Լրահոս
Օրվա լրահոսը

Ամասիայում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել․ հոշոտում են անգամ տնային շներին

Նոյեմբեր 03,2022 22:15

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարածքում գայլերը շատացել են։

Վերջիններս մեծ վնասներ են պատճառել Շաղիկ գյուղի բնակիչներին՝ հոշոտելով 40 գլուխ անասունների։ Մեր զրուցակիցը նաև ասաց, որ «Արփի լճի ազգային պարկի» աշխատակիցները ֆիքսել են 4 կապտավուն և մեկ սև գայլերի։

«Տեղի բնակիչներն ու մեր աշխատակիցները փաստում են, որ սև գայլ մեր տարածքում երբևէ չեն տեսել։ Տվյալ ցեղատեսակը նորություն է մեր համար»,-ասաց Մուշեղ Մուրադյանը։

«Արփի լիճ ազգային պարկի» արագ արձագանքման խմբի տեսուչ Ղազարոս Ղազարյանն էլ փաստեց, որ գայլերը մեծ վնաս են հասցրել ոչ միայն Շաղիկ գյուղի, այլ շրջակա բոլոր գյուղերի բնակիչներին։

«Գայլերի տարբեր ոհմակներ են հայտնվել, շատ-շատ են։ Կապտավուն գայլերի հետ սև գայլ էլ կա։ Ըստ գրականության, բնության մեջ սև գայլեր չեն եղել, դրանք նորություն են, կան միայն Կանադայի տարածքում, սակայն խառնածին են, խաչասերման արդյունք են։ Հիմա դրանք հասել են մեր մոտ, չգիտենք Թուրքիայի տարածքից են եկել, թե Վրաստանից։

Կապտավուն գայլերը նորություն չեն մեր տարածքի համար, դրանք մարմնով, կառուցվածքով մեծ են՝ մինչև 80-90 կիլոգրամանոց գայլեր են։ Երևանի, հարակից տարածքների, Արցախի գայլերը մարմնով փոքր են, ամենամեծը մեր շրջանի գայլերն են՝ 60-50 կիլոգրամանոց են, կարելի է ասել շատ տպավորիչ են տեսքով։

Անցած տարի ոհմակում 8 հատ էին, հետո տեսա 13 հատ են, տարածքները բաժանված են իրար մեջ։ Երկու հատը միայնակ են՝ թափառող են, տարեց գայլեր են, որոնց կամ ոհմակից են վտարել , կամ իրենք են առանձնացել։ Կան 4 հատով և 7 հատով, անզեն աչքով դժվար է իրենց նկատել ու քանակ ասել։

Մեզ մոտ կան նաև թույլ արտահայտված կարմրավուն գայլեր, դրանք բարձր գոտում միշտ եղել են, միայն սև գայլն է նորություն այս տարածքում։ Սև գայլը բացառիկ է, միայն Երևանի գազանանոցում եմ տեսել, չգիտեմ որտեղից են բերել, իսկ մեր մոտ հենց բնության մեջ է հայտնվել»,- ասաց Ղազարոս Ղազարյանը։

Մեր զրուցակիցը թվարկեց գայլերի հասցրած վնասները։

«Մի շաբաթվա ընթացքում երեք հատ մոզի են կերել, դրանից մեկին հոշոտել են երեկ Գառնառիճ գյուղում։ Լուսանկարներ շատ կան մեր ձեռքի տակ։ Բնակիչները մեծ կորուստներ են ունենում, որսորդներն էլ ,բնականաբար ,Արփի լիճ ազգային պարկի տարածքում, նույնիսկ հարակից անտառներում չեն կարողանում որսալ, արգելված է։ Գայլերը շատ խելացի են, գայլ որսալու համար հատուկ գիտություն ու հատուկ միջոցներ են պետք, ամեն որսորդ չի կարողանում որսալ։ Եթե մեր պետությունը միջոցներ ձեռնարկի, լավ կլինի։Գյուղացիներին վնասներ հասցնելուց բացի, մեծ վնաս են հասցնում կենդանական աշխարհին, ոչնչացնում են նապաստակներին, եղնիկներին, վարազներին,անգամ տնային շներին։

Ձմռանը, երբ դրսում արդեն կենդանիներ չկան, հոշոտում են տնային շներին, մարդիկ չեն կարողանում իրենց բակերում գելխեղդ շներ պահել, որովհետև 2-3 շուն անզոր են ոհմակի դեմ, իրենք շատ ուժեղ են ու համախմբված են գործում։

Խորհրդային Միության տարածքում օրենքը համընդհանուր էր․ բոլոր երկրների սահմաններում գործում էր՝ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, հիմա Վրաստանում գայլերի որսն արգելված է, Հայաստանում թույլատրվում է։ Վրաստանից միգրացիայով կենդանիները գալիս են Հայաստան, իսկ մեր մոտ, արդեն ասացի, որ չեն կարողանում արդյունավետ որսալ, ճիշտ է՝ որսորդներ կան մեր հանրապետությունում, բայց գայլ որսալը հեշտ չէ։

Կենդանական աշխարհը լրիվ ոչնչանում է գայլերի պատճառով, իրոք ափսոս է։ Մի ժամանակ, երբ Շաղիկի ու Գառնառիճի տարածքով մեքենայով գնում էիր, միշտ տեսնում էիր մեծ թվով նապաստակների։ Դրանք նույնիսկ մարդկանց հայաթներն էին մտնում՝ բոստանների գազարներն էին ուտում, բայց հիմա շատ են քչացել նապաստակները․ գայլերի ոհմակը շատացել է, գայլերը իրենց ձագերին հանել են որսի, կերակրում են, կերի բազա չունեն։

Գայլը խելացի կենդանի է, եթե կերի բազա չունի, իր անվտանգությունը վտանգելով՝ մոտենում է մարդուն, մարդու ունեցվածքին։ Եթե իրենք կերի բազա ունենան, մարդիկ հաստատ իրենց չեն տեսնի»,-ասաց մեր զրուցակիցը

Վերջինս մեկ անգամ ևս ասում է՝ եթե միջոցներ ձեռնարկեն, շատ լավ կլինի, այլապես թույլ, չպաշտպանված կենդանիները գայլերի պատճառով տարածքից վերանում են։

Ըստ մեր զրուցակցի, Ամասիայի տարածքում գայլերից ավելի մեծ գլխացավանք դարձել են շնագայլերը, սկսել են արագ բազմանալ ու բնությանն ավելի մեծ վնաս տալ, քան գայլերը։

«Դրանք բնորոշ էին միայն Արմավիրի մարզին, ավելի ցածրադիր գոտիներում էին բնակվում, հիմա եկել են մեր մոտ։ Հիմա, եթե մեր պետությունը միջոցներ չձեռնարկի, մեր կենդանական աշխարհին շատ մեծ վնաս կհասցվի, եթե չասենք նաև գյուղացիներին։ Կստացվի, որ մեր ազգային պարկում ու հարակից տարածքում կմնան միայն գիշատիչները»,- նախազգուշացնում է Ղազարոս Ղազարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930