Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ենք որոշում՝ երկիրը ո՞ւր եւ ինչպե՞ս է գնում». Արտակ Ապիտոնյանը՝ «Ապագա հայկականի» առաքելության մասին

Նոյեմբեր 03,2022 21:07

«Նպատակը ոչ թե պատրաստի լուծումներ բերել եւ ինչ-որ մարդկանց համոզել, որ սա ճիշտ է, սա՝ սխալ է, այլ, հակառակը, փորձել, որպեսզի մարդիկ իրենք՝ համատեղ ջանքերով, գտնեն այդ լուծումներ եւ այդ լուծումների իրականացման մեջ մասնակցություն ունենան»,-նոյեմբերի 2-ին, «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի եւ հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ պատասխանելով ներկաների հարցերին:

Նա ընդգծեց, որ այս սխեմայում քաղաքացու մասնակցությունը՝ թե որոշումների կայացման, թե իրականացման գործընթացում, մեծ է լինելու: Արտակ Ապիտոնյանը հորդորեց մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ առավել ակտիվ լինել, ներգրավվել այս հարթակում:

Արտակ Ապիտոնյանը նաեւ մանրամասնեց, որ մարտի 10-12-ը կայանալիք «Ապագա հայկականը» համաժողովը լինելու է քաղաքացիական հարթակ, որտեղ քննարկումներ են լինելու եւ որոշումներ են կայացվելու: Փորձագետներն այդ համաժողովում խորհրդատվական դերակատարում են ունենալու:

Նախաձեռնության հիմնական թեզերից մեկի՝ միասնականության վերաբերյալ հնչած հարցին՝ միասնականություն՝ ինչի՞ շուրջ՝ Արցախի հարցի՞, տնտեսական զարգացմա՞ն, թե՞ այլ, Արտակ Ապիտոնյանը պատասխանեց. «Պետք է միավորվել ոչ թե ի վերուստ մեկի հռչակած գաղափարի շուրջ, պետք է միավորվել գաղափարներ եւ նպատակներ ձեւավորելու շուրջ: Եթե մենք փորձում ենք մեկին գտնել, որը ավելի խելոք է, ավելի լավն է, մեկն, ընդհանրապես, փրկիչ է, լուծումներ չենք գտնելու: Մենք, որպես հանրություն, պետք է միասին մշակենք մեր նպատակները. հասկանանք՝ ո՞ւր ենք ուզում գնալ, որպես հանրություն, որո՞նք են մեր թիրախները եւ ինչպե՞ս ենք հասնելու այդ թիրախներին: Երբ որ մենք դա կմշակենք, գոնե մեր մտքի մեջ կձեւավորենք, ցանկացած անձ, ով որ ընտրվի ղեկավար պաշտոնին, ով որ հավակնի քաղաքական գործունեության, հասարակական գործունեության, որոշ չափով կաշկանդված է լինելու մեր այդ որոշման մեջ. սա շատ կարեւոր է, սա շատ կարեւոր ըմբռնում է քաղաքացիական հասարակության համար: Մենք ենք որոշում՝ երկիրը ո՞ւր եւ ինչպե՞ս է գնում, երբ մենք որոշենք, դա ամենակարեւոր քայլն է մեզ համար՝ միասնականության ձեւավորման առումով: Նպատակն էլ մենք պետք է որոշենք, ոչ թե ինչ-որ մեկը թելադրի: Փորձենք հասկանալ միմյանց եւ առաջինը՝ միասին քննարկենք»:

Արտակ Ապիտոնյանը մանրամասնեց, որ նախաձեռնության հռչակած 15 նպատակները բոլորն էլ լավն են, բայց դրանց պետք է միս եւ արյուն տալ: Օրինակ, ցանկանում ենք լավագույն կրթություն. բայց ինչի՞ համար ենք ուզում լավագույն կրթություն, ինչպե՞ս պետք է դրան հասնել՝ այս բոլորը պետք է մշակել: Կամ՝ հայտարարում ենք, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է միասին լինեն. ինչի՞ համար պետք է միասին լինեն եւ ինչպե՞ս, այս հարցերի պատասխանները պետք է տալ: Արտակ Ապիտոնյանը նաեւ նկատեց, որ իրականում մեզ շատ ավելի շատ բան միավորում է, քան տարբերում եւ նպատակները հաճախ նույնն են, պարզապես դրանց հասնելու տեսլականներն են տարբեր ու այստեղ է, որ ընդհանրացումներ են անհրաժեշտ ու անգամ, եթե կարծիքները տարբեր են, պետք է սովորենք հարգել եւ լսել միմյանց՝ գտնել ընդհանրական ճանապարհը:

Բանախոսը կարեւորում է ընդհանուր նպատակի ձեւավորումը եւ դրա վրա համակարգումը, ինչին պետք է հասնենք բոլորով:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930