Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
Նոյեմբերի 3-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կայացած նիստի ընթացքում Մնացական Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը միջնորդություն ներկայացրեց վարույթը կարճել կամ ավարտել գործի քննությունը՝ մերժելով միջնորդությունը։ Նա ասաց․ «Ըստ ՀՀ դատական օրենսգրքի՝ ժամկետը սպառվել է, ուստի Բարձրագույն դատական խորհուրդն այլևս իրավասու չէ պարոն Մարտիրոսյանի մասով այս գործընթացն իրականացնել։ Ուստի միջնորդում եմ, որ վարույթը կարճվի և/կամ մերժվի»։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱՆ-ն Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն էր ներկայացրել։ Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է դարձել Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի մայիսի 18-ի վճիռը։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանն առարկեց՝ նշելով, որ օրենքով սահմանված է նաև ժամկետի երկարացում՝ հատուկ դեպքերում ու նշեց․ «Իրավակարգավորմամբ չի կարող արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը կարճվել։ Կարող է քննության առնվել, մերժվել»։
Կարդացեք նաև
Գնել Մուղնեցյանը նաև հավելեց․ «Ես ակնկալում էի, որ այս նիստը չպետք է կայանա, մենք որոշում կստանայինք վարույթի ավարտի վերաբերյալ»։
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վերադառնալով ԲԴԽ-ն Մնացական մարտիրոսյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարելու որոշում կայացրեց․ «ԲԴԽ-ն որոշեց ԱՆ միջնորդությունը՝ Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թողնել առանց քննության՝ ԲԴԽ-ում հարցի քննության՝ օրենքով սահմանված ժամկետի՝ ավարտված լինելու հիմքով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ