Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է նախադաշտանային համախտանիշը և ինչպես հաղթահարել այն․ պարզաբանում է բժիշկ-ներզատաբանը

Նոյեմբեր 03,2022 22:00

Մոլորակի կանանց գերակշռող մեծամասնությանը ծանոթ է ամենամսյա տարօրինակ ախտանշանների այն համակցությունը, որի ի հայտ գալուն պես առնվազն աշխարհից կտրվելու ու մեկ գավաթ տաք շոկոլադով անվերջ սերիալներ նայելու ցանկություն է առաջանում։

Գիտական համայնքն ախտանշանների այդ համակցությունը նախադաշտանային համախտանիշ է կոչում, որի պատճառները դեռ այնքան էլ պարզ չեն, սակայն կան որոշակի պատճառահետևանքային կապեր ու վիճակի թեթևացմանն ուղղված միջոցառումներ, որոնց շուրջ զրուցել ենք բժիշկ-ներզատաբան Մարիամ Հայրապետյանի հետ։

  • Ինչ է նախադաշտանային համախտանիշը

Նախադաշտանային համախտանիշը հոգեբանական, վարքային ու ֆիզիկական ախտանշանների համակցում է, որը զարգանում է դաշտանային ցիկլի երկրորդ փուլում և անհետանում է դաշտանային ցիկլը սկսելուն պես կամ մի քանի օր անց։ Համախտանիշը կնոջ մոտ դրսևորվում է Ֆիզիկական հետևյալ ախտանշաններով՝  հոգնածություն, կրծքագեղձերի ցավ, կոշտացում, այտուցներ, գլխացավ, ցավեր մարմնի տարբեր հատվածներում, ախորժակի բարձրացում, հակում քաղցրի նկատմամբ, քաշի ավելացում, կամ հակառակը՝ անորեքսիա։

Շատ հաճախ հանդիպում են էմոցիոնալ վարքային փոփոխություններ, կինը դառնում է ավելի դյուրագրգիռ, նյարդային, ունենում է տրամադրության կտրուկ տատանումներ, ընդհուպ մինչև դեպրեսիա, կենտրոնացման դժվարություն, անքնություն կամ քնկոտություն, երբեմն կանայք հրաժարվում են իրենց առօրյա գործունեությունից։ Այս ախտանշաններից որոշները տարբեր տարիքային խմբերում ավելի արտահայտված են լինում, մասնավորապես 40-ից բարձր կանանց մոտ նկատվում է զարկերակային ճնշման բարձրացում և այլն։

Այս կլինիկական երևույթները տևում են մի քանի օրից մինչև երկու շաբաթ։ Կանանց մոտ 80 տոկոսը տառապում է նախադաշտանային համախտանիշի թեթև ձևերով։ 10-30 տոկոսը՝ միջին ծանրության, 1-8 տոկոսը ունենում են ծանր, դիսֆորիկ խանգարումներ։ Նախադաշտանային համախտանիշին ավելի հակված են այն կանայք, որոնք ծխում են, ունեն ճարպակալում, ուղեկցող դեպրեսիոն-տագնապային խանգարումներ։ Հիվանդության զարգացման հստակ էթիոլոգիա ու պաթոգենեզ չկա, սակայն կան որոշակի տեսություններ հիվանդության զարգացման մասին։

  • Որոնք են նախադաշտանային համախտանիշի պատճառները

Ինչպես գիտենք, դաշտանային ցիկլը տեղի է ունենում 2 փուլով, երկրորդ՝ լյուտեինային փուլում տեղի է ունենում պրոգեստերոն հորմոնի քանակի բարձրացում, որի մակարդակը մինչև դաշտանային ցիկլի սկսվելը աստիճանաբար նվազում է։ Այն կանանց մոտ, որոնք տառապում են նախադաշտանային համախտանիշով, դիտվում է պրոգեստերոնի մակարդակի բարձրացում, այնուհետև կտրուկ իջեցում մենստրուալ ցիկլից 3 օր առաջ։ Նախադաշտանային համախտանիշ ունեցող կանանց մոտ հայտնաբերվել են կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարումներ։ Ըստ որոշ հետազոտությունների, այս համախտանիշը դիտվում է այն կանանց մոտ, որոնց արյան մեջ կալցիումի, մագնեզիումի, վիտամին D-ի մակարդակը ցածր է։

  • Ինչպես է ախտորոշվում նախադաշտանային համախտանիշը

Շատ հաճախ կանայք այցելում են գինեկոլոգին արդեն իրենք իրենց ախտորոշած։ Ախտորոշելու համար առնվազն պետք է լինեն վերոնշյալ կլինիկական ախտանշանները՝ առնվազն 2 դաշտանային ցիկլի ընթացքում։ Շատ կարևոր է կատարել վահանաձև գեղձի հորմոնների որոշում, քանի որ շատ հաճախ վահանաձև գեղձի պաթոլոգիայի ժամանակ կարող են դրսևորվել նույն ախտանշանները։ Պետք է բացառել ուղեկցող հիվանդությունների, օրինակ՝ միգրենի, ասթմայի, գրգռված աղու համախտանիշը, ալերգիայի, աուտոիմուն հիվանդությունների առկայությունը, որոնք կարող են վատացնել ինքնազգացողությունը նախադաշտանային շրջանում։

  • Նախադաշտանային համախտանիշի բուժումը

Բուժումը լինում է ինչպես ոչ դեղորայքային, այնպես էլ դեղորայքային։ Եթե հիվանդությունն ընթանում է թեթև, ախտանշանները կարճատև են կամ հիվանդը պարզապես հրաժարվում է դեղորայք ընդունելուց, խորհուրդ է տրվում առաջին հերթին ապրելաձևի փոփոխություն․ նախ ավելացնել ֆիզիկական վարժությունները՝ օրական կես ժամի չափով, նպաստավոր են քայլելը, հեծանվավազքը, կարգավորել քնի ու հանգստի ռեժիմը, զերծ մնալ սթրեսային վիճակներից և փոխել սնվելու ձևը՝ նախապատվությունը տալով մրգերին ու բանջարեղենին, սահմանափակել կերակրի աղի օգտագործումը։ Նաև խորհուրդ է տրվում սննդակարգը հարստացնել հետևյալ մթերքներով՝ ընկույզ, սպանախ, սաղմոն, լոբի, դառը շոկոլադ, բանան, գետնանուշ և այլն։

Եթե առավել արտահայտված են հոգեբանական ախտանշանները, կարելի է դիմել հոգեբանի, նյարդաբանի։ Թեթև ձեւերի ժամանակ խորհուրդ է տրվում օրգանիզմում կալցիումի, մագնեզիումի, D և B 6 վիտամինների մակարդակների որոշում ու շտկում՝ ըստ անհրաժեշտության, իսկ միջին և ծանր դրսևորումների դեպքում բժշկի կողմից նշանակվում է դեղորայք․ մեծ արդյունավետություն ունեն կոմբինացված պեր oրալ հակաբեղմնավորիչները, իսկ ծանր նյարդային դրսևորումների դեպքում՝ հակադեպրեսանտները։

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930