Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետի որդի Օլիվեր Բոլդուին. «Երբեք մի վստահեք մեծ պետությունների խոսքերին ու խոստումներին»

Նոյեմբեր 03,2022 23:23

Այսօր տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդու` Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն եւ երկու հեղափոխություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը, որը կազմակերպել էր «Կողբ» հիմնադրամը:

Թարգմանությունը կատարել է Լեոնիդ Զիլֆուգարյանը, խմբագրել` Լեռնիկ Դալլաքյանը, իսկ նախաբանը գրել է Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Օլիվեր Բոլդուինը  Հայաստանի վարչապետ եւ ԱԳ նախարար Ալեքսանդր Խատիսյանի հրավերով 1920 թվականի աշնանը ժամանել է Հայաստան եւ փոխգնդապետի զինվորական աստիճանով ծառայության անցել Հայոց Բանակում`եռանդուն կերպով մարզելով հրետանավոր ստորաբաժանումները: Սակայն դրանից կարճ ժամանակ անց Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց քեմալա-բոլշեւիկյան ագրեսիային: 11-րդ կարմիր բանակի Երեւան մուտք գործելուց առաջ Բոլդուինը հրաժարվել է հեռանալ Երեւանից եւ 1920 թ. դեկտեմբերի 9-ին ձերբակալվել բոլշեւիկների կողմից: Անգլիացի սպան բանտից ազատվել է միայն 1921 թ. Փետրվարյան ապստամբությունից հետո եւ նույն թվականի ապրիլին ստիպված եղել լքել Հայաստանը: Սակայն այս անգամ նրան բռնազավթված Կարսում ձերբակալել եւ շուրջ կես տարի բանտարկության մեջ պահել են քեմալական թուրքերը: Օլիվեր Բոլդուինը ազատ է արձակվել միայն բրիտանական կառավարության միջամտությունից հետո:

1925 թվականին Օլիվեր Բոլդուինը գրել է. «Վեց բանտ եւ երկու հեղափոխություն,, գիրքը, որտեղ պատմում է, թե Հայաստանի վրա քեմալականների հարձակումը սկսվել է 1920 թ. սեպտեմբերի կեսերին եւ այն հրահրվել էր Ռուսաստանի կողմից: Իսկ արդեն 1928 թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության 10-րդ տարեդարձի առիթով իր ճառում Օլիվեր Բոլդուինը արտահայտել է հետեւյալ միտքը. «Երբեք մի վստահեք մեծ պետությունների խոսքերին եւ խոստումներին: Անգլիան բացարձակապես մոռացավ Հայաստանին, Անգլիան մոռացավ նույնիսկ իր նախկին ռազմիկներին: Նրանք անոթի կմեռնեն, եւ ոչ ոք չի մտածում նրանց մասին: Այսօր նրանք զոհեր են»:

Շնորհանդեսին ներկա էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան  Ջոն Գալագերը, «Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, ուղիղ տեսակապով ողջույնի խոսք ասաց Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյան, իսկ «Հայաստանում հակաբրիտանական քարոզչության կաղապարը ռուսական, սովետական, սովետահայ պատմագիտությունում եւ հետսովետական Հայաստանում» թեմայով զեկույց ունեցավ պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930