկ երբ որոշվեց, որ պիտի հեքիաթային ոճով լինի՝ զարմանքն ու կասկածը կրկնապատկվեց»,- ասում է նա, վստահեցնելով, որ ցանկացած բնագավառում լավ արդյունքի հասնելու համար պարտադիր է անցնել խոչընդոտների միջով։ Այս դեպքում կինոն եւս բացառություն չէ։
«Դժվարություններ եղել են՝ նկարահանման վայր հասնելուց սկսած՝ եղանակային անտանելի պայմաններով վերջացրած։ Հերոսի հետ շփումը եւս սկզբնական փուլում բարդ էր, քանի որ ես եզդերեն չէի հասկանում, իսկ ինքը շատ հաճախ եզդերեն էր խոսում։ Հետո, երբ արդեն ընկերացանք, ես եզդերեն էի խոսում, ինքը՝ հայերեն»,-հավելում է մեր զրուցակիցը։
Անիի հետ խոսեցինք նաեւ հայկական կինոյի ապագայից։ Ասում է` բազմաթիվ տեխնիկական ու ֆինանսական խնդիրների դեմ աչք փակելով կարող է հաստատել, որ հայկական կինոն շուտով կունենա վերածնունդ։
«Նոր մտածելակերպով ու բարձրորակ ֆիլմ ստեղծելու գաղափարով ներշնչված հայ երիտասարդ կինոռեժիսորներն ունեն մեծ պոտենցիալ կինոշուկայում արժեք ներկացնող ֆիլմերով հանդես գալու։ Շատ ողջունելի է մեր կինոռեժիսորների նվիրական աշխատանքը՝ հայկական կինոն միջազգային հարթակներում ներկայացնելու ջանքերը։ Փոքր եւ վստահ քայլերով պիտի առաջ գնանք, առաջ տանենք հայկականը…»,- ասում է Անին։ Մեր հարցին` ի՞նչ ֆիլմ կցանկանար նկարահանել, Անի Գրիգորյանը պատասխանեց. «Կցանկանայի նկարահանել վավերագրական ֆիլմ մարդ-բնություն փոխադարձ կապի, հորս մասին»։
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.11.2022