Լրահոս
Օրվա լրահոսը

Չլինել Պուտինից ավելի Պուտին

Նոյեմբեր 04,2022 12:00

Եվ ի՞նչ, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանող արեւմտյան երկրի ղեկավարին պետք է ծաղրել, իսկ Հայաստանի սահմանները չիմացող ռուսական ռազմաքաղաքական էլիտային շնորհակալություն հայտնե՞լ՝ Հայաստանի հանդեպ որդեգրած «ռազմավարական» «յուրօրինակ» դիրքորոշման համար:

Նկատե՞լ եք հայաստանյան ընդդիմության հիմնական ու ամենահաճախ բերվող հակափաստարկը, երբ հնչում է արդարացված քննադատություն Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործած սխալ այս կամ այն քայլի վերաբերյալ… Ռուսաստանյան իշխանական քաղաքականության պաշտպանները մի «ջախջախիչ» արդարացում ունեն՝ «Պուտինը չի կարող հայերից ավելի հայ լինել…»:
Սա ասվում է 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանին պարտադրված անհամաչափ պատերազմից հետո, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ստանալով ՌԴ-ի թույլտվությունը, սկսեց պատերազմ, եւ որ այսօր էլ այդ պատերազմով շարունակում են սպառնալ ՀՀ-ին ուղղակիորեն եւ ոչ ուղղակիորեն:

Իսկ որ ՌԴ-ն այդ պատերազմի «դաբրոն» տվել է՝ դա են արդեն վկայում հետին թվով Պուտինի վերջին մեկնաբանությունները, երբ նա հայկական կողմին մեղադրեց՝ «5 շրջանները Ադրբեջանին չվերադարձնելու մեջ», այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անցկացվող բանակցություններում եւ մանավանդ ռուսական հովանու ներքո ընթացող բոլոր բանակցություններում հայկական կողմը ադրբեջանական շրջանների վերադարձը հստակ կապել է ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման հետ: Ուրեմն, եթե այսօր պաշտոնական Մոսկվան անուղղակիորեն հայկական կողմին է մեղադրում պատերազմի համար, ուրեմն դրանով արդարացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը, հետեւաբար, Մոսկվան նաեւ որոշակի մեղքի զգացում, այնուամենայնիվ, զգում է տեղի ունեցածի առնչությամբ:

Իսկ Հայաստանում նրանք, ովքեր ասում են՝ «Պուտինը չի կարող հայերից ավելի հայ լինել», նրանք, կարծես, Պուտինից ավելի Պուտին են դարձել, որովհետեւ Պուտինից որեւէ մեկը չէր էլ պահանջել ու չի պահանջում հայ լինել:

Պուտինից եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավից ընդամենն ակնկալվում է՝ հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ երբեմն այդքան ակնհայտ հայատյաց քաղաքականություն չվարել՝ ադրբեջանահաճո որոշումներ ընդունելով ու հայտարարություններ անելով: Այլապես ինչպե՞ս բացատրել ռուսաստանյան մամուլում անգամ քննարկվող ադրբեջանական նավթադոլարներով սնվող ռուսաստանցի փորձագետների, խմբագիրների, լրագրողների գոյությունը: Ռուսական իշխանական շրջանակներում էլ նման շրջանակների գոյությունն էլ, կարծես, արդեն վաղուց գաղտնիք չէ: Իսկ հնարավո՞ր էր այդ զանգվածի առկայությունն՝ առանց «վերեւների» թույլտվության… Իհարկե, ոչ:

Հետեւաբար, նրանք, ովքեր Հայաստանում արդարացնում են ռուսաստանյան այսօրվա ռազմաքաղաքական էլիտայի քաղաքականությունն ընդդեմ Հայաստանի պետության, պետք է գիտակցեն, որ նրանք ինչ-որ առումով թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի ջրաղացին ջուր են լցնում, այն տանդեմի, որի ներկայացուցիչների գումարներով Ռուսաստանում վարձատրվում են որոշակի քանակությամբ մարդիկ՝ պաշտոնական Բաքվի քաղաքականության լոբբինգի համար, որի գոյությունը ՌԴ բարձրագույն իշխանության թույլտվությամբ է առկա:
Նրանք, ովքեր արդարացնում են Մոսկվայի այսօրվա վարած քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, ուրեմն, կիսում են Կրեմլի, օրինակ, հետեւյալ դիրքորոշումը, որ քանի որ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանները սահմանագծված-սահմանազատված չեն, Մոսկվան չգիտի ՀՀ սահմանները եւ չի կարող պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այսինքն, ըստ Կրեմլի՝ հայտնի չէ՞, թե որտեղ է աշխարհագրորեն սկսվում եւ ավարտվում Հայաստանը… Իսկ Կրեմլում գիտե՞ն, թե աշխարհագրորեն որտեղ գտնվող Հայաստանի հետ են իրենք բազմաթիվ միջպետական համաձայնագրեր ու պայմանագրեր ստորագրել՝ ՀՀ անկախացումից ի վեր եւ թե երկու երկրները միմյանց հանդեպ ինչ պայմանագրային պարտավորություններ ունեն:

Ինչեւէ, նույնիսկ այսօր՝ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո ՀՀ-ի հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրվածությունը, կարելի է ասել, աննախադեպ մեծացել է: Դա են վկայում դեպի Հայաստան գործուղվող տարբեր երկրների պատվիրակությունների առատությունը: Հայաստանը պետք է օգտվի այս մթնոլորտից ու հնարավորությունից, ճշգրիտ ու նախաձեռնողական քաղաքականություն վարի՝ առանց ուշադրություն դարձնելու հայաստանյան ներքաղաքական դաշտում պրիմիտիվ ու ուղղորդվող դիսկուրսին:

Եթե լրջորեն «քննարկես» Հայաստանում ռուսական քարոզչության հետեւորդների հրապարակ նետած անհեթեթ մտքերին, ապա, օրինակ, արեւմտյան այն երկրների ղեկավարներին, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահին, որը ի տարբերություն ՌԴ իշխանությունների, պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջությունը, պետք է հակադարձես, որ նա դա ասում է Հայաստանի «ոչ սիրուն աչքերի համար»: Եվ ի՞նչ, ուրեմն, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանող պետության ղեկավարին պետք է ծաղրել, իսկ Հայաստանի սահմանները «չիմացող» ռուսական ռազմաքաղաքական էլիտային շնորհակալություն հայտնե՞լ՝ Հայաստանի հանդեպ որդեգրած «ռազմավարական» այս «յուրօրինակ» դիրքորոշման համար:

Այսինքն, աբսուրդը Հայաստանում արդեն հասցվել է այն մակարդակին, որ Արեւմուտքի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի գործած ագրեսիայի դատապարտումը ռուսաստանյան քարոզչության «աշխատողները» վարկաբեկում են, այդ երկրներին «Հայաստանի թշնամի» են ներկայացնում, որպեսզի Հայաստանի հանդեպ ՌԴ-ի հանցավոր անտարբերության աստիճանը փոքր-ինչ մեղմեն:
Այսօր ստեղծվել է մի վիճակ, որ իշխանությունն է, երբեմն, հրապարակավ ընդդիմանում ռուսական քաղաքականությանը, մինչդեռ ընդդիմությունը եւս՝ ելնելով Հայաստան պետության շահերից, բազմաթիվ հարցերում պետք է ցույց տար իր անհամաձայնությունը ռուսական քաղաքականությանը: Իսկ գոնե մեկ հարց ուղղված ՌԴ-ին այսօր մնացել է օդում կախված՝ դուք Հայաստանի ռազմավարական դաշնակի՞ցն եք, մեր եղբա՞յրը, չեզոք խաղաղապա՞հ, թե՞ ազնիվ միջնորդ… Բոլորը միասին չի ստացվում… Վաղ թե ուշ, ՌԴ-ն հրապարակավ կատարելու է ընտրություն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որովհետեւ միաժամանակ երկուսի «ռազմավարական դաշնակիցը» լինել չի կարող:
Կամ, ի՞նչն է խանգարում հայաստանյան ընդդիմությանը, որպեսզի նրանք հայտարարեն, որ այն պետությունները, որոնք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն արտահայտում, նրանք չեն կարող լինել անկողմնակալ միջնորդ եւ հետեւաբար այդ երկրների հովանու ներքո անցկացվող բանակցություններում Հայաստանի մասնակցության հարցը պետք է վերանայել: Իշխանությունը նման հայտարարություններ անելու հարցում, իսկապես, կաշկանդված է, ճիշտ չի լինի, եթե ՀՀ իշխանության ներկայացուցիչները դա ասեն, բայց ընդդիմությունն ինչո՞վ է կաշկանդված: Եթե չեն առաջնորդվում քաղաքական նպատակահարմարությամբ, պարտավոր են հրապարակավ Հայաստանի իշխանությունից պահանջել՝ նման քաղաքականություն որդեգրել: Եվ, ի դեպ, պարտադիր չէ, որպեսզի իշխանությունն էլ հետեւի ընդդիմության այդ պահանջին ու ՌԴ հովանու ներքո բանակցություններից հրաժարվի, ամենեւին: Բայց սա քաղաքական մթնոլորտ է ապահովում, որը Հայաստանում չի ձեւավորվում, որպեսզի ՀՀ իշխանության դիրքերը մշտապես ավելի թույլ լինեն՝ դիվանագիտական ճակատում:

Ալիեւը երկու տասնամյակ հայտարարում էր՝ «ողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», որը ըստ նրա՝ «նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»: Սակայն պարզվում է, Հայաստանի քաղաքական դաշտը չպե՞տք է քաղաքակիրթ աշխարհից պահանջի հստակ դիրքորոշում արտահայտել ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի դրսեւորած ագրեսիայի վերաբերյալ… Ավելին, այն երկրները, ովքեր ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության հստակ ու սկզբունքային դիրքորոշում են արտահայտում, Հայաստանում ռուսաստանյան քարոզչամեքենայի ծառայողների կողմից ծաղրի են արժանանում: Մինչդեռ Հայաստանի քաղաքական դաշտը, առաջին հերթին, մեր ռազմավարական դաշնակցից պետք է պահանջի ու ստանա մեր պետության տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ դիրքորոշում…

Հայաստանը պարտվել է 2 տարի առաջ արցախյան պատերազմում, սակայն չպետք է պարտվի տարածաշրջանային շահերի ու խաղերի այս «պատերազմում»: Թեեւ այսօր էլ Հայաստանի շուրջ բավական բարդ ու վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակ է, այնուամենայնիվ, դրական միտումներ եւս նշմարվում են. Արեւմուտքի կողմից Հայաստանի հանդեպ բավական նկատելի հետաքրքրությունը որոշակի ազդեցություն ունեցավ: ՀՀ-ն կորցնելու վտանգը հստակ անդրադարձ ունեցավ Ռուսաստանում վերջին շաբաթներին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի դերն ու նշանակությունը որոշակիորեն աճել է եւ դեռ կարող է աճել: Անհրաժեշտ է ճշգրիտ, հաշվարկված կառավարել Հայաստանի պետականության շահը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 03.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930